Առողջապահության նախարարությունը ձեռնարկո՞ւմ է համապատասխան միջոցներ` Հայաստան նոր կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Չինացի գիտնականները հաստատել են, որ առեղծվածային ու մահաբեր շնչառական նոր վարակը օդակաթիլային ճանապարհով արագորեն տարածվում է Չինաստանում: Նոր տեսակի կորոնավիրուսն արագ տարածվել է հատկապես վերջին օրերին:

Չինացի գիտնականներն ուսումնասիրելով Չինաստանի կենտրոնական մասում վիրուսային թոքաբորբի առեղծվածային բռնկումը, հայտնաբերել են հիվանդությունը հարուցող կորոնավիրուսի նոր շտամ: Կորոնավիրուսի նոր տեսակը Չինաստանում վիրուսային թոքաբորբի բռնկման պատճառ է դարձել: Արդեն մահվան մի շարք դեպքեր են գրանցվել, բազմաթիվ հիվանդներ ծանր վիճակում են: Մինչև այժմ Չինաստանում արձանագրվել Է նոր տիպի վիրուսով վարակման ավելի քան 200 դեպք: Նոր վիրուսը թոքաբորբ է առաջացնում ու հանգեցնում հիվանդների մի մասի մահվան: Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ ջերմությունը, հազը, շնչառական խնդիրները: Կորոնավիրուսներն, ընդհանրապես, ունակ են վնասելու մարդու շնչառական, ստամոքսաղիքային, նյարդային համակարգերը:

Ըստ «Եվրոնյուզ»-ի հաղորդման, կասկածներ կան, որ անցած տարեվերջին նոր կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի Հուբեյի նահանգի Ուհան քաղաքի ծովամթերքի մեծածախ առևտրի շուկայից:

Թեև վերոնշյալ շուկայում ձկներից և ծովային այլ կենդանիներից բացի, վաճառվում են նաև հավեր, նապաստակներ, չղջիկներ և օձեր, քիչ հավանական է, որ վիրուսի առաջացումը և հիվանդության տարածումը Ուհանի շուկայում վաճառվող ծավամթերքների ու կենդանիների հետ որևէ առնչություն ունենա. մի շարք հիվանդների համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք չեն այցելել Ուհանի ծովամթերքի շուկա կամ նմանատիպ այլ վայրեր, որտեղ կենդանիներ են վաճառում: Բացի այդ, քիչ հավանական է, որ այդքան մեծաթիվ մարդիկ կարճ ժամանակաընթացքում հիվանդ կենդանիների հետ շփված լինեն:

Ուհան քաղաքի առողջապահության կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, «Ըստ հիվանդության աղբյուրի ուսումնասիրության և համաճարակաբանական հետազոտության ընթացիկ նախնական արդյունքների, դեպքերի մեծ մասը կապված է ծովամթերքների մեծածախ շուկայի հետ, համեմատաբար փոքր թվով հիվանդներ հերքում են այս շուկայում իրենց լինելը, որոշ դեպքերում հիվանդները կապ են ունեցել հիվանդի հետ»:

Չինաստանի Ուհան քաղաքում հիվանդության վարակի աղբյուրը պարզելու ուղղությամբ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, անվտանգության նկատառումներով շուկան առայժմ փակ է: Ներկայումս շուկայի տարածքում վիրուսի տարածում չի հայտնաբերվել: Անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ` պարզելու, թե հիվանդներն ինչպես են վարակվել:

Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ վերոնշյալ շուկան Ուհան քաղաքի առավել բազմամարդ վայրերից մեկն է, և եթե Չինաստանի հանդեպ, մեղմ ասած, ոչ բարեկամաբար տրամադրված, նրան թեկուզ միայն զբոսաշրջության կրճատման և առողջապահության հավելյալ ծախսերի առումով տնտեսական վնասներ ու մարդկային կորուստներ պատճառելու մտադրություն ունեցող որևէ պետություն ցանկանար Չինաստանի հանդեպ կենսաահաբեկչություն իրականացնել, ապա նմանաբնույթ կենսաբանական զենքը պետք է կիրառեր հենց բազմամարդ վայրում, ընդ որում, կասկածներ չառաջացնելու նպատակով ոչ թե Պեկինի, այլ հենց Ուհանի պես որևէ բնակավայրի:

Քաղաքի չափերը, բնակչության քանակն այդ դեպքում այնքան էլ էական չեն, քանի որ օդակաթիլային եղանակով տարածվող վիրուսն այնպիսի բան է, որ, ուշ թե շուտ, կարող է հայտնվել նաև տվյալ պետության խոշոր քաղաքներում ու նույնիսկ երկրի սահմաններից դուրս: Տվյալ դեպքում հենց այդպես էլ եղել է, թեև մինչ այժմ անհայտ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի գրանցումից (2019թ. դեկտեմբերի 12) շատ ժամանակ չի անցել: Հարավային Կորեան և Ճապոնիան երեկ հայտնել են մեկական հիվանդի մասին, իսկ Թայլանդում 2 մարդ է վարակվել:

Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ նոր վիրուսը, կարծես պատվերով, ի հայտ եկավ հենց Չինաստանի Նոր տարուց առաջ` ունենալով տարածման ավելի մեծ հնարավորություն, քանի որ այդ ժամանակ միլիոնավոր մարդիկ ճանապարհորդում են երկրով մեկ:

ԱՄՆ-ը կամ Չինաստանին ոչ բարեկամ որևէ այլ պետություն նոր կորոնավիրուսը կարող էր ստանալ մինչ այդ բնության մեջ գոյություն ունեցող կորոնավիրուսի գենոմը կենսալաբորատորիայում արհեստականորեն փոփոխելով` շատ լավ գիտակցելով, որ նոր վիրուսի ի հայ գալը դեռ ինքնին ապացույց չէ նրա, որ այն ստացվել է արհեստական ճանապարհով: Միշտ էլ կարելի է պնդել, որ նոր վիրուսն առաջացել է մինչ այդ եղած վիրուսի ոչ արհեստական մուտացիայի հետևանքով, ինչը նույնպես բացառված չէ:

Դեռևս անհայտ է` հիվանդության բռնկումը կարճաժամկե՞տ է, թե սա ավելի լուրջ սպառնալիքի առաջին նշանն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պետություններին կոչ է արել պատրաստ լինել արագորեն ախտորոշելու նոր հիվանդությունը և անհրաժեշտ բուժում ապահովել հիվանդներին: «Россельхознадзор»-ը Հարավարևելյան Ասիայում ճանապարհորդող ռուսաստանցիներին արդեն կոչ է արել խուսափել կենդանիների հետ շփումից` կորոնավիրուսի նոր շտամից առաջացած թոքաբորբի բռնկման պատճառով: Գրեթե ամբողջ աշխարհում առողջապահության ոլորտի աշխատողները պատրաստվում են ցանկացած սցենարի:

Իսկ ի՞նչ են անում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և առողջապահության նախարարությունը, ձեռնարկո՞ւմ են համապատասխան միջոցներ, որոնք նախապես, ժամանակին ձեռնարկելն անհրաժեշտություն է` Հայաստան վարակի ներթափանցումը կանխելու նպատակով, թե, ինչպես ասում են, քնած են էշի ականջում:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա, մինչդեռ հարկ էր նկատի ունենալ, որ Հայաստան են գալիս Չինաստանի բազմաթիվ քաղաքացիներ, էլ ավելի մեծաթիվ ՀՀ քաղաքացիներ առևտրի նպատակով Հայաստան-Չինաստան-Հայաստան ճամփորդության և ակտիվ շփումների մեջ են, հաճախակի գնում ու գալիս են, դրան գումարած նաև զբոսաշրջիկների այցելությունները: Չինաստանի իշխանությունները, օրինակ, երկրի այլ բնակավայրերից խոշոր քաղաքներ եկող ուղևորներին ստուգելու համար տեղադրել են սկաներներ ՝ մարմնի ջերմաստիճանն առանց հպման, հեռվից որոշելու համար: Կարծում ենք, այդպիսի սկաներներ անհրաժեշտ է տեղադրել ու կիրառել նաև Հայաստանի օդանավակայաններում: Դեռ շո՞ւտ է…

Կորոնավիրուսների ընտանիքին են պատկանում մի շարք վիրուսներ, դրանցից վեցը (ըստ «BBC News»-ի ռուսական ծառայության հրապարակման, արդեն 7-ը` նոր վիրուսով) կարող են վարակել մարդկանց: 2002թ. Չինաստանում սկսված կորոնավիրուսի բռնկման արդյունքում 8098 մարդ  հիվանդացել է ատիպիկ թոքաբորբով, նրանցից 774-ը մահացել է: Ինչպես նշել է դոկտոր Ջոսի Գոլդինգը, մարդիկ, ինչպես նախկինում, սարսափով են հիշում ատիպիկ թոքաբորբի մասին, այստեղից էլ բխում է նշանակալի մակարդակի վախը: Չինաստանում վարակված մարդիկ բուժում են ստացել ու ստանում մեկուսացված հիվանդասենյակներում` այլ հիվանդների մոտ վիրուսի տարածման ռիսկը վերացնելու համար: Այն մարդիկ, որոնք կապի մեջ են եղել հիվանդների հետ, այժմ գտնվում են հատուկ հսկողության ներքո: Ըստ մասնագետների, առայժմ դեռ բաց է մնում այն հարցը, թե նոր կորոնավիրուսը մարդուց մարդ փոխանցվո՞ւմ է արդյոք, թե ոչ: Ավելի վաղ ԱՀԿ նոր հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա Վան Կերկհովեն հայտարարել էր, որ Ուհանում գրանցված կորոնավիրուսների նոր տիպը կարող է փոխանցվել անձից այլ անձի օդակաթիլային ճանապարհով: Ուհանի առողջապահության հարցերով կոմիտեն իր հրապարակած մեկնաբանության մեջ նույնպես չի բացառել, որ վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդ, սական առայժմ դա հաստատող ակնհայտ վկայություններ չեն հայտնաբերվել:

ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման առնչությամբ վաղը հրատապ նիստ է գումարելու:

Արթուր Հովհաննիսյան