Աշխարհը սգում է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի՝ «Սև Մամբայի» ողբերգական մահը

Լոս Անջելեսի մոտակայքում սեփական ուղղաթիռի վթարից  զոհվել է ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը։ Նա 41 տարեկան էր։

Բացի Բրայանթից, վթարի հետևանքով զոհվել է ևս 8 մարդ, որոնցից մեկն էլ եղել է Բրայանթի 13-ամյա դուստրը՝ Ջիանան։

Քոբի Բրայանթը խաղում էր հարձակվող պաշտպանի (shooting guard) դիրքում: Իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում պաշտպանել է NBA-ի ամենատիտղոսակիր թիմերից մեկի՝ «Լոս Անջելես Լեյքերսի» գույները։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) անցկացրած 20 մրցաշրջանների ընթացքում (1996-2016) Քոբի Բրայանթը գրանցել է հետևյալ տպավորիչ ցուցանիշները։

5x NBA-ի չեմպիոն (2000-2002, 2009-2010)

NBA-ի ամենաարժեքավոր խաղացող (2008)

2x NBA-ի եզրափակիչների ամենաարժեքավոր խաղացող (2009-2010)

18x NBA-ի բոլոր աստղերի խաղի մասնակից (1998, 2000-2016)

4x NBA-ի բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացող (2002, 2007, 2009, 2011)

15x NBA-ի բոլոր աստղերի հավաքական

2x NBA-ի ամենաարդյունավետ խաղացող (2006-2007)

NBA-ի սլեմ-դանք մրցույթի հաղթող (1997)

ԱՄՆ հավաքականի կազմում էլ Քոբի Բրայանթը 2008 և 2012 թվականներին դարձել է օլիմպիական չեմպիոն։

«Լեյքերսի» 8 և 24 համարների խաղաշապիկները ամրագրված են Բրայանթի անունով, այսինքն՝ այլևս ոչ մի խաղացող չի կարող կրել այդ համարի շապիկները։

Քոբի Բրայանթը NBA-ի պատմության ամենաարդյունավետ խաղացողների ցանկում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը (մինչև երեկ՝ 3-րդն էր)՝ 33 643 միավորով: Բացի դրանից, իր կարիերայի ընթացքում տիրել է 7047 անդրադարձի, կատարել է 6306 արդյունավետ փոխանցում, 1944 գնդակի խլում և 640 բլոք-շոթ։

Լեգենդար բասկետբոլիստը հայտնի էր նաև «Սև Մամբա» մականունով։

2018 թվականին Քոբի Բրայանթը Օսկարի է արժանացել է «Սիրելի բասկետբոլ» ֆիլմի համար՝ «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Ամերիկյան բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանթի վթարված ուղղաթիռի օդաչուն եղել է հայազգի Արա Զոբոյանը, որը ևս մահացել է,այս մասին գրում է CBS Los Angeles-ը:

Դժբախտ պատահարի լուրը լայն արձագանք գտավ ամբողջ աշխարհում, սոցցանցերը հեղեղված են լեգենդար բասկետբոլիստի կորուստը սգացող երկրպագուների ափսոսանքով ու ցավով լի խոսքերով։

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթել է «Լիլին»: Փարիզցիների կազմում կրկնագոլի հեղինակ  Նեյմարը գոլերը նվիրել է Քոբի Բրայանթի հիշատակին:

Հայազգի հեռուստաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է հայտնի բասկետբոլիստ Քոբի Բրայանթի և դստեր լուսանկարը: Լուսանկարին կից Քիմը գրել է.

«Սիրտս այնքան տխուր է: Ոչ ոք այլևս թող չզգա այն, ինչ զգում է նրա ընտանիքը: Դա բոլորիս վրա էլ շատ ազդել, սակայն ես չեմ կարող զգալ այն, ինչ զգում է ամուսնուն և դստերը կորցրած Վանեսան:

Պարզապես արտասվում եմ. մեծարում եմ լեգենդար մարզիկին:

Ես աղոթում եմ Բրայանթի ընտանիքի, Ալթոբելլիի ընտանիքի և բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր զոհվեցին այս աներևակայելի ողբերգության մեջ: Հանգչեք խաղաղությամբ»:

Հայկական սպորտի կարկառուն ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի մահվան կապակցությամբ:

Ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնավորապես գրել է. «Տխուր պահ է համաշխարհային սպորտի համար: Ոգեշնչող, օրինակելի և հավերժ հաղթող մեկն էիր բոլոր մարզիկների համար: Մենք կկարոտենք քեզ Կոբի»:

Հունահռոմեկան ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հիշել է Բրայանթին տեսնելու պահը` Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ: «Գիշերները՝ ժամը երեքի, չորսի կողմ, երբ արդեն չգիտեի՝ էլ ինչով զբաղվել, որ մտքերս ցրվեին, գնում էի ճաշարան, որը 24 ժամ բաց էր, ու այնտեղ շփվում տարբեր մարզիկների հետ, որոնց ճանաչում էի, կամ նոր էինք ծանոթանում…

Այդպես մի գիշեր տեսա Քոբի Բրայանթին, ինձանից մի քանի սեղան այն կողմ նստած՝ իր 2 թիմակցի հետ։ Արդեն կրկնակի Օլիմպիական չեմպիոն էր դարձել: Լեգենդար մարզիկ։ Նայում էի ու մտածում, թե քանիսը կուզեին նրա տեղը լինել… Մարզիկ, ով սպորտի պատմություն էր կերտել/կերտում, հանգիստ նստած էր, բոլոր մյուս մարզիկների պես։ Երիտասարդների համար այդ ամենը շատ ուսուցողական է»,-գրել է Ջուլֆալակյանը:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ իր Ինստագրամի էջում  լուսանկար տեղադրելով գրել է. «Հանգչիր խաղաղությամբ. Լեգենդ»: