ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ծննդյան վկայականներում երեխայի սեռը նշելու մասին օրինագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել նաև երեխայի սեռը: Հունվարի 20-ի ԱԺ նիստում նախագիծը ներկայացրել էր խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

«Առաջարկում ենք մեր ծննդյան վկայականներում ավելացնել սեռ բառը, որպեսզի այսուհետ ծննդյան վկայականներում պարտադիր ամրագրվի երեխայի սեռը: ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում գործող օրենքով պարտադիր չէ սեռի նշումը, որի հետևանքով մեր քաղաքացիները բախվում են մի շարք խնդիրների՝ հատկապես օտար երկրներում: Բացի դրանից, կարող են լինել նաև այլ խնդիրներ, երբ միայն անունից հնարավոր չէ հասկանալ երեխայի սեռը»,- նշել էր Եղիազարյանը:

Օրենքի նախագիծն ընդունվեց 119 կողմ և 1 ձեռնպահ ձայներով: