Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին չմասնակցելով` ո՞ւմ ցանկությունները բավարարեց վարչապետը (տեսանյութ)

Երեք ու կես ամսում կասկածելի պայմաններում մահացան ուժային կառույցների  երեք ներկայացուցիչներ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, որը ԱԱԾ-ը ղեկավարեց երկու տարի և պաշտոնից հեռացավ 2018-ի իշխանափոխությունից հետո:

Արդյո՞ք երեք ողբերգական դեպքն էլ մեկ շղթայի շարունակություն են:

«Անշնորհակալ և շատ վտանգավոր է գնահատել, եզրակացություններ անել, կարծիքներ հայտնել՝ առանց անհրաժեշտ տեղեկատվության»,- ասաց «Մենք» հաղորդաշարի հյուրը՝ «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, միաժամանակ նկատելով, որ այս օրերին սոցիալական ցանցերը ողողվեցին փոխադարձ մեղադրանքներով, կարծիքներով, մեկնաբանություններով։

«Ջրբաժանը քաշված է, անգամ ամենացավոտ հարցերում փորձում են լայքեր ու քոմենթներ հավաքել, և չեն կանգնում ոչնչի առաջ։ Նման ողբերգական իրավիճակներում կարծիքներ հնչեցնելը, քաղաքական գնահատականներ տալը անբարոյական մոտեցում է։ Այս պահին պետք է զերծ մնանք գնահատականներ տալուց, չպետք է նմանվենք իրար վրա ցեխ շպրտող խմբին, պետք է բարձր լինենք՝ հասկանալով, որ վտանգված է մեր հասարակության անդորրը, մեր համերաշխությունն ու միասնությունը։ Ունենք խնդիր ապացուցելու, որ կարող ենք միասնաբար դուրս գալ այս ճգնաժամից՝ բարոյահոգեբանական ճգնաժամից»։

Նկատենք, որ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան լուրը տարածվելուն պես նկատելիորեն ակտիվացան սորոսական շրջանակները՝ ուղղորդող վարկածներ ու ենթադրություններ շրջանառելով, իհարկե, սլաքն ուղղելով նախկիններին:

Մասնավորաբար, կանխակալ գրառումներով աչքի ընկան Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը, ինչպես նաև, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Ի՞նչ են նշանակում այն գրառումները, որոնք թիրախավորում են կոնկրետ շրջանակների․ «Ես անլուրջ եմ վերաբերվում նման գրառումներին, մեկնաբանություններին։ Դանիել Իոաննիսյանն անլուրջ գրառումներ է անում, և կարևոր, նույնիսկ միջպետական մակարդակի հարցերի շուրջ կարող է անլուրջ հայտարարություններ անել։ Նույնպիսի գրառումներ անում է նաև Ստյոպա Սաֆարյանը։ Եվ ես չեմ ցանկանում նրանց գրառումները մեկնաբանել»։ Բաբայանն ասաց՝ վարվում է մի քաղաքականություն, որտեղ հստակ գծված են ջրբաժաններ․ «Քաղաքական դաշտում, բնական է, որ պետք է հնչեն մեղադրանքներ, քննադատություններ, բայց Հայաստանում այսօր այդ քննադատությունների մակարդակն է իջել»։

Հիշեցրեց․ այս իշխանության ղեկավարման երկու տարին լրանում է, մինչդեռ, այն կարևորագույն խոստումները, որ տրվել են հրապարակներում, փողոցներում՝ չեն կատարվել։ «Մարդիկ դուրս եկան, որ մերժեին հինը, կոռուցեին երկիրը, որտեղ պետք է լիներ ներդրումային բում, տուրիստական բում, արդարադատություն լիներ, քաղաքական դաշտը ազատ լիներ։ Երկու տարին լրանում է, ու զրո բարեփոխում։ Ինչ անում են՝ հանգեցնում է դժգոհության, փողոցային պիկետների»։

Անդրադարձավ նաև վարչապետի պահվածքին։

Հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ցավակցություն չհայտնեց Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ, բավարարվեց միայն վարչապետի աշխատակազմի տարածած մամուլի չոր հաղորդագրությամբ, ինչո՞ւ չմասնակցեց Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը, ասաց․ «Իմ կարծիքը հետևյալն է, Փաշինյանի քայլերը բխում են մեկ տրամաբանությունից, դա հետևյալն է, կա մի մասսա, մի խումբ մարդիկ, որոնք ակտիվ փոքրամասնություն են, որոնք փորձում են պահել Փաշինյանի իշխանությունը։ Եվ ուրեմն, Փաշինյանին ի՞նչ է մնում անել․ նա պետք է իր բոլոր քայլերը բխեցնի այդ մարդկանց տրամաբանությունից։ Այն օրը, երբ Փաշինյանը կկատարի քայլեր այդ մարդկանց տրամաբանության դեմ, նրանք դուրս կգան իր դեմ։ Հետևաբար, Փաշինյանի բոլոր քայլերը մտածված են, հստակ հաշվարկված և ուղղված են կոնկրետ խմբի ցանկությունները բավարարելուն»։

Հարցին, թե Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին չմասնակցելով, ո՞ւմ ցանկությունները բավարարեց վարչապետը, Վահան Բաբայանն ասաց․ «Իր կողմնակիցների շրջանակի, որին նա կերակրել է միֆերով, թե նախկինների մեջ չկան լավ մարդիկ, չկան պրոֆեսիոնալներ, որ նախկինները՝ բոլորը թալանչիներ են, որ նրանք քանդեցին պետությունը, ու խեղճ վարչապետը պետք է այս քանդված պետությունը ոտքի կանգնեցնել։ Հետևաբար, բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատել են նախկինների հետ, չեն կարող լավ ընկալվել Փաշինյանի հրապարակային, քաղաքական հայտարարություններում։ Եթե նա դա անի՝ կկորցնի իր միֆերին հավատացածների անվերապահ աջակցությունը և նախկինների դեմ հյուսած այդ միֆը կփլուզվի»։

Մանրամասները՝ տեսանյութում