Կորոնավիրուսի նոր տեսակը հասել է ԱՄՆ

ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի նոր տեսակի (2019-nCoV) հարուցած թոքաբորբով հիվանդանալու առաջին դեպքը: «ՏԱՍՍ»-ի տեղեկացմամբ, այս մասին երեքշաբթի լրագրողների հետ հեռախոսազրույցի ժամանակ հաղորդել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Վաշինգտոն փոստը», դեպքը հայտնաբերվել է Վաշինգտոն նահանգում. հիվանդը մոտ 30 տարեկան տղամարդ է, որը վերջերս էր ժամանել Չինաստանից: Նրա վիճակը գնահատվում է կայուն:

Նշենք, որ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել են երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Հունվարի 7-ին չին մասնագետները գտել են հիվանդության հարուցիչը, դա 2019-nCoV կորոնավիրուսն է: Նոր թոքաբորբով կասկածվող հիվանդացության բոլոր դեպքերը անցել են լաբորատոր փորձաքննություն: Արդյունքում ցուցակից դուրս են մնացել այնպիսի շնչառական հիվանդություններ ինչպիսիք են գրիպը, թռչնագրիպը, սուր սուր շնչառական համախտանիշը և միջին արևելյան շնչառական համախտանիշը:

Չինաստանի իշխանությունները հաստատել են 291 վարակվածներից յոթ մահացության դեպք: Կորոնավիրուսն արձանագրվել է Ուհանում, Պեկինում, Շանհայում, Շենժենում և երկրի այլ քաղաքներում։