Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կիպրացի գործընկերոջ հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 22-ին  հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչության տեղեկացմամբ, ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների շուրջ։

Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն իր աջակցությունը և համերաշխությունն է հայտնել կիպրական կողմին: Կողմերն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը: