ԱԱԾ-ը թիրախավորել են, որպեսզի այդ կառույցը վերացնեն ու չեզոքացնեն ազգային անվտանգությանն սպառնացող ծրագրերի հնարավոր խոչընդոտները

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվացել են տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնց գործունեությունն ունի հստակ քաղաքական ուղղվածություն։ Դրանք գոյություն ունեն արտաքին մեծածավալ ֆինանսավորման շնորհիվ` հիմնականում արևմտյան երկրներից եկող: Նրանք պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով ներքին և արտաքին քաղաքականության առանցքային հարցերի վերաբերյալ, մասնակցում ընտրական գործընթացներին՝ որպես քաղաքական ուժերի դիտորդներ և վստահված անձինք, և հասարակական գործողություններ են իրականացնում նախկին իշխանությունների, նույնիսկ առանձին պետական մարմինների ներկայացուցիչների դեմ:

«Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետների հավաստմամբ՝ այդ ՀԿ-ների գործունեությունը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին: Փորձագետները նշում են, որ դրանք հստակ հարձակումներ են իրականացնում ԱԱԾ նկատմամբ, քարոզում են հայկական ավանդական արժեքների համար վնասակար նախաձեռնություններ, դեռևս անորոշ նպատակներով գործունեություն ծավալում Արցախում և աշխատանքներ տանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դեմ:

«Այս պահի դրությամբ առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ մի շարք արևմտամետ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ակտիվորեն ինտեգրվում են Հայաստանի կառավարման համակարգ, որտեղ նրանք արդեն կարող են օգտագործել վարչական ռեսուրսը իրենց գաղափարներն առաջ տանելու համար»,- հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:
Նա հիշեցրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի գործունեությունը։ Այդ պաշտոնյան նախկինում ղեկավարում էր կրթական խնդիրներով զբաղվող մի հասարակական կազմակերպություն, որը վերջին երկու տարում միայն Սորոսի հիմնադրամից ստացել է մոտ 200 հազար դոլար դրամաշնորհ: Բացառություն չէ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որը ղեկավարում էր «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն և «Սորոսի» հիմնադրամից վերջին երկու տարվաում ստացել է 210 հազար ԱՄՆ դոլար:

«Այսքանով, սակայն, չի ավարտվում ներկայիս իշխանությունների շարքում արևմտամետ ակտիվիստների մասնակցությունը: Հիշենք, օրինակ, թե ինչպես բոլորովին վերջերս Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց Ստյոպա Սաֆարյանը: Այս իմաստով այնքան էլ պարզ չեն Հայաստանի ներկայիս իշխանությունների մտադրությունները, բայց նրանք ավելի ու ավելի են տեղ և լծակներ տալիս ապակառուցողական արևմտամետ հասարակական կազմակերպություններին` որոշելու երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմքերը: Նախորդ իշխանությունների օրոք իրավիճակը ավելի լավ չէր, բայց այժմ այն արդեն կրիտիկական է»,- շեշտեց Ղուկասյանը:

Այս ՀԿ-ները հիմնականում թիրախավորել են ավանդական արժեքները: 2019 թվականի ապրիլին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ընթացքում առաջին անգամ մի շարք պատգամավորների աջակցությամբ բարձր ամբիոնից ելույթ ունեցավ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը և տիրաժավորեց այն միտքը, թե տրանսգենդերայնությունը նորմալ երևույթ է, որը կարելի է շատ դրական ձևով քննարկել, այդ թվում և խորհրդարանում:

Ավելի ուշ պարզվեց, որ Մարտիրոսյանը «Right SIDE» հասարակական կազմակերպության ղեկավարն է, որը ֆինանսավորվում է այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Սորոսի հիմնադրամը, գերմանական հասարակական կազմակերպությունների «Transgender Europe» (TGEU) ցանցը և Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամը: Իսկ հանրության շրջանում բարձրացած քննադատության ալիքը Մարտիրոսյանն ու նրան աջակցող պատգամավորների կորպուսը օգտագործեցին Արևմուտքում «հետապնդումների զոհ» հանդես գալու համար, ինչը հետագայում իրենց հավելյալ աջակցություն ստանալու հիմք է:

Արման Ղուկասյանը հիշեցրեց ևս մեկ աղմկահարույց պատմություն, որի ականատեսն ենք եղել անցած տարի, երբ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը թողարկեց 3-6 տարեկան երեխաների համար «Իմ մարմինն անձնական է» գրքույկը (3 հազար օրինակ տպաքանակով): Դրանում երեխաներին առաջարկվել է գունավորել մարդու մարմնի տարբեր մասեր և բարձրացնել իրենց մարմնի սահմանների հարցը, թույլ չտալ, որ անգամ ծնողները հատեն այդ սահմանը։

«Այս նախաձեռնությանն աջակցել են « Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրապարակված գրքույկում ինքը որևէ բացասական բան չի տեսնում»,- հիշեցրեց Ղուկասյանը, ինչպես նաև մատնանշեց այն փաստը, որ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը» գործում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, որը ստանում է իր ֆինանսավորումը բացառապես արևմտյան աղբյուրներից՝ ներառյալ Սորոսի հիմնադրամը և ֆեմինիստական տարբեր կազմակերպություններ:

Բանախոսը հիշեցրեց նաև, որ 2019 թվականի սեպտեմբերին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները հրաժարվել են քննարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջ քաշված օրինագիծը, որը սահմանափակում է անչափահասների շրջանում միասեռականության քարոզը: Նրանք անդրադարձան այն փաստին, որ գործող օրենսդրությունն արդեն իսկ համարժեք կերպով պաշտպանում է երեխաներին այս սպառնալիքից:

«Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ գործադիր և օրենսդիր իշխանությունների շատ ներկայացուցիչներ պնդում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, արդյոք գործող օրենսդրությունը չի՞ պաշտպանում կանանց շահերը, ինչպես նույն օրենսդրությունը, իրենց իսկ խոսքով, պաշտպանում է երեխաների իրավունքները: Չնայած հայ հասարակության զգալի մասի բացասական արձագանքին՝ Եվրոպայի խորհուրդը, այս միջազգային կազմակերպության ներքո գտնվող Վենետիկի հանձնաժողովը, Հայաստանի մի շարք արևմտամետ կառույցներ համառորեն շարունակում են պնդել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը: Եվ այս հարցը ցանկացած պահի կարող է վերադառնալ օրակարգ»,- եզրափակեց Արման Ղուկասյանը:

Իր հերթին, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ, «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանը ուշադրություն հրավիրեց այս հասարակական կազմակերպությունների աշխարհաքաղաքական օրակարգին:
Նա շեշտեց, որ ակնհայտ է՝ այսպես կոչված «հինգերորդ շարասյան» շատ ներկայացուցիչներ Հայաստանում այսօր ոչ միայն ազատորեն իրականացնում են իրենց քաղաքական նախաձեռնությունները, այլև ակտիվորեն ներգրավված են օրինագծերի և ազգային նշանակության այլ փաստաթղթերի մշակման գործընթացում: Վառ օրինակ է «Իրազեկ քաղաքացիների միություն» հասարակական կազմակերպությունը։

«Թավշյա հեղափոխությունից հետո դրա ղեկավար Դանիել Իոաննիսյանը ղեկավարում էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովը: Իոաննիսյանի կազմակերպությունը գումար է ստացել՝ ՀՀ կառավարությունից դիտորդական առաքելություն իրականացնելու 2019-ին ՏԻՄ ընտրություններին և 2020 թվականի մարտին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին: Կառավարության որոշմամբ ՝ Իոաննիսյանը վերջերս դարձավ Հանրային խորհրդի անդամ: Այս բոլոր փաստերը վկայում են այս գործչի նկատմամբ իշխանությունների հատուկ վստահության մասին: Երկար տարիներ Իոաննիսյանի կազմակերպությունը դրամաշնորհներ էր ստանում Սորոսի հիմնադրամից, NED-ից և Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից: 2019 թվականին Իոաննիսյանը Սորոսի հիմնադրամից ստացել է 137,5 հազար դոլար, իսկ Ամերիկյան ժողովրդավարության աջակցության հիմնադրամից՝ 145 հազար դոլար»,- ասաց նա:

Ըստ Կոստանյանի՝ արևմտյան հիմնադրամների աջակցությամբ «Իրազեկ քաղաքացիների միության» նախագծերը հստակ հակառուսական ուղղվածություն ունեն: Այս նախագծերի շրջանակներում շեշտը դրվում է սոցիալ-տնտեսական և անվտանգության ոլորտներում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության բացասական հետևանքների հայտնաբերման վրա, ինչպես նաև տարածելու այն գաղափարը, թե Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ չի ապահովում մեր երկրի հիմնարար շահերի իրացումը, այլ հակառակը՝ հանգեցնում է Հայաստանի ինքնիշխանության կորստին:

Ծովինար Կոստանյանը հիշեցրեց, որ 2019 թվականի հունիսին Դանիել Իոաննիսյանը Արցախում գրանցել է իր հասարակական կազմակերպության մասնաճյուղը: Հայտնի դարձավ նաև, որ Իոաննիսյանը և համախոհները փակ հանդիպում են անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, և վերջինս նրանց է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների ընթացքի որոշ մանրամասներ։

«Հարց է ծագում՝ ի՞նչ գիծ է ունենալու Իոաննիսյանի կազմակերպությունը Արցախում, հաշվի առնելով արևմտյան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուտոպիստական հաշտեցման նախագծեր իրականացնելու շարունակական փորձերը, որոնք հիմնականում իրականացվելու են հայկական կողմի հաշվին»,- հարցադրում արեց փորձագետը:

Հայաստանի արևմտամետ ՀԿ-ների ակնառու այլ ներկայացուցիչների թվում նա հիշատակեց նաև Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցին: Ըստ նրա՝ Սաքունցը 2019-ին ստացել է Սորոսի հիմնադրամից ավելի քան 220 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեության համար, չնայած «պարզ չէ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գործունեությունը»։

«Սաքունցն ավելի շատ աչքի է ընկել Ազգային անվտանգության ծառայության դեմ հարձակումներով, և այդ գործընթացում նրան աջակցում էին և՛ Դանիել Իոաննիսյանը, և՛ «Սասնա ծռեր» կուսակցությունը, և՛ արևմտամետ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Սաքունցը նաև մեղադրել է ԱԱԾ աշխատակիցներին ապօրինի հարստացման մեջ, ապա խոսել այն մասին, թե ազգային անվտանգության համար ինչ սպառնալիք է ծառայության նախկին աշխատակիցների Ռուսաստան տեղափոխվելը: Ակնհայտ է, որ ԱԱԾ-ի վրա հարձակումները ավելի հեռուն գնացող նպատակներ են հետապնդում, այն է՝ վերացնել ծառայությունը որպես արտաքին կործանարար գործողությունների դեմ պայքարող ինստիտուտ»,- ասաց Կոստանյանը:

Հաջորդը, ում նա հիշատակեց, Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն է, ով միայն Սորոսի հիմնադրամից 2019-ին ստացել է մոտ 70 հազար դոլար: Դրամաշնորհի հիմնական նպատակը երիտասարդության գործունեության զարգացումն է Հայաստանի մարզերում: Նա կարծում է, որ դրամաշնորհն ունի ակնհայտ քաղաքական նպատակ․ պատրաստված քաղաքական ակտիվիստները կօգտագործվեն փողոցային ցույցերին մասնակցելու և այլ գործողություններ իրականացնելու համար, որոնք արտաքին ուժերը համարում են անհրաժեշտ:

«Այսպիսով, «Ժողովրդի ձայն» ակումբը ոչ միայն ցանկանում է ուշադրություն դարձնել Հայաստանում կեղծ քաղաքացիական ակտիվության վտանգավոր դրսևորումներին, այլև մեկ անգամ ևս հիշեցնում է օրենսդրական մակարդակում մեխանիզմներ ստեղծելու իրենց նախաձեռնության կյանքի կոչման անհրաժեշտությունը`վտանգների արդյունավետ կանխարգելման համար»,- հավելեցին փորձագետները: