«Ազատ հայրենիքը» և «Քաղաքացիական միացյալ դաշինքը» ընտրություններին կմասնակցեն դաշինքով

Արցախի «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը հունվարի 26-ին հրավիրած արտահերթ համաժողովում Արցախում սպասվող նախագահական ընտրություններին Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու միաձայն որոշում է կայացրել:

«Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունն ընդունել է նաև խորհրդարանական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու «Ազատ հայրենիքի» առաջարկը: Այս  մասին ֆեյսբուքյան իր էջում  գրառում է կատարել է Արայիկ Հարությունյանը:

«Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունն այսօր հրավիրած արտահերթ համաժողովում սպասվող նախագահական ընտրություններին իմ թեկնածությունը պաշտպանելու միաձայն որոշում կայացրեց: Նորաստեղծ քաղաքական ուժն ընդունել է նաեւ խորհրդարանական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու մեր առաջարկը:

«Խորին շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածության նկատմամբ դրսևորած բարձր վստահության համար:

Չեմ թաքցնի իմ ներքին համակրանքը «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը ձևավորած եւ նրանում ներգրավված երիտասարդների հանդեպ, որոնք կարճ ժամանակում աչքի ընկան իրենց բարձր ինտելեկտով, այն նպատակին ծառայեցնելու կարողությամբ եւ կազմակերպվածությամբ:

Կարծում եմ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով հանդես գալը նոր քաղաքական կերպարներ կբերի ասպարեզ՝ միաժամանակ երիտասարդության ներուժն ի սպաս դնելով Արցախի հզորացմանը եւ դրանով առավել արդյունավետ դարձնելով մեր համատեղ աշխատանքը»,- գրառման մեջ նշել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը: