Զինվորական վարժանքներից խուսափող քաղաքացիները 20 հազար դրամի փոխարեն կտուգանվեն 30 հազար դրամով. Կառավարության առաջարկը

Կառավարությունն առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել: Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ բարձրացվում է զինվորական վարժանքներից ու զորավարժություններից խուսափելու համար տուգանքի՝ 20 հազար դրամ գործող չափը և առաջարկվում սահմանել 30 հազար դրամ:

«Նախատեսվում է հստակեցնել վարժական և զինվորական հավաքներից, մարտավարություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվող փոփոխությունների համաձայն՝ բարձրացվում է զինվորական վարժանքներից ու զորավարժություններից խուսափելու համար 20 հազար դրամ տուգանքի չափը և առաջարկվում է սահմանել 30 հազար դրամ: Նույն արարքը մեկ տարվա ընթացքում պահեստազորային քաղաքացու կողմից կրկնվելու դեպքում՝ առաջարկվում է տուգանքը սահմանել 50 հազար դրամի չափով: Հստակեցվում է նաև տուգանքը կիրառող մարմինը, մինչև սա փաստորեն տուգանքը կար, բայց կիրառող մարմինը սահմանված չէր»,- ասաց փոխնախարարը:

Փոխնախարարի խոսքով՝ նախկինում վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվություն էր սահմանված թե՛ Քրեական օրենսգրքով, թե՛ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով: «Բացի այդ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում սահմանվել է, որ զորահավաք հայտարարելու դեպքում, զորահավաքին ներգրավումն իրականացվում է զորահավաքային զորակոչի միջոցով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաև Քրեական օրենսգրքում»,- ասաց Բալայանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք 20-ից 30 հազար դրամը բավարար տուգանք է: «Ես կարծում եմ, որ դրանք այն մարդիկ են, որոնք աշխատանքի մեջ են, և ավելի հարմար են գտնում 20 հազար վարչական տուգանքի ենթարկվել, բայց աշխատանքից դուրս չգալ: Այս 10 հազար դրամի փոփոխությունով ի՞նչ արդյունք եք ակնկալում»,- հարցրեց պատգամավորը:

«Հստակեցնեմ, որ որևիցե ձևով այդ 20 հազար դրամն էլ չի կիրառվել, քանի որ, ինչպես նշեցի, կիրառող մարմինը բացակայում էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից: Մենք չենք կարող վիճակագրություն ներկայացնել, որովհետև չի եղել այն մարմինը, որը դա կիրառել է: Երբ օրենքը կընդունվի և ուժի մեջ կմտնի, այդ ժամանակ կկարողանանք վիճակագրություն ներկայանցել՝ 30 հազարը բավարար է, թե՝ ոչ»,- պատասխանեց փոխնախարարը: