Երևանը նոր ոստիկանապետ ունի

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետն ազատվել է պաշտոնից և Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը:

Tert.am-ի տեղեկացմամբ, այս մասին ասել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, նշելով, որ Ոստիկանության պետի պաշտոնակատարը համապատասխան հրաման է ստորագրել:

«Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ»,- ասել է Էդգար Ջանոյանը։

Նա հայտնեց, որ ոստիկանության պետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ պաշտոնից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։