Նախարար Արսեն Թորոսյանն անձամբ է պատասխան տալու Հայաստան նոր կորոնավիրուսի թափանցման վտանգը չնվազեցնելու համար

Նա ժամանակին զգուշացված էր…

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ նոր ու մահացու` 2019-nCoV կորոնավիրուսն ավելի ու ավելի է ձեռք բերում անձից անձին փոխանցվելու ունակություն, ուստի վարակակիրների թիվը կավելանա:

ՉԺՀ իշխանությունների հայտնած վերջին տվյալների համաձայն, երկրում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդների հաստատված դեպքերի քանակն արդեն հասել է 2744-ի, 80 հոգի մահացել է, հիվանդներից 461-ը գտնվում են ծանր վիճակում, 51-ը բուժվել ու դուրս են գրվել հիվանդանոցներից, 5794 մարդ կասկածվում է նոր կորոնավիրուսի հետևանքով հիվանդ լինելու մեջ: Բազմաթիվ վարակվածներ ու հիվանդներ կան նաև Չինաստանի սահմաններից դուրս:

Ըստ ՉԺՀ Առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավար Մա Սյաովեյի, փորձագետները մինչ այժմ դեռ չեն հաստատել վարակի աղբյուրը: Նշենք, որ այս առումով ընդամենը ենթադրություններ կան, թե այդ աղբյուրը վայրի կենդանիներն են, մասնավորապես` չղջիկները կամ օձերը: Հիվանդության ախտանշանների թվում են ջերմաստիճանի բարձրացումը, հազը, հևոցը, տենդը…

Նախկինում անհայտ կորոնավիրուսով վարակումը 2019-ի դեկտեմբերից սկսվել է Չինաստանի Հուբեյ գավառի վարչական կենտրոնից` 14 միլիոնանոց Ուհան քաղաքից, որը երկրի կենտրոնական մասի ամենախտաբնակ քաղաքն է: Անցած շուրջ մեկ ամսում նոր վիրուսը դուրս է եկել ոչ միայն քաղաքից, այլև երկրից:

Չինաստանի (Հոնկոնգը և Մակաոն` ներառյալ) սահմաններից դուրս նոր` 2019-nCoV վիրուսով վարակվածության դեպքեր են գրանցվել նաև Թայվանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թայլանդում, Սինգապուրում, Վիետնամում, Նեպալում, Մալազիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում (Տորոնտոյում) և Ֆրանսիայում: Բրիտանիայում նոր վիրուսով վարակվածությունը պարզելու համար ներկայումս հետազոտվում է առնվազն 34 մարդ, ովքեր վերջին օրերին ավիաչվերթերով ժամանել են Չինաստանից:

Ֆրանսիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի երկու դեպք: BFMTV- ի փոխանցմամբ ՝ առաջին հիվանդը բուժվում է Բորդոյում, երկրորդը ՝ Փարիզում: Ֆրանսիայի առողջապահության նախարար Ագնես Բուզենը պարզաբանել է, որ այն մարդը, ով ընդունվել է Բորդոյի հիվանդանոց, վերջերս է վերադարձել Չինաստանից, Ֆրանսիա ժամանելուն պես նա կապ է ունեցել տասնյակ մարդկանց հետ: Այս փաստին հարկ է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ այն վկայում է ստեղծված իրավիճակում աշխարհում կորոնավիրուսի տարածումը չկանխարգելելու առումով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից առկա վտանգին, դրա կանխատեսելի աճին ոչ համարժեք, թերևս, միաժամանակ խորամանկ ու հանցավոր քաղաքականության մասին: ԱՀԿ-ի հանցավոր անգործությանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության վտանգավոր ու խայտառակ դիրքորոշմանը դեռ կանդրադառնանք այս հոդվածի վերջում:

Այժմ ընդգծենք, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտնել է հիվանդության արագացված տարածման մասին և իրավիճակն անվանել է «բարդ»: Շաբաթ օրը նա հայտարարել է վտանգավոր կորոնավիրուսի տարածման տեմպը Չինաստանում արագանում է:

«Մենք կանգնած ենք ծանր իրավիճակի առջև, քանի որ նոր կորոնավիրուսի տարածումն արագանում է»,- ասել է նա:

Ուհանում հիվանդները և նոր տեսակի կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով դիմողներն այնքան շատ են (կանխատեսումների համաձայն, առաջիկայում նրանց թվաքանակն էլ ավելի է մեծանալու), որ իշխանությունները նրանց համար արագորեն հիվանդանոց են կառուցել:

Չինացի բժիշկներն արդեն հայտնել են նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին նախանշանների մասին: Ուհանի համալսարանական հիվանդանոցի մասնագետները հայտնաբերել են, որ մրսածություն կամ գրիպ հիշեցնող ախտանշաններն ի հայտ են գալիս հիվանդության արդեն ուշ փուլում, իսկ սկզբում թոքաբորբի զարգացումը կարող է լինել ոչ տիպիկ, այսինքն` ոչ սովորական, թաքնված: Բժիշկները նոր վարակվածների հետազոտության արդյունքում պարզել են, որ կորոնավիրուսի առաջին ախտանիշներից կարող են լինել լուծը, սրտխառնոցը և մարսողական համակարգի այլ խնդիրներ, գլխացավը, ինչպես նաև հազվագյուտ դեպքերում սրտխփոցը, կրծքավանդակում սեղմման, ճնշման, ծանրության զգացողությունը: Բժիշկները նշել են, որ մի շարք դեպքերում վարակվածների մոտ նկատել են միայն հիվանդության ոչ տիպիկ նշաններ և ջերմաստիճանի բարձրացման բացակայություն, դրա համար վտանգավոր վիրուսի առկայությունը հնարավոր է հաստատել միայն լրացուցիչ անալիզներից հետո:

Այնուհանդերձ, ՉԺՀ առողջապահության հարցերով պետալան կոմիտեի ղեկավար Մա Սյաովեյը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ կորոնավիրուսի բնույթի մասին քիչ բան է հայտնի, և դժվար է կանխատեսել ռիսկերը` կապված նրա մուտացիայի հետ: Նա հավելել է, որ վիրուսի ինկուբացիոն ժամանակահատվածը 1-14 օր է, բայց վարակվածները կարող են այն փոխանցել այլ մարդկանց նույնիսկ ինկուբացիոն ժամանակահատվածում, ինչը 2002-2003 թվականներին SAR դեպքերի ժամանակ չի եղել: Սա նշանակում է, որ ախտանշաններ չունեցող մարդիկ կարող են լինել հիվանդության կրողներ, այս դեպքում դրա տարածման դեմ պայքարելը շատ ավելի դժվար է:

Չինաստանի բոլոր 23 գավառներից 22-ում` 1,2 միլիարդ բնակչությամբ, հայտարարվել է արտակարգ իրավիճակների ամենաբարձր մակարդակը: Ուհանը և բազմաթիվ այլ քաղաքներ փակվել են՝ հիվանդության տարածումը կանխելու նպատակով, հայտարարված է կարանտին: Այդ քաղաքներից հնարավոր չէ դուրս գալ, ինքնաթիռների ու գնացքների չվերթները չեղարկվել են, փակ են նաև ավտոմոբիլային ճանապարհները, Սյանտաո, Չիբի և այլ քաղաքներում խիստ սահմանափակված է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Ուհանի կենտրոնական մասում երեկվանից արգելվել է սովորական տրանսպորտային միջոցների տեղաշարժը:

ՉԺՀ իշխանությունների որոշմամբ, վտանգավոր կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով, երեկվանից երկրի բոլոր գավառների միջև ավտոբուսային երթևեկությունը կասեցվել է: Չինաստանը երեկվանից ամբողջ երկրի տարածքում արգելել է նաև թռչունների, սողունների, վայրի և էկզոտիկ այլ կենդանիների ու դրանց մսի առևտուրը խանութներում, շուկաներում, ռեստորաններում և այլուր: Ըստ «Global Times»-ի տեղական հրատարակության, ավելի քան 1 միլիարդ մարդ տուժում է Չինաստանի իշխանությունների կողմից բնակչությանը նոր կորոնավիրուսից պաշտպանելու համար ձեռնարկված ուժեղացված միջոցառումներից:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտնել է, որ ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակիցները վաղվանից 230 տեղանոց ինքնաթիռով կատարվելիք հատուկ չվերթով տարհանվելու են Ուհանից: Ըստ Պետդեպարտամենտի, Ուհան-Սան Ֆրանցիսկո այս չվերթից կկարողանան օգտվել նաև Ամերիկայի այն քաղաքացիները, որոնք գտնվում են Չինաստանում և վտանգված են նոր վիրուսով վարակվելու: Հաղորդվում է նաև, որ Ուհանում ԱՄՆ-ի դեսպանությունը դադարեցնելու է իր աշխատանքները:

Ռուսաստանը դադարեցրել է ավիափոխադրումներն Ուհան: Ավելին. «Ռոստուր»-ը հունվարի 24-ին ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել ընդհանրապես Չինաստան չմեկնել՝ նոր կորոնավիրուսով վարակվելու վտանգի պատճառով: Զբոսաշրջային գործակալություններին կարգադրվել է դադարեցնել տուրերի վաճառքը: Դրանից հետո մի շարք տուրօպերատորներ հայտնել են, որ դադարեցնում են Չինաստան տուրերի վաճառքը: Օրակարգում է Չինաստանում գտնվող ռուսաստանցի զբոսաշրջիկների տարհանման խնդիրը: Տուրօպերատորներից «Ռոս- Տուր»-ը երեկվանից արդեն սկսել է իր զբոսաշրջիկներին Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Հայնան կղզուց նախանշված ժամանակից շուտ դուրս հանելը: Ինքնաթիռը Խաբարովսկից Հայնան է թռչել դատարկ և այնտեղից դուրս բերել զբոսաշրջիկների առաջին խմբին: Մինչև հունվարի 26-ը Հայնանում եղել է, ընդհանուր առմամբ, 1100 ռուսաստանցի զբոսաշրջիկ:

Ըստ «Ռոս- Տուր»-ի, նրանց դուրս հանելու նպատակով թռիչքները գործելու են ամեն օր: Նախատեսվում է, որ տուրօպերատորի բոլոր հաճախորդները մեկ շաբաթվա ընթացքում կլքեն կղզին:

«Հայնան կղզու կառավարության վարչախումբն անորոշ ժամանակով արգելել է ցանկացած էքսկուրսիա և հասարակական միջոցառում,- նշված է տուրօպերատորի հաղորդագրության մեջ:- Այս կապակցությամբ ընկերությունը որոշեց վաղաժամ հեռացնել իր զբոսաշրջիկներին Չինաստանից»:

Ռուսաստանում նոր վիրուսի ներթափանցման դեպքեր դեռ չեն արձանագրվել, սակայն, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նոր վիրուսով վարակվածության կասկածով ու ստուգման նպատակով օդանավակայանից Սանկտ Պետերբուրգի Բոտկինի հիվանդանոց է տեղափոխվել Չինաստանից ժամանած մեկ անձ: Հունվարի 25-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայի հյուսիսում գտնվող «Արտ Վոյկովսկայա» հյուրանոցից Չինաստանի յոթ քաղաքացի ՍՉՎՎ (սուր շնչառական վիրուսային վարակ) ախտորոշմամբ տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց: Նրանց մոտ նոր վիրուսով վարակվածությունը չի հաստատվել:

Նոր կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով նույն օրը Իրկուտսկում հոսպիտալացվել է Պեկինից ժամանած Չինաստանի մի քաղաքացի, որը կասկածվում է կորոնավիրուսով վարակված լինելու մեջ: Ինֆեկցիոն հիվանդանոցում հիվանդին նշանակվել է հակավիրուսային թերապիա: Յուրաքանչյուրը, ով կարող էր կապ ունենալ տվյալ հիվանդի հետ, նույնպես հետազոտվում է, ձեռնարկվել են բոլոր հակահամաճարակային միջոցառումները:

Ռուսաստանցիներին արդեն տրվել են մի քանի հանձնարարականներ ՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է «Роспотребнадзор»-ի կայքում: Մասնագետները նշված հանձնարարականներով արտերկիր մեկնողներին խորհուրդ են տալիս այնտեղ շնչադիմակներ օգտագործել` շնչառական համակարգը պաշտպանելու համար, խմել միայն շշալցված ջուր, ուտել միայն ջերմամշակված սնունդ ու պարտադիր լվանալ ձեր ձեռքերը մարդաշատ վայրեր այցելելուց հետո: Անհրաժեշտ է նաև ուղևորությունից առաջ պարզել համաճարակաբանական իրավիճակն այն տարածաշրջանում, ուր անձը պատրաստվում է գնալ:

Գերատեսչությունը հորդորում է նաև չայցելել շուկաներ, որտեղ վաճառում են ծովամթերք և կենդանիներ, ներկա չլինել կենդանիների հետ կապված հասարակական միջոցառումների, իսկ առողջական ինչ-որ խնդիրներ զգալու դեպքում անմիջապես դիմել բժշկի:

Ինչպես արդեն նշեցինք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի տարածումը չկանխարգելելու առումով առկա վտանգին, դրա կանխատեսելի աճին ոչ համարժեք, թերևս, միաժամանակ խորամանկ ու հանցավոր քաղաքականության է վարել: Այս առումով վտանգավոր ու խայտառակ դիրքորոշմամբ է հանդես եկել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը: Մոտ 10 օր առաջ` հունվարի 16-ին թե 17-ին, Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի ղեկավարած ԱՀԿ-ն հայտարարել է, որ մերձավորարևելյան շնչառական համախտանիշի (MERS)` կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումը գլոբալ սպառնալիք չի ներկայացնում, այլ միայն ազդանշան է ինֆեկցիոն հիվանդություններին հակազդելու գործում միջոցներ ձեռնարկելու համար:

Սա` այն դեպքում, երբ խոսքը, նախ, ոչ թե 2012 թ. Սաուդյան Արաբիայում մարդու մոտ առաջին անգամ բացահայտված MERS-ի, այլ նոր տեսակի կորոնավիրուսի մասին էր, որի դեմ բժշկագիտությունը դեռ պատվաստանյութ չի մշակել, և որը մարդուց մարդ փոխանցվում է նաև ինկուբացիոն շրջանում:

Եվ երկրորդ` հենց այն փաստերը, որ նոր տեսակի կորոնավիրուսն արդեն տարածվել  աշխարհի բազմաթիվ երկրներում, դրանով վարակված ու Ֆրանսիայի Բորդո քաղաքում հոսպիտալացված անձը Չինաստանից Ֆրանսիա ժամանելուն պես կապ է ունեցել տասնյակ մարդկանց հետ (ենթադրելի է, որ վարակել նրանց), վկայում են, որ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն աշխարհի համար գլոբալ սպառնալիք ներկայացնում, այսինքն` այն ոչ թե տեղական, այլ միջազգային մասշտաբի սպառնալիք է, հետևաբար ԱՀԿ-ն, մեղմ ասած, թերագնահատել է վտանգը, իսկ վատագույն դեպքում, հնարավոր է, դա արել է միտումնավոր` հակաբիոտիկների և այլ դեղերի արտադրությամբ զբաղվող, ինչպես նաև պատվաստանյութեր մշակող, արտադրող ընկերություններին հարստացնելու նպատակով, որոնց մի մասի հետ, գաղտնիք չէ, սերտ կապերի մեջ է, ֆինանսավորվում է նրանց կողմից ու, բացառված չէ, կատարում նրանց պատվերը:

ԱՀԿ-ն մի կողմից հիվանդության բռնկումը գլոբալ սպառնալիք չի համարել, մյուս կողմից իրեն ապահովագրելու համար, կարծում եմ, խորամանկորեն, իր հայտարարության մեջ նշել է.

«Բռնկումն սթափվելու ազդանշան է և նախազգուշացնում է, որ չափազանց մոբիլ աշխարհում բոլոր երկրները պետք է միշտ պատրաստ լինեն այդ և ինֆեկցիոն այլ լուրջ հիվանդությունների բռնկումներին»:

Հունվարի 25-ին, երբ արդեն հայտնի էր նոր կորոնավիրուսի` Եվրոպա ներթափանցելու, Ֆրանսիայում արձանագրված վերոնշյալ դեպքերի, ինչպես նաև այդ հիվանդներից առնվազն մեկի` մինչ հոսպիտալացվելը տասնյակ անձանց հետ շփվելու մասին, ԱՀԿ-ն դարձյալ կարծիք է հայտնել, թե այժմ դեռ վաղաժամ է միջազգային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարելը, վիրուսի տարածումը չի ճանաչել որպես գլոբալ սպառնալիք: Շարունակելով իր երկդիմի քաղաքականությունը, կազմակերպությունը աշխարհի բոլոր երկրներին միևնույն ժամանակ կոչ է արել միջոցներ ձեռնարկել նոր կորոնավիրուսի զսպման համար, առաջարկել ուժեղացնել սանիտարական հսկողության միջոցառումները:

ՀՀ առողջապահության նախարարությունն իր պաշտոնական կայքում հունվարի 24-ին հրապարակեց «ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ (2019-NCOV) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ» վերտառությամբ մի տեղեկատվություն, որում նշված է. «Հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշարհային կազմակերպությունը չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», քանի որ դեպքերն ըստ կլինիկական բնորոշման «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում»։

Թե դեպքերն ըստ կլինիկական բնորոշման ինչպես են «մեղմ» գնահատվել կամ համարվել, թերևս միայն Սատանային և ԱՀԿ-ի պատասխանատուներին է հայտնի: Իրականությանը չի համապատասխանում նաև այն, թե «տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են», որովհետև այդ պահի դրությամբ նոր վիրուսն արդեն թափանցել էր աշխարհի առնվազն չորս երկիր` Հարավային Կորեա, Ճապոնիա, Թայլանդ ու նույնիսկ ԱՄՆ-ում:

ՀՀ առողջապահության նախարարությունը հավանաբար ԱՀԿ-ի` իրականությանը չհամապատասխանող, վտանգն ակնհայտորեն թերագնահատող հենց վերոնշյալ տեղեկատվության վրա  հիմնվելով է, որ դեռ չի ձեռնարկել համապատասխան միջոցառումներ: Մասնավորապես` Երևանի և Գյումրիի օդանավակայաններում չի սահմանել անհրաժեշտ հսկողություն` նոր կորոնավիրուսի պատճառով հնարավոր հիվանդներին ինֆրակարմիր սկաներներով և այլ կերպ հայտնաբերելու նպատակով, ինչն արդեն օրեր շարունակ անում են Ռուսաստանը և այլ պետություններ: Հսկողություն, որի անհրաժեշտության մասին նշել ենք հունվարի 21-ի մեր «Առողջապահության նախարարությունը ձեռնարկո՞ւմ է համապատասխան միջոցներ` Հայաստան նոր կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով» և հունվարի 22-ի «Ի՞նչ նոր կորոնավիրուսի ներթափանցման վտանգ, առողջապահության նախարարությանը չարագործություններն են հետաքրքրում» հրապարակումներում: Հասկանալի է, որ նշված հսկողությամբ վիրուսի ինկուբացիոն ժամանակահատվածում (1-14 օր) գտնվողները, այսինքն` ախտանշան չունեցողները չեն հայտնաբերվի, սակայն այն թույլ կտա հնարավորինս նվազեցնել վտանգը:

ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված հիշյալ, ինչպես նաև այս կապակցությամբ երեկվա տեղեկատվության մեջ նշված է, թե «Նոր մոտեցում է ցուցաբերվել վարակի փոխանցմանը՝ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման գործոն հիմնականում դարձել են թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված»։ Թե ո՞ւմ կողմից է ցուցաբերվել այդ նոր մոտեցումը, չի նշված, կարելի է ենթադրել, որ դարձյալ ԱՀԿ-ի… Այս տեղեկատվությունը հատկապես Հայաստանում և ՀՀ-ի նման երկրներում, որտեղ ծովամթերքից և օձից պատրաստված նախուտեստներ գրեթե չեն օգտագործվում, կարող է բթացնել մարդկանց զգոնությունը, նրանց գլխի տակ փափուկ բարձ դնել, քանի որ, ինչպես արդեն նշեցինք հոդվածի սկզբում, Չինաստանի իշխանությունների հայտարարության համաձայն, 2019-nCoV կորոնավիրուսն ավելի ու ավելի է ձեռք բերում անձից անձին փոխանցվելու հատկություն:

Իր հունվարի 24-ի և 26-ի հրապարակումներով ՀՀ առողջապահության նախարարությունը «Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար» հորդորում է.

«• միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,

  • եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափե՛ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց,
  • օգտագործե՛ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
  • խուսափե՛ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
  • մի այցելե՛ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե‚ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
  • օգտագործե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • լվացե՛ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե՛ք բժշկի,
  • մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե՛ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին»:

Ընդգծենք, որ վերոնշյալ, ինչպես նաև նախարարության ձեռնարկած ու ձեռնարկելիք մյուս միջոցառումները անհրաժեշտ, բայց խիստ անբավարար են ՀՀ նոր կորոնավիրուսի ներթափանցման վտանգը նվազեցնելու համար:

Իրավիճակն ուղղակի պետք է գնահատել տագնապալի ` նկատի ունենալով երեկ հրապարակված տեղեկատվությունը: «South China Morning Post»-ը հղում կատարելով Չինաստանի Չժոու Սյանվանի քաղաքապետի վրա, տեղեկացրել է, որ մոտ 5 միլիոն բնակիչ կարողացել են լքել են Ուհան քաղաքը՝ նոր կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը, նախքան իշխանությունները քաղաքը կմեկուսացնեին: Քաղաքապետը պարզաբանել է, որ բնակիչների մեկնելը պայմանավորված է ինչպես նոր կորոնավիրուսի պատճառած վախով, այնպես էլ լուսնային օրացույցով Նոր տարվա մոտեցմամբ: Արդյունքում` Ուհանում մնացել է մոտ 9 միլիոն մարդ: Հինգ միլիոնը հսկայական թիվ է, և գրեթե անսխալ կարելի է եզրակացնել, որ այդքան հսկայաքանակ բնակիչների մեջ եղել են նոր կորոնավիրուսով արդեն իսկ վարակվածներ` այդ մասին անտեղյակ, քանի որ նրանց մոտ հիվանդության ախտանիշները դեռ ի հայտ եկած չեն եղել` պայմանավորված վիրուսի` ինկուբացիոն շրջանում գտնվելու հանգամանքով:

Վերջին տվյալների համաձայն, Ուհան քաղաքում, ընդհանուր առմամբ, 2700 մարդ գտնվում է բժշկական հսկողության տակ, ընդ որում, իշխանությունները սպասում են, որ վարակման ևս մոտ 1000 դեպք կհաստատվի:

Արթուր Հովհաննիսյան