ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ հունվարի 28-30-ն առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ Ժնևում: Հանդիպումների ավարտին նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և նախարարները քննարկել են հետևյալ օրակարգային հարցերը՝ 2019-ին քննարկված առաջարկների և համաձայնագրերի իրագործումը և բնակչությանը խաղաղության պատրաստելուն ուղղված հաջորդ հնարավոր քայլերը, ապագա կարգավորման հիմքում ընկած տարրերը և սկզբունքները, կարգավորման գործընթացի առաջխաղացման օրակարգն ու ժամկետները:

Համանախագահները վերահաստատել են իրենց լիակատար հավատարմությունը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար կողմերին օգնելու հարցում, ինչպես նաև կարգավորման գործընթացում գաղտնիության սկզբունքին և արդար և երկարատև խաղաղության հաստատելու համար փոխզիջումային և ստեղծագործ ոգուն:

Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո»: