Թրամփի և Իսրայելի «դարի գործարքը» «դարի խայտառակությունն է»

Այն, ինչ հունվարի 28-ին նախաձեռնել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն, աշխարհին բացահայտել է ճշմարտությունն այն մասին, թե ամերիկացիներին ու իսրայելացիներին ինչու էր պետք «վերակենդանացնել» «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Սիրիայում և Իրաքում: Դա նաև բացատրում է, թե ինչու էր ԱՄՆ-ը տարեսկզբից ձևավորել և ուժեղացրել հակաիրանական հիստերիան: «Դարաշրջանի նոր գործարքի» մասին հայտարարությունը, որը ենթադրաբար խաղաղություն է բերելու Մերձավոր Արևելքին, խաբեություն է: Խաբեությունն ուղղված է համաշխարհային հանրության և, իհարկե, պաղեստինյան արաբների ապակողմնորոշմանը: «Դարի գործարքի» էությունը Արևելյան Երուսաղեմի օկուպացման վերջնական լեգիտիմացումն է, բնականաբար, արաբներից Երուսաղեմում նրանց սեփականության իրավունքի օտարմամբ: Փոխարենը` անպիտան հողի կտորներ, և փող, իհարկե: Այն խոստումով, որ, իբր, հիմա էլ կստեղծեն Պաղեստինյան պետություն…

Սիոնիստների ​​երազանքն իրականանում է. նրանք շատ լավ հասկանում են, որ քրիստոնյա արաբներն ու մահմեդական արաբները չեն հրաժարվի իրենց սրբավայրերի վերահսկողությունից: Այո, նաև քրիստոնյա արաբները: Դեռևս հեռավոր 1948-ին ոչ թե մահմեդականները, առաջինը հենց քրիստոնյա արաբներն էին դեմ են եղել Իսրայել պետության ստեղծմանը: Հենց քրիստոնյա արաբները երկար տասնամյակներ առաջնորդում էին սիոնիստների դեմ պայքարը: Այսպիսով, ինչի՞ն են հույս դնում սիոնիստներն ու Թրամփը: Այդ մասին վաղուց են ասել և պաղեստինցիները, և Իրանի ղեկավարությունը: Իմանալով, որ մերժում են ստանալու պաղեստինցիների կողմից, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը մեղադրելու են պաղեստինցիներին «խաղաղության համաձայնագիրը» մերժելու մեջ և ամբողջովին ոչնչացնելու են Պաղեստինի ինքնավարությունը: 2017-ի փետրվարին անձամբ մասնակցել եմ Թեհրանում անցկացվող միջազգային մեծ կոնֆերանսին՝ պաղեստինյան խնդրի և «Ինտիֆադա»-ին (խաղաղ ապստամբություն) օժանդակելու հարցի վերաբերյալ։ Իրավունք ունեմ վկայելու. արդեն 2017թ․ փետրվարին Իրանի իշխանությունները և պաղեստինյան կազմակերպությունները աշխարհին նախազգուշացնում էին, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը Մերձավոր Արևելքում նոր պատերազմի հող են նախապատրաստում:

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է սկսվելու հիմա: Ի դեպ, երբ վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց է կատարել Պաղեստին և Իսրայել, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն արդեն նախազգուշացրել է Ռուսաստանի ղեկավարին. Միացյալ Նահանգները խոշոր սադրանք է նախապատրաստում տարածաշրջանում: Արդեն հունվարի 28-ին խոսեցին նաև մուսուլմանական պետությունները: Եկեք առանձնացնենք դրանցից երկուսի արձագանքը: Այս անգամ Թուրքիան ևս խստորեն քննադատել է Թրամփի «դարի գործարքը»: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Մենք այս նախաձեռնությունը երբեք բարենպաստ չենք համարի… Մենք հայտարարել ենք. «Պաղեստինի հողերը վաճառքի համար չեն»: «Սա մեր դիրքորոշումն է»,- մասնավորապես, մեջբերում է «Hurriet» թերթը Թուրքիայի առաջնորդի խոսքերը: Իրանն արձագանքել է ավելի կոշտ: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «Թրամփի, այսպես կոչված, «խաղաղության տեսլականը» պարզապես սնանկացած կառուցապատողի երազանքի նախագիծ է, դա լուսնոտություն և աղետ է»: Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Արդաշիր Լարիջանին շեշտել է. «Վաշինգտոնի ծրագրերը՝ մուսուլմանների միջև տարաձայնություններ տարածելը, և «Դարի գործարքը» կապված է մուսուլմանների միջև միասնության բացակայության հետ: Հետևելով ԱՄՆ միջոցառումներին, հասկանալի է դառնում, որ նրանք այս «դարի խարդախությամբ» մշակել են մուսուլմաններին նվաստացնելու ավելի մեծ՝ մասշտաբային ծրագիր»: Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեին դիմել է բոլոր հավատացյալներին. «Մահմեդականները պետք է «դարի գործարքին» դիմադրեն հավատքով և համառությամբ: Պաղեստինի հարցը մուսուլմանների համար գերակա առաջնահերթություններից մեկն է: «Դարի գործարք» դավադրությունը, որը ստեղծվել է Միացյալ Նահանգների և նրա խամաճիկների կողմից, հանցագործություն է մարդկության դեմ»: Իրանի Գերագույն առաջնորդը մուսուլմաններին հրավիրել է ակտիվ մասնակցություն ունենալ թշնամու դեմ պայքարում և ասել, որ «Դարի գործարքը» դատապարտված է ձախողման:

Թրամփն ու Նեթանյահուն, որոնց լուրջ խնդիրներ են սպասում իրենց երկրներում, հունվարի 28-ին աշխարհն ավելի մոտեցրին համընդհանուր աղետին:

Սերգեյ Շաքարյանց