Նոր օրինագիծը կխորացնի կրթության խնդիրներից մեկը՝ մենք ձեզ վարձ տանք, դուք մեզ՝ դիպլոմ (տեսանյութ)

Հայաստանում հիմնական պայքարն այն է, թե ճշտերից ով է ամենաճիշտը

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը վերջերս դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որով պատգամավորներն առաջարկում են Կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և զուգահեռ աշխատող ուսանողների եկամտային հարկի գումարը փոխանցել ուսման վարձի համար։ Սերոբ Խաչատրյանն անդրադառնալով այդ նախագծին՝ ասաց, որ դա ավելի կխորացնի մեր կրթության ամենամեծ խնդիրներից մեկը՝ մենք ձեզ վարձը տանք, դուք մեզ դիպլոմ տվեք՝ դիպլոմի համար սովորելու հակվածությունը։

«Հայաստանում ունենք մի իրավիճակ, երբ ուսանողները մտածում են՝ եթե իրենք ուսման վարձը վճարում են, դրանով հիմնական գործը կատարված է, մնում է դիպլոմը ստանան։ Եթե հիմա հնարավորություն ենք տալիս, որ այդ գումարը, որը վճարում են համալսարանին, աշխատանքի եկամտից տան, ավելի է խրախուսվում աշխատանքը, ոչ թե գիտելիքը, ուսումը։ Գիտենք, որ ուսանողների ճնշող մեծամասնությունը ոչ մասնագիտական աշխատանք է կատարում և աշխատանք, որը մեծ մասին չի զարգացնում՝ սուպերմարկետներում, սրճարաններում։

Աշխարհում համալսարանները շատ ճկուն են աշխատում, ուսանողը կարող է երեկոյան, ցերեկը կամ առավոտյան դասի գնալ։ Մեզ մոտ տվյալ դասընթացն անցկացվում է մեկ անգամ մեկ ժամի և որպես կանոն օրվա սկզբին, իսկ եթե ուսանողն այդ ժամին աշխատում է, դասի չի գա»,- ասաց փորձագետը։

Սերոբ Խաչատրյանը մտահոգություն հայտնեց նաև մեզանում բարձրագույն կրթության որակի ցածր լինելու վերաբերյալ՝ ասելով, որ ուսանողները ևս որակի նկատմամբ պահանջատեր չեն։ Ըստ նրա՝ մեզանում պահանաջատեր են միայն ուսանողների 20 տոկոսը, որոնք իսկապես լավ կրթություն են ուզում։ Իսկ մեծ մասի համար բուհը խողովակ է, որի միջով պարզապես պետք է անցնես։ Այդ պատճառով մեր աշխատուժի որակը շարունակելու է շատ ցածր մնալ, մենք չենք կարող երկիրը զարգացնել՝ ունենալով մոտ 20 տոկոս սովորողների խումբ։ Նրա դիտարկմամբ՝ ժամանակակից աշխարհում այս կամ այն երկրի կրթական ցենզը պետք է բարձր լինի, հասարակության անդամների գոնե 50-60 տոկոսը պետք է մտածողական բարձր ունակություններ, հմտություններ ունենա, որպեսզի կարողանա արտադրանք ստեղծել, հակառակ դեպքում կատարելու են ցածրարժեք, ցածր վարձատրվող աշխատանք, որից մեր տնտեսությունն ավելի է տուժելու։ Այսօր գործատուներին պետք են ավելի լավ պատրաստված շրջանավարտներ։

Մանրամասները՝ տեսանյութում