Ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ, վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել․ գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ․ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ծննդատների փակմանը նշեց, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեսել է ռեպորտաժ Աչաջրի ծննդատնից և պատմեց այդ ռեպորտաժը:

«Ինչ է պատմում այդ ռեպորտաժը, հարցազրույց են անում ծննդկանի հետ, որը Ոսկեպար գյուղից, այսինքն՝ գյուղից եկել է Աչաջուրում ծննդաբերելու, որը, ըստ չափանիշների, գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում հետագա գործունեության համար չափանիշներին: Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյանից 19 կիլոմետր հեռավորության վրա ու Նոյեմբերյանում կա ծննդատուն, շատ լավ վիճակում, նորոգված, լիարժեք հագեցված: Աչաջուր գյուղը Ոսկեպարից գտնվում է 25 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն՝ Նոյեմբերյան քաղաքն ու նրա ծննդատունն ավելի մոտ է Ոսկեպարին, քան Աչաջուրը, էլ չեմ ասում, որ Աչաջուրը Ոսկեպարից հեռու է 25.7 կիլոմետր, Իջևանից հեռու է 34.3 կիլոմետր: Հարց ՝ ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այս ամենը ներկայացնելով՝ ցանկանում է ցույց տալ, որ հարցերը ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում: «Այսինքն, եթե Ոսկեպարից ծննդկանը կարող է ավելի երկար ճանապարհ կտրել, ընդ որում, շնորհիվ այն բանի, որ ճանապարհները գտնվում են փայլուն վիճակում՝ ի տարբերություն 2018 թվականի: Փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ»,- ասաց վարչապետը: