Ինչ է լինում, երբ պետությունն սկսում է խանգարել հեղափոխականին

Տարին սկսվեց լարվածությամբ. ձերբակալությունների, սպանություն-ինքնասպանությունների վտանգավոր շղթան շարունակվում է:

Եվ դեռ հայտնի չէ, թե այս իշխանությունը դեպի ո՞ւր է տանում երկիրը. արտաքին քաղաքականության մեջ լրջագույն բացթողումներ են, ինչի հետևանքով Հայաստանն անվստահելի գործընկերոջ համբավ է ձեռք բերել, Արցախյան հարցում հստակ քաղաքականության բացակայություն է ու իրարամերժ հայտարարություններ, երկրի ներսում՝ համընդհանուր ատելության, թշնամանքի մթնոլորտ է, հանրային դաշտում խոր հիասթափություն է՝ հեղափոխական իշխանությունները գրեթե ոչ մի խոստում չեն կատարել:

Ի զորո՞ւ է Փաշինյանը դուրս գալ իր իսկ ձեռքով ստեղծած այս խառնաշփոթից, մանավանդ, երբ դրան գումարվում է իր վարկանիշի անկումը:

Եվ ահա այս ֆոնին Փաշինյանը պատրաստվում է Հա­յաս­տա­նի մայր օրեն­քի փոփոխման: Ինչո՞ւ այսօր, ի՞նչ նպատակ է այն հետապնդում:

Մեկ ու կես տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր, թե ժողովուրդը պահանջում է Ազգային ժողովի լուծարում, որպեսզի թավշյա կառավարությունը կարողանա իրականացնել սեփական ծրագրերը: Ու Փաշինյանը երկիրը տարավ նոր ընտրությունների, ձևավորվեց նոր խորհրդարան: Բայց երկրի կյանքում իրականում ոչինչ չփոխվեց, ավելին՝ նոր խորհրդարանն իր ոչ պրոֆեսիոնալ կազմով, դեսից- դենից հավաքված իմքայլականներով շատ ավելի ապաշնորհ դուրս եկավ:

Հետո Փաշինյանը հայտարարեց, թե ժողովուրդը պահանջում է դատական համակարգում փոփոխություններ իրականացնել: Խոսեց «վեթինգ-մեթինգ»-ից ու հրահանգեց շրջափակել դատարանները: Այս քայլով էլ հասկանալի դարձավ, որ դատական համակարգի փոփոխություն ասվածը մեկ նպատակ ունի՝ ստեղծել գրպանային, մեկ անձին հնազանդ դատարաններ:

Հետո Փաշինյանը դժգոհեց, թե երկրի պետական համակարգն է դիմադրում հեղափոխությանը: Ու խոստացավ ջարդել այդ դիմադրությունը: Փաստորեն պետությունն սկսեց խանգարել հեղափոխականին:

Հետո, դարձյալ ժողովրդի անունից հայտարարեց, թե Սահմանադրական դատարանն է խանգարում երկրի բնականոն ընթացքին, ու իր թիմով ձեռնամուխ եղավ ՍԴ դատավորներից ազատվելու գործընթացին. ԱԺ քաղաքական մեծամասնության ձեռամբ ընդունվեց օրենք դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին: Այսինքն, իշխանության կողմից դատավորներին կաշառք առաջարկվեց:

Վերջերս էլ Փաշինյանին խանգարողների ցանկը համալրվեց ևս մեկով, և դա երկրի մայր օրենքն է՝ Սահմանադրությունը: Ու հիմա երկրում ստեղծված այս խառնաշփոթ իրավիճակում նա ձեռնամուխ է եղել Սահմանադրության փոփոխմանը:

Օրերս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լուրջ դեմքով հայտարարեց, թե ականջալուր են եղել հասարակության պահանջներին ու հասկացել, որ սահմանադրական բարեփոխումները հասունացել են։ Հետաքրքիր է, Բադասյանի ականջին ինչպե՞ս են հասել իրականության հետ առնչություն չունեցող պահանջներ: Խորհուրդ կտանք նախարարին իրապես ականջալուր լինել ժողովրդի ձայնին ու համոզվել, որ նրա ցանկություններում չկա՛ Սահմանադրության փոփոխման հարց, որ ժողովրդի պահանջներն այլ են. տնտեսական, սոցիակալան հարցերի լուծում, իրական աշխատատեղերի ստեղծում, երկիրը ցնցումներից զերծ պահելու, անվտանգությունն ամրապնդելու քաղաքականություն, և վերջապես, հայը հայի դեմ չլարելու, ներքին թշնամանքին վերջ տալու պահանջ կա այսօր ժողովրդի մեջ: Այդ ինչպե՞ս է, որ ժողովրդի իրական ձայնը «թավիշներին» չի հասնում…

Եվ ուրեմն, ինչո՞ւ է իշխանությունը որոշել գնալ սահմանադրական փոփոխության ճանապարհով: Հիշենք, որ իշխանափոխության փուլում ընդդիմադիր Փաշինյանը խոստանում էր փոխել Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումը»՝ Սահմանադրությունը: Բայց գալով իշխանության՝ շատ արագ հարմարվեց «նախկիների կոստյումին»: Սուպերվարչապետական վիճակը նրան շատ հաճելի թվաց, ու մոռացավ տրված հերթական խոստումը: Բայց ինչո՞ւ միայն վերջերս հիշեց այդ մասին: Արդյո՞ք հիշեց ի նպաստ պետության, ի շահ ժողովրդի՞, թե այլ հաշվարկներ կան:

Պատճառների շարքում նախ այն է, որ Սահ­մա­նադ­րու­թյու­նում կան ո­րոշ կե­տեր, որոնք կաշկանդում են Փաշինյանին ամբողջությամբ բռ­նա­տի­րա­կան իշ­խա­նու­թյուն հաս­տա­տե­լ:

Երկրորդ պատճառը պետք է փնտրել այս իշխանության պարզունակ մտածողության մեջ: Սահմանադրություն են ուզում փոխել՝ իրենց կոկորդին մնացած ՍԴ-ի լուծարումը հեշտացնելու համար, ոչ թիմակից դատավորների հախից գալու համար, Հրայր Թովմասյանին իրենց հաճելի Վահե Գրիգորյանով փոխարինելու համար:

Իսկ ՍԴ-ն իրեն ենթարկելն ամենևին ինքնանպատակ չէ, Փաշինյանը «գրպանային» ՍԴ-ի միջոցով հեռահար խնդիրներ ունի լուծելու: Այդ մասին շատ է խոսվել, ու այդ խնդիրների շարքում առաջին հերթին Արցախի հարցի լուծումն է…

Իսկ մինչ այդ, ՍԴ նախագահի ճնշման ու նրա թիրախավորման օպերացիան շարունակվում է: Այսօր առավոտյան ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացրեց, փաստաթղթեր էին փնտրում… Իրավապաշտպան Արսեն Բաբայանն արձանագրեց, թե ՀՔԾ-ն իրեն թույլ տվեց անձեռնմխելի անձի՝ ՍԴ նախագահի նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում, ինչն օրենքի խախտում էր:

Այնուհետև, Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույց ունեցավ, ու կարևոր մեսիջներ ուղղեց. «Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում, իմ շուրջ, Սահմանադրական դատարանի շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրները, իրոք, խորքային են և օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձնից որպես ՍԴ նախագահ»: Շեշտեց, որ այս ամենի համար ցավ է ապրում. «Ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրն այս պարագայում երկրորդական, երրորդական է, ինձ համար շատ ավելի կարևոր է երկրի հեղինակությունը, երկրի վաղվա օրը: Չի՛ կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել»:

Եվ հայտարարեց. «Այս ամբողջի բուն նպատակը քաղաքական է և վատ քաղաքական է և այնպիսի քաղաքական, որը ոչ միայն չի բխում իմ շահերից, ձեր շահերից, այլ երկրում որևէ մեկի շահերից չի բխում»: Ապա կարևոր ակնարկ արեց՝ այս պրոցեսների ընդամենը տասը տոկոսն է երևում, որոնց մասին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն արդեն խոսել է, բայց դեռ ասելիք ունի: Թովմասյանը համոզված է՝ եկել է այդ ժամանակը, և սպայի պատիվը թույլ չի տա Վանեցյանին այդ ամենի մասին լռել..

Սահմանադրությունը փոխելու երրորդ պատճառն այն է, որ Փաշինյանն ու իր անդեմ թիմը չունեն խնդիրների լուծման տեսլական, չունեն հասարակական, քաղաքական, տնտեսական համալիր բարեփոխումների իրականացման ներուժ: Այս թիմն ունակ չէ տնտեսություն զարգացնելու, ունակ չէ երկիր կառավարելու: Սրանք գնում են ոչ թե կուտակված խնդիրներն իրապես լուծելու, այլ նոր ցնցումներ, նոր խնդիրներ ստեղծելու ճանապարհով: Այս թիմը իշխանության է եկել այլ առաքելությամբ…

Հետևաբար, ժողովրդի, քաղաքական շրջանակների ուշադրությունը շեղելու համար պետք է կեղծ օրակարգեր մեջտեղ բերեն: Սահմանադրության փոփոխությունը ամենապոպուլյար կեղծ օրակարգն է, որով Նիկոլ Փաշինյանը կփորձի շեղել բոլորի ուշադրությունը՝ քաղաքական ուժերին ներքաշելով կեղծ գործընթացների մեջ:

Եթե Փաշինյանը գնա նման ճանապարհով, ապա քաղաքական ուժերը պետք է օգտվեն իրավիճակից ու սահմանադրական հանրաքվեն վերածեն իշխանության լեգիտիմության, վստահության հանրաքվեի:

Արմինե Սիմոնյան