Միխայիլ Միշուստինը Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին: Փաստաթուղթը հունվարի 23-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

«Եվրասիական տնտեսական միության զարգացման ու ամրապնդման գործում վաստակի համար Ա. Պ. Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգևատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին»,-ասված է փաստաթղթում:

Ստոլիպինի մեդալը ՌԴ կառավարության պարգևն է, որը կոչվել է ի պատիվ ռուսական կայսրության նախարարների խորհրդի նախագահ Պյոտր Արկադիի Ստոլիպինի: Դրանով խրախուսվում է վաստակը երկրի սոցիալ-տնտեսական ռազմավարական խնդիրների լուծման, այդ թվում՝ ժողովրդական տնտեսության այնպիսի բնագավառներում ՌԴ կառավարության երկարաժամկետ նախագծերի իրականացման գործում, ինչպիսիք են՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, տրանսպորտը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը և այլն: