Ամանորի համար 271 մլն դրամ ծախսելով՝ Հայաստան բերեցինք հավելյալ 9 մլրդ 307 մլն դրամ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

2019 թ. դեկտեմբերի 26-ից 2020 թ.  հունվարի 6-ը նախորդ տարվա համեմատ 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ շրջանառություն է կատարվել Հայաստանում: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամանորին Երևանում կատարվող տոնակատարությունների համար տրամադրված 271 միլիոն դրամին:

«Ես ուզում եմ խոսել այն քաղաքացիների հետ, որոնք դեռ կասկածում էին, որ արդյոք արժե՞ր Ամանորին այդքան ծախս անել: Այս տվյալները տեսնելով՝ մենք մյուս տարի ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք Ամանորին, որպեսզի ավելի շատ հարկեր գեներացնենք»,-ասաց վարչապետը, ապա շարունակեց.

«Մենք 271 միլիոն դրամ ծախսելով՝ Հայաստան բերեցինք հավելյալ 9 միլիարդ 307 միլիոն դրամ: Բայց կա շատ ավելի կարևոր արձանագրում՝ ամենամեղմ հաշվարկների արդյունքով՝ այս 9 միլիարդ 307 միլիոն դրամ հավելյալ առևտրաշրջանառության արդյունքում նվազագույն հաշվարկներով գեներացվելու է մոտավորապես 325 միլիոն դրամի հարկ: Այսինքն՝ այս 9 միլիարդ դրամի փոքր ձեռնարկությունները, առևտրաշրջանառության մեջ ներգրավված ընկերությունները և այլն, վճարելու են 325 միլիոն դրամի հարկ: Այն գումարը, որ մենք դեկտեմբերին ծախսեցինք, առնվազն կրկին վերադառնալու է պետական բյուջե և մի բան էլ ավելի»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ 9 միլիարդ 307 միլիոն դրամ շրջանառությունից շուրջ 4 միլիարդը կատարվել է ՀՀ մարզերում:

Վարչապետը հայտարարեց նաև, որ ԱԺ-ում կանդրադառնա ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին առնչվող հարցերին ու սպանդանոցների թեմային:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Զրույց քաղաքացու հետ. Ամանորյա պետական ծախսեր:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 21 января 2020 г.