Մի՛ դավաճանեք։ Ձեզ պատմությունը չի հիշելու

Հիսուս Քրիստոս, Մուհամմադ մարգարե, Հայկ Նահապետ, Ռամսես Մեծ, Մովսես, Զրահադաշտ, Բուդդա , Ալեքսանդր Մակեդոնացի, Տիգրան Մեծ, Սպարտակ, Հուլիոս Կեսար,   Չինգիզ խան, Վիլյամ Վոլոս, Հերնան Կորտեզ, Պետրոս I-ին, Նապոլեոն Բոնապարտ և այլն․․․․․․

Այս անունների կողքին և նրանց հաջորդող շատ ու շատ անուններ դեռ կարելի է թվարկել, որոնցից յուրաքանչյուրի կյանքն ու գործունեությունը շրջադարձային ազդեցություն է ունեցել ողջ մարդկության պատմության մեջ։ Մի քանի տասնյակ միլիարդի մեջ մի քանի հարյուր անուն, այդ մի քանի հարյուրի մեջ՝ ևս մոտ մեկ տասնյակ, որոնց առաջ խոնարհվում է համայն մարդկությունը։ Եվ նրանց ու միմիայն նրանց կյանքի ու գործունեության պատմությունն է, որ արտացոլում է համայն մարդկության պատմությունը։

Ամեն մի ցեղ, ժողովուրդ ու ազգ ինքն իր համար ևս ունի նման անուններ՝ վաղ անցյալից մինչ մեր օրերը, ու այս պարագայում նրանց կյանքի ու գործունեության պատմությունն է, որ ընկալվում է որպես տվյալ ցեղի, ժողովրդի ու ազգի պատմություն։ Երանի այն ազգերին ու ժողովուրդներին, ում պատմությունը կերտող անհատների կյանքն ու գործունեությունը դրոշմված է համայն մարդկության պատմության մեջ։

Այն անունները, որ թվարկեցինք ու դեռ կարելի էր թվարկել, միարժեք ընկալում չունեն մարդկանց շրջանում։ Նրանցից մի քանիսը համաշխարհային կրոնների հիմնադիր-կրողներն են (Աստծո ընտրյալներ), ոմանք համարվում են տվյալ ազգերի հիմնադիր-նախահայրերը, մի քանիսը՝ կայսրությունների տիրակալներ, մի մասը՝ բռնակալներ, մյուսները՝ ազատարարներ ու հերոսներ, ոմանք էլ՝ զորավարներ ու իրենց ազատության համար պայքարող ստրուկներ։ Էլ չենք խոսում համաշխարհային պատմության մեջ մեծ լումա ունեցող գիտնականների, գրողների, արվեստագետների և այլ բնագավառներում մեծագույն ավանդ ունեցող մարդկանց մասին։

Եվ ի՞նչ։ Մի՞թե չկան այլ կերպարներ, որոնց կարելի է նույնպես նշել վերոհիշյալ մարդկանց շարքերում։ Չէ՞ որ մարդկության պատմության ողջ ընթացքում՝ անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը, ամենաշատը խոսվել ու խոսվում է դավաճանության ու դավաճանների մասին։ Իսկ ո՞ւր են նրանց անունները։

Սակայն երբ որևէ մեկին ասես՝ նշիր պատմության մեջ դավաճանների անուններ, նշում են ընդամենը երկու կերպար՝ Սատանան և Հուդան։ Ընդ որում երկու դեպքում էլ դավաճանել են Աստծուն կամ Աստծո միածին որդուն։ Ու թերևս բնական է, որ նրանց մասին պետք է խոսվեր։

Իսկ ո՞ւր են այն մարդ-արարածները, որոնք դավաճանել են ու մնացել պատմության մեջ։

Ո՛չ, պատմությունը նրանց մաքրում է, նրանց մասին մոռանում է, որովհետև մարդ-դավաճանին մեծ, թե փոքր դավաճանության համար չի ընդունում ո՛չ դավաճանված կողմը, ո՛չ էլ այն կողմը, հանուն որի դավաճանել են, քանզի ինչպես գիտենք, եթե որևէ մեկը հանուն քեզ դավաճանել է ինչ-որ մեկին, ապա վաղ, թե ուշ կդավաճանի քեզ հանուն ուրիշի։ Դավաճանը բոլորի համար է դավաճան։ Նույնիսկ գայլերն են իրենց ոհմակից քշում դավաճաններին։ Դավաճանի խարանը անջնջելի խարան է, ու այդ խարանը մեռնում է նրա մահվան հետ։

Չխորանանք պատմական անցյալի ու մեր օրերի համեմատությունների մեջ։ Այն գործընթացները, որ տեղի են ունենում այսօր Հայաստանում, պատկերավոր ասած, նման են փոթորկի մեջ երերացող նավի։ Նավապետը, թերևս, շփոթված է, բայց նավը կայուն է ու չի կործանվի։

Մի՛ դավաճանեք։ Պատմությունը ձեզ չի՛ հիշելու։

ՀԳ․ «Մենք կախաղան ենք հանում մանր-մունր գողերին, իսկ խոշոր գողերին հանձնում ենք պետական կառավարման ղեկը»․ Եզոպոս

Ժաննա Ծառուկյան