Ոնց հաշվում եմ՝ 2018-1999=19, ոչ թե 21

Ե՞րբ եք ինձ հարցազրույց տալու, պարոն Փաշինյան, որ վերջապես ստանամ շատ հարցերի պատասխաններ

Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով: Սրանից նպատակահարմար նախաբան չէի կարող ընտրել։

Ներկայիս իշխանությունները գալով կառավարման ղեկին՝ հայտարարեցին, որ վերջ է տրվելու ամեն տեսակ անօրինականություններին, կոռուպցիային, ատելությանը, ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ հետ է վերադարձվելու, լինելու է սիրո և համերաշխության մթնոլորտ, ապրելու ենք Նոր Հայաստանում, մի խոսքով, չթվարկեմ՝ ինձանից լավ գիտեք։

Երեկ բոլորս ականատես եղանք մի դեպքի, որը մեղմ ասած՝ տհաճության, անհամերաշխության, անձնական վիրավորանք հասցնելու,  ատելության հրահրման վառ դրսևորում էր։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր նկարը մատնանշելով այն և գրելով, որ «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Ֆեյսբուքյան գրառումն արժանացավ բուռն քննադատության, որակվելով որպես պրիմիտիվության և անտակտության դրսևորում։ Գրառումը անմիջապես հեռացվում է օգտատիրոջ կողմից, ֆեյսբուքյան էջի հետ միասին։ Պարզվում է՝ նկարում մատնանշված օգտատերն ամենևին էլ Հրայր Թովմասյանի դուստրը չէ։

Սակայն սա դեռ ամենը չէ՝ Հենրիկ Հարթենյանը, որը 2018 թ․ սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ, 21 տարին նոր է բոլորել կամ դեռ չի էլ բոլորել։

Համաձայն Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին օրենքի՝ ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին 1 տարում մշտապես բնակվող, վերջին երեք տարում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ բարեխղճորեն վճարող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Վերոնշյալ օրինակներից պարզ է դառնում, որ Հենրիկ Հարթենյանը 19 տարեկանում դարձել է ավագանու անդամ, որը հակաօրինական է, օրենքն այլ բան է ասում, ատելություն է հրահրում՝ պառակտելով հասարակությանը, այստեղ բացահայտ խախտվել է մարդու արժանապատվությունն ու անձեռնմխելիությունը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը։ Սրանք դեռ ամենաչնչին փաստերն են, որ ներկայացվեցին։ Այժմ անցնենք հարցերին, որոնց համար ակնկալում եմ պատասխաններ։ Ի դեպ, հարցերս ուղղում եմ վարչապետին։

Պարոն Փաշինյան, գիտեմ, որ հիմա զբաղված եք գրիչների հավաքածու նկարելով, բայց այնուամենայնիվ հարցերս կհղեմ․

1․ Ինչո՞ւ Հենրիկ Հարթենյանը, ի տարբերություն Ձեր տղայի, չի ծառայել բանակում (եթե առողջական խնդիր կամ այլ պատճառ է առկա, կխնդրեմ հրապարակել՝ քանզի Դուք մեզ խոստացել եք, որ բոլոր անօրինականություներին վերջ են տրվելու, հատկապես կոռուպցիային, որն ըստ Ձեզ՝ արդեն արմատախիլ է արվել, հուսամ, որ այստեղ կոռուպցիոն սկանդալի ռիսկ չկա)։

Հիշեցնեմ, որ Մարդու իրավունքերի համընդհանուր հռչակագրում ասվում է օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և, առանց որևէ խտրության, օրենքի հավասար պաշպանության իրավունք ունեն:

2․Դպրոցում մաթեմատիկայից, հանրահաշվից բավական գլուխ եմ հանել, և ոնց 2018-ից հանում եմ 1999, ստացվում է 19, ոչ թե 21։ Ինչպե՞ս է ստացվում, որ Հենրիկ Հարթենյանը 19 տարեկանում դառնում է ավագանու անդամ։ Սա օրենքի բացահայտ խախտում չէ՞։

3․ Ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր շարքերում՝ «սիրո և համերաշխության» մթնոլորտում, այստեսակ անձինք կան, որոնք բացահայտ ատելություն են քարոզում, էլ չեմ խոսում մարդուն անհիմն անձնական վիրավորանք հասցնում։

4․Ինչպե՞ս եք պատրաստվում այս խնդիրներին լուծում տալ, Դուք մեզ այլ Հայաստան եք խոստացել, որի հիմքն անգամ չի երևում։

Եվ նախավերջին հարցը․

5․Ե՞րբ եք ինձ հարցազրույց տալու, որ վերջապես ստանամ շատ այլ հարցերի պատասխաններ։

Վերջապես, վերջին հարցը․

6․Կասե՞մ Ձեզ, շնորհակալություն, Փաշինյան Նիկոլ։

Հ․Գ․ բուհերում հանրահաշվի ուսուցումը պետք է պարտադիր լինի։

Լուսինե Այրապետյան