Հաջորդ քայլը կարող է լինել հայաստանյան «բյուրեղապակյա գիշերը»

Ակնհայտորեն մենք գործ ունենք մեկ սենյակում և մեկ գրիչով գրվող սցենարային զարգացումների հետ։

  1. Փաշինյանի լայվ
  2. ՀՔԾ հարուցած գործ (հարցաքննություններ, ձերբակալություններ և այլն)
  3. «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների «մեկնարկը»
  4. Փաշինյանի մյուս լայվը
  5. Հ1-ի գեբելսյան սյուժեները
  6. Փաշինյանի մյուս գրառումը
  7. Հետո՞

Իրավաբանորեն այս ամենը սահմանադրական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարման ցցուն օրինակ է, գործադիրի կողմից իշխանության այլ ճյուղի բռնազավթման փորձ։ Բայց սա ամենավտանգավորը չէ։ Նույնիսկ կարելի է քննարկել հակառակ կողմի իրավական հակափաստարկները։

Ամենամեծ վտանգը լրիվ այլ տեղ է և այն, գուցե, անփորձության պատճառով «մատնեց» ավագանու անդամը։

Հետևելով զարգացումներին, գործող կառավարության քայլերի տրամաբանությանը, զուգահեռներ անցկացնելով համաշխարհային փորձի հետ, ցավով պետք է նկատել, որ հաջորդ քայլը կարող է լինել հայաստանյան «բյուրեղապակյա գիշերը»:

1938 թ. նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը Գերմանիայում և այդ երկրի կողմից բռնազավթված տարածքներում հարձակման ենթարկվեցին հրեաներին պատկանող խանութները, գրասենյակները: Ցուցափեղկերը, խանութները ջարդուփշուր արվեցին քաղաքացիական անձանց կողմից, իսկ ոստիկանությունն ինքնամեկուսացվեց: Սա կազմակերպված էր իշխանության կողմից և սա հետևանքն էր խելագար քարոզչության։

Մենք ևս ոստիկանության ինքնամեկուսացման թարմ օրինակ ունենք, երբ Փաշինյանի կոչով շրջափակվեցին դատարանները:

Սոցիալական ցանցերում այն արդեն սկսվել է և կազմակերպչի, ձեռագրի (գրչի) հարցը կասկած չի հարուցում։ Չի բացառվում, որ այն տարածվի նաև ռեալ կյանք։

Հայաստանյան «բյուրեղապակյա գիշերվա» ընտիր թիրախներն են ՍԴ շենքը, դռները, պատուհանները, Հրայր Թովմասյանին աջակցած անհատներն ու կազմակերպությունները, գրասենյակները, բնակարանները և այլն։

Երկրորդ փուլում թիրախ կդառնան նրանք, ովքեր կդատապարտեն առաջին փուլը, հետո նրանք՝ ովքեր լավ չողջունեցին առաջին և երկրորդ փուլը։ Ինչու ոչ։

Իսկ ինչ է լինում դրանից հետո։ Լինում է ամոթի փուլ, որը երկար է տևելու: Ամոթի և զղջման օրը երկար է ձգվելու, և վատն այն է, որ այն գալու է միայն այն ժամանակ, երբ երկիրն արդեն բավական հյուծված և մաշված կլինի «բյուրեղապակյա գիշերներով», ասֆալտին պառկեցնելով, թաթիկները կտրելով, պատերին ծեփելով, անիմաստ և ոչինչ չասող լայվերով և վիճակագրության հետ արվող վտանգավոր խաղերով:

Ու տալու ենք այն հարցերը, որը տվել են շատ ժողովուրդներ. Ինչպե՞ս թույլ տվեցինք սա, ինչպե՞ս չնկատեցինք ընթացքը, ինչո՞ւ էինք կույր։ Եվ, իհարկե, ունենալու ենք այն կորուստները, որոնք ունենում են նման ընթացք թույլ տված ժողովուրդները:

Գեղամ Նազարյան