Արցախի ՄԻՊ–ը հանդիպել է Քարվաճառում հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի և դասադուլ անող դպրոցականների հետ

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունվարի 30-ին այցելել է Քարվաճառ՝ հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի և տեղի դպրոցականների հետ քննարկելու իրենց հուզող հարցերը: Այս մասին տեղեկացրել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Ըստ այդմ՝ պաշտպանը երեխաների հետ հանդիպմանը լսել է նրանց մտահոգությունները և առաջարկները շրջանի բնապահպանական և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերյալ: Անմիջական ու փոխհարգանքի մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ա.Բեգլարյանը կարևորել է աշակերտների քաղաքացիական ակտիվ կեցվածքը՝ հորդորելով շարունակաբար նախաձեռնող լինել համայնքի ու հայրենիքի խնդիրների լուծման հարցում: Նա շեշտադրել է, որ հասարակությունն ու պետությունը պետք է այնքան ներառական լինեն, որ հնարավոր դառնա նաև երեխաների գործուն մասնակցությունը, իրենց տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան, հանրային խնդիրների քննարկման ու կարգավորման գործընթացներում:

Անդրադառնալով հայտարարված դասադուլին՝ պաշտպանն ընդգծել է, որ նախընտրելի չէ հատկապես երեխաների կողմից իրենց մեկ իրավունքի հաշվին մյուս իրավունքի իրացման համար պայքարելը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է կրթության իրավունքի սահմանափակմանը: Քննարկելով համայնքային հիմնախնդիրների վերհանման ու լուծման գործում երեխաների ակտիվ մասնակցության հնարավոր մեխանիզմներն ու ձևաչափերը՝ Ա. Բեգլարյանը որոշ խորհուրդներ է տվել աշակերտներին այդ ուղղությամբ՝ կոչ անելով հրաժարվել դասադուլի մեթոդից և քաղաքացիական ակտիվությունը դրսևորել արտադպրոցական գործողություններով ու երկարաժամկետ պատասխանատվությամբ: Պաշտպանը խոստացել է աջակցել աշակերտներին հասարակական գործունեության ծավալման հարցում՝ համոզմունք հայտնելով, որ նրանց դրական մեծ էներգիան կապահովի նույնքան դրական ու շոշափելի ծրագրերի իրականացում իրենց համայնքի համար: