Իրանն իրեն իրավունք է վերապահում ռազմական հարված հասցնել ցանկացած երկրի․ Սեյեդ Աբբաս Մուսավի
Հունվարի 20-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Եվրոպային, որ եթե Իրանի կողմից Համատեղ Համապարփակ Գործողությունների ծրագրին հետևելու հարցը (ՀՀԳԾ, 2015թ. բազմակողմանի համաձայնագիր Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ) փոխանցվի ՄԱԿ Անվտանգության խորհրդին, ապա Իրանը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ): Ինչպես հրատապ հաղորդել է իրանական IRNA գործակալությունը, դա Թեհրանի կոշտ պատասխանն էր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի սպառնալիքներին․ գործարկել այնպիսի մեխանիզմ, որը կարող է հանգեցնել Իրանի դեմ պատժամիջոցների՝ ՀՀԳԾ հիմնական դրույթների խախտման պատճառով։ Եվրոպական «եռյակը» արդեն գործարկել է «վեճերի լուծման մեխանիզմը» ԻԻՀ միջուկային ծրագրի համաձայնագրի շրջանակներում, որի հետ Իրանի իշխանությունները կտրականապես համաձայն չեն: «Թեհրանը դեռևս շարունակում է մնալ համաձայնագրի կողմ: Եվրոպական տերությունների այն հայտարարությունները, թե Իրանը խախտել է համաձայնագիրը, անհիմն են»,- հայտարարել է Թեհրանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին՝ ավելացնելով, որ «բանակցությունների դուռը» փակված չի եղել: «Արդյո՞ք Իրանը ավելի կկրճատի իր միջուկային պարտավորությունները, կախված է մյուս կողմերից, և նրանից, թե արդյո՞ք կապահովվեն Իրանի շահերը այս համաձայնագրի շրջանակներում»,- եզրափակել է Իրանի արտգործնախարարությունը:
Բայց նախարար Զարիֆն արդեն հասկացրել է․ կա՛մ Եվրոպան սկսում է Միացյալ Նահանգներից անկախ քաղաքականություն վարել, կա՛մ Իրանը՝ ՄԶՉՊ-ից դուրս գալուց հետո, կարող է ավելի կտրուկ քայլերի դիմել: Ուզում ենք հիշեցնել, որ 2020-ի հունվարի 5-ին Թեհրանը հայտարարել է ՀՀԳԾ-ից գրեթե լիակատար դուրս գալու մասին: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ ԻԻՀ-ը չի շարունակի պահպանել ՀՀԳԾ-ի կողմից սահմանված սահմանափակումները ուրանի հարստացման մակարդակի, դրա կուտակման և միջուկային հետազոտությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, Իրանի մայրաքաղաքում ընդգծել են, որ շարունակում են հրաժարվել սեփական միջուկային զենքի ստեղծման հնարավորությունից՝ մնալով ՄԶՉՊ շրջանակներում և հետևելով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեիի 2013 թվականի հայտնի ֆեթվային (արաբերեն՝ որոշում. խմբ․)՝ միջուկային զենքի արգելման վերաբերյալ: Անցել է Միացյալ Նահանգների և Արևմտյան Եվրոպայի կործանարար քաղաքականությունից 15 օր, և Իրանն արդեն Արևմուտքի հետ խոսում է վերջնագրի լեզվով:
Բայց վերադառնանք Սեյեդ Աբբաս Մուսավիի ճեպազրույցին: Այնտեղ հնչեցվել են նաև Իրանի այլ հետաքրքիր գաղափարներ և մտահղացումներ։ Պատասխանելով Իրաքի կողմից ՄԱԿ-ին ուղղված բողոքի հարցին, Մուսավին հայտարարել է. «Իրանը իրեն իրավունք է վերապահում ռազմական հարված հասցնել ցանկացած այլ երկրի, ներառյալ Իրաքի բարեկամական պետությանը, եթե նրանց տարածքներն օգտագործվեն Իսլամական Հանրապետության դեմ դավադրությունների և հարձակումների նպատակով»։ Նա հիշեցրել է, որ իրականում Թեհրանը նախապես տեղեկացրել էր Բաղդադին հրթիռային հարձակման մասին, և անպատվաբեր է անպատշաճ զրպարտություններ և մեղադրանքներ մշակել: «Իրանը երբեք չի ցանկացել օտարերկրյա ռազմական ուժերի ներկայությունն Իրաքի տարածքում, և հենց Իրաքը պաշտոնապես օգնություն է խնդրում Իրանից, մենք այդ մասին տեղեկացնելուց հետո օգնություն ենք տրամադրում»,- հիշեցրել է նա:
Այսպիսով, բոլորը պարտավոր են հասկանալ. եթե իրանական հետախուզական ծառայությունները տեղեկանան, որ ինչ-որ մեկը օգտագործում է կամ մտադիր է օգտագործել նույնիսկ Իրաքի կամ Թուրքիայի տարածքները Իրանի սահմանների և անվտանգության դեմ, Թեհրանը պատրաստ է ռազմական հարված հասցնել այդ երկրին: Նույնիսկ նախապես տեղեկացնելով տվյալ երկրի իշխանություններին…
Մենք պետք է հասկանանք, որ պարոն Մուսավիի այս նախազգուշացումը լիովին վերաբերում է նաև Անդրկովկասի հանրապետությունների տարածքներին, որտեղ կան ԱՄՆ և Իսրայելի, եթե ոչ ռազմական, ապա ճյուղավորված հետախուզա-դիվերսիոն ներկայության «հետքեր»։ Իհարկե, առաջին հերթին, սա վերաբերում է Վրաստանին և Ադրբեջանին: Մի խոսքով, Իրանի ցանկացած հարևան իրանցի զինվորականների «նշանի տակ է», որոնք պատրաստ են շարունակել վրեժ լուծել ԱՄՆ զինված ուժերի հետ: Կրկին հիշեցնենք` Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի և կառավարության վերջին որոշումների համաձայն`ԱՄՆ զորքերը, Պենտագոնը և, իհարկե, ամերիկյան հետախուզությունը համարվում են միջազգային ահաբեկիչներ:
Սերգեյ Շաքարյանց