«Վերադարձրե՛ք մեր նախկին կյանքը». հույն ցուցարարները պահանջում են երկրից վտարել փախստականներին (լուսանկարներ)

Հազարավոր հույն ցուցարարներ երկրի իշխանություններից պահանջում են հունական կղզիներից հեռացնել բազմաթիվ փախստականների՝ պատճառաբանելով հանցավորության մակարդակի զգալի աճը:

Ինչպես նշում է «Դեյլի մեյլը», խոսքը Լեսբոս, Սամոս և Քիոս կղզիների մասին է: Այդ կղզիների բնակիչներն ի նշան բողոքի համընդհանուր գործադուլ են հայտարարել, փակվել են խանութները, դադարեցվել է հանրային ծառայությունների մատուցումը, կենտրոնական հրապարակներում հանրահավաքներ են կազմակերպվում:

«Ուզում ենք հետ ստանալ մեր կղզիները, վերադարձնել մեր նախկին կյանքը»,- գոչում են հավաքվածները:

Ցուցարարներից մեկը բողոքել է, որ փախստականների գալուց հետո Լեսբոս կղզու բնակիչները մութն ընկնելուց հետո չեն կարողանում միայնակ փողոց դուրս գալ, մարդկանց վրա հարձակվում են:

Աղբյուրը մանրամասնում է, որ փախստականների ամենամեծ ճամբարը հենց Լեսբոսում է: Հատկանշական է, որ ընդամենը 2 840 անձի համար նախատեսված ճամբարում այժմ գտնվում է ավելի քան 19 000 մարդ:

Հունաստանի իշխանությունները մտադիր են այս կղզիներում ավելի մեծ ճամբարներ կառուցել: Սակայն տեղի ինքնակառավարման մարմինները պատրաստվում են Աթենք գնալ ու իրենց բողոքը ներկայացնել կառավարությանը:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2019 թ. Թուրքիայից Հունաստան է գնացել մոտ 75 000 փախստական: