ԱՀ ազատամարտիկների միությունը պարգևատրել է զինվորական հաշմանդամներին

Այսօր՝ հունվարի 27-ին, Արցախի Հանրապետության ազատամարտիկների միության շենքում ստեփանակերտաբնակ առաջին կարգի զինվորական 76 հաշմանդամների տրամադրվել է 150 000-ական դրամ՝ նվիրված Հայոց ազգային բանակի ստեղծման և հայրենյաց պաշտպանի տոնին:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:
Նա շնորհավորել է ազատամարտիկներին և մեկ անգամ ևս կարևորել նրանց կատարած նվիրական գործը: Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ մի խումբ հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի, իսկ մի խումբ քաջարի մարտիկներ էլ կորցրել են իրենց առողջությունը՝ հանուն ներկայի: «Հանրապետությունում մենք ունենք 142 առաջին կարգի զինվորական հաշմանդամ: Նման միջոցառումներով մենք փորձում ենք ևս մեկ անգամ արժևորել յուրաքանչյուր ազատամարտիկի վաստակը: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, հարատև խաղաղություն»,- մասնավորապես ասել է Ս. Կարապետյանը:
ԱՀ ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանն իր խոսքում ասել է, որ տոնական օրերին կառույցը խրախուսում է ազատամարտիկներին՝ ուշադրության կենտրոնում պահելով նրանց:
Նա տեղեկացրել է, որ միության տարածքային միավորումները ևս հանդես են գալիս այդ նախաձեռնությամբ:
ԱՀ ազգային ժողովի պատգամավոր, «Արցախի հերոս» Ժաննա Գալստյանն իր հերթին նշել է, որ հայոց բանակը ստեղծվել է այսօր արդեն հաշմանդամ դարձած ազատամարտիկների, նրանց զոհված և կենդանի հերոս մարտական ընկերների շնորհիվ: Դիմելով ազատամարտիկներին՝ Ժ. Գալստյանն ասել է. «Ձեր ոգու արիությամբ, համոզմունքով, բարոյական նկարագրով դուք մեր ազգի հերոսներն եք: Տա Աստված, որ դուք երբեք չզգաք, որ ձեր մարտական ընկերների արյունն անտեղի է թափվել: Ցանակնում եմ խաղաղ ու հանգիստ օրեր, հավատ, հույս և ոգու կորով»:
Առաջին կարգի հաշմանդամ Արայիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը վիրավրվել է 1992 թվականին: Մի քանի տարի շարունակ եղել է սայլակի վրա. բուժում ստանալուց հետո, իր մեջ ուժ գտնելով, այժմ քայլում է հենակների օգնությամբ:
«Ես հիմա էլ պատրաստ եմ լինելու պաշտպանը մեր երկրի: Ապրիլյան պատերազմի ժամանակ մեկնել եմ առաջնագիծ և փորձել եմ ամեն կերպ ոգևորել և ոգեշնշել մեր քաջարի զինվորներին»,- ասել է Ա. Հակոբյանը և իր շնորհակալությունը հայտնել միության աշխատակիցներին՝ իրենց մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:
Գարուշ Սարգսյանն էլ, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, համոզմունք է հայտնել, որ Արցախին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում, իրենցից յուրաքանչյուրը կկանգնի զինվորի կողքին, ինչպես 2016 թվականի ապրիլին:
«Այս պարգևատրումն ինձ համար ավելի շատ բարոյական նշանակություն ունի, քան թե նյութական»,- նշել է նա: