Ապրիլյան պատերազմի վերաբերյալ մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգություններ քննարկել եմ Ռուսաստանի մեր գործընկերների հետ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի վերաբերյալ հարցեր է քննարկել Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների հետ:

Փաշինյանն այս մասին ասաց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«2016թ. ապրիլյան պատերազմի վերաբերյալ «Ֆեյսյբուք»-ում իմ գրառումը ծայրից ծայր, և մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգություններ քննարկել եմ Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Ես շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական ռազմավարական-դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել ենք մանրամասն, վերլուծել ենք իրավիճակը մանրամասն, և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»,- ասաց Փաշինյանը: