Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման նպատակով

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն հունվարի 20-ին մարզպետարանում աշխատանքային հանդիպում է ունեցել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ: Այս մասին տեղեկացրել է Կոտայքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը:

Հանդիպման նպատակն էր՝ վերհանել և գույքագրել ծննդօգնության բաժանմունքում առկա բոլոր խնդիրներն ու առավելագույն կարճ ժամկետում մշակել ճանապարհային քարտեզ:

Արդյունքում որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ Եղվարդի

«Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով:

Մարզպետի կողմից սահմանվել է քառօրյա ժամկետ, որի շրջանակում աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի և ներկայացնի հաշվետվություն

1․բժշկական կենտրոնի 2018-2019թթ. ֆինանսական շարժի ու դրամական միջոցների աճի միտումների, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորման հնարավոր աղբյուրների վերաբերյալ,

2․կադրային քաղաքականության ու կադրերի մասնագիտական որակների վերաբերյալ. հարկ եղած դեպքում վերապատրաստման գործընթաց սկսելու համար,

3․ բաժանմունքում առկա բժշկական սարքերի պիտանելիության և նորացման, ինչպես նաև առաջնային անհրաժեշտության սարքավորումների տեսակների ու ձեռքբերման եղանակների վերաբերյալ,

4․ բաժանմունքում հիվանդասենյակների և ծնարանի ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:

Վերոնշյալ տեղեկատվության հավաքագրումից հետո այն կդրվի քննարկման. բոլոր այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել մարզպետի լիազորությունների սահմանում, կընդգրկվեն մարզպետի աշխատակազմի աշխատանքային օրակարգում, իսկ մարզպետի լիազորություններից դուրս գտնվող խնդիրների լուծման համար Կոտայքի մարզպետը կդիմի Առողջապահության նախարարություն: