Հաճախ եմ ստանում այն տպավորությունը, որ մեր հասարակությունը նման է կոբրայի կծածին

Այո, հենց կոբրայի: Ի տարբերություն, օրինակ, իժի և գյուրզայի, որոնց թույնը հեմոտոքսին է, այսինքն` արյունաթույն, որն առաջացնում է արյունալուծում (հեմոլիզ), հանգեցնում էրիթրոցիտների քայքայման, կոբրայի թույնը նեյրոտոքսին է (նյարդաթույն), որն ունենալով նեյրոպարալիտիկ բնույթ, վնասում է զոհի նյարդային համակարգը, կաթվածահար անում այն և մկանները, զոհը չի կարողանում շարժվել ու նույնիսկ շնչել, դրանից հետո նրա ճակատագիրն արդեն կարելի է պատկերացնել` վախճան, մահ:

Թե ով կամ ովքեր են այդ կոբրան, ով կամ ովքեր, ինչպես նաև պատմական ու մերօրյա ինչ հանգամանքներ են մեզ հասցրել այս վիճակին, որ նույնիսկ ինչ-որ շարժումներ չենք կարողանում կատարել` գոնե փորձելով ինքներս մեզ պաշտպանել ու փրկվել, թող ընթերցողներից յուրաքանչյուրն ինքն իր հետևությունը կատարի: Ես ընդամենը փաստն եմ արձանագրում` իբրև թե քրիստոնյա լինելով, մենք հանցավոր ու մահացու կերպով անտարբեր ենք շրջապատում կատարվող այն ամենի նկատմամբ, ինչն էական նշանակություն ունի չասեմ մարդկության, այլ նույնիսկ մեր ազգի, հայրենիքի, պետության, մեր մերձավորների, անգամ հենց մեր ընտանիքի և անձնապես մեր համար, մինչդեռ քրիստոնեությունն անտարբերությունը մեծ մեղք է համարում:

Հանուն ճշմարտության ասեմ, որ նախկինում էլ այս առումով մի բան չէինք, բայց հատկապես «թավշյա հեղափոխություն» կոչվածից հետո շատ մարդիկ հուսախաբ ու հուսահատ լինելով, իրենց խաբված զգալով, հայտնվել են ոչ միայն շփոթահար, այլև դեպրեսիվ և անտարբերության հիվանդագին վիճակում` ապաթիայում:

Մեր հասարակությունը հիմա, ինչպես ասում են նման դեպքերում, էշի ականջում քնած է` աշխարհից, կյանքից կարծես անտեղյակ, շրջապատի անցուդարձին չարձագանքող: Իշխանությունները մտադիր են ու պատրաստվում են վավերացնել Հայաստանում ԼԳԲՏ անձանց այլասերման, պղծության քարոզի «իրավունքը», հնարավորությունը, տրանսվեստիտներին մեր երեխաների դաստիարակությամբ զբաղվելու ու նույնիսկ երեխաներ որդեգրելու «իրավունքը», հնարավորությունը գործնականում ապահովող Ստամբուլյան կոնվենցիան, հասարակությունն ավելի քան 99 տոկոսով դեմ լինելով դրան, ոտքի չի ելնում, նրա մի մասը բավարարվում է ընդամենը Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրելով:

Առողջապահության նախարարը, նախարարությունը դադարեցնելով մարզային մի շարք ծննդատների ֆինանսավորումը, համենայն դեպս, այդ ծննդատների ղեկավարներին հայտնելով այս տարվա սկզբից դրանց ֆինանսավորման դադարեցման մասին, գնում են դրանք փակելու քայլին, հասարակության վերաբերմունքը դարձյալ գրեթե զրոյական է:

Այս իրավիճակում խիստ ցավալի, բայց ամենևին զարմանալի չէ, թե մեր հասարակությունն ինչու ոտքի չելավ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար, ռազմական ու պետական խոշոր գործիչ, Արևմտյան Ասիայում գործող ահաբեկչական խմբավորումների, այդ թվում նաև ԻԼԻՊ-ի դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունեցած լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության դեմ ԱՄՆ-ին, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությանն իր բողոքն արտահայտելու:

Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ-ի կողմից պետական մակարդակով իրականացված միջազգային ահաբեկչության դեմ ընդվզեցին, իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար ոտքի ելան գրեթե ողջ աշխարհում, Ճապոնիայից մինչև Իտալիա, Ավստրալիայից մինչև Հնդկաստան ու նույնիսկ մինչև Միացյալ Նահանգներ բողոքի ցույցերը և այլ միջոցառումներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր «Թրամփը հիմարաբար կամ ամերիկյան ցինիզմով գրեթե ողջ աշխարհում պայթեցրել է հակաամերիկյան ռումբը» հրապարակմամբ, հաջորդել են միմյանց:

Բազմաթիվ մարդիկ ու նույնիսկ քաղաքական ուժեր, պետությունների ղեկավարներ, արտգործնախարարներ և այլ պաշտոնյաներ կատարվածի դեմ հանդես են եկել նաև Շվեյցարիայում, Հունաստանում, Հյուսիսային Կորեայում և Հարավային Կորեայում, Իրաքում, Ռուսաստանում, նույնիսկ ԱՄՆ-ի հետ չափազանց սերտ հարաբերություններ ունեցող Մեծ Բրիտանիայում և այլուր: Իսկ ի՞նչ արեցինք մենք և Հայաստանի Հանրապետության ղեկավարները… Ղեկավարության վերաբերմունքը, մեղմ ասած, խայտառակ էր ու ՀՀ շահերից բոլորովին չբխող, հայաստանյան քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և հասարակության վերաբերմունքը` անտարբեր: Մենք պարզապես նստեցինք մեր տներում ու փողոց դուրս չեկանք, նույնիսկ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ բողոքի մի խորհրդանշական ցույց չկազմակերպեցինք:

Բացառությամբ Իրաքի, վերոնշյալ պետություններից որևէ մեկն Իրանի հետ հարևան ու բարեկամ չէ, նույնիսկ հազարավոր կիլոմետրերով հեռու են նրանից: Հայաստանի Հանրապետությունը և հարևան է, և պաշտոնապես բարեկամ պետություն է Իրանի Իսլամական Հանրապետությանը, էլ չենք խոսում Արցախյան պատերազմի ընթացքում հայերիս Իրանի և անձամբ գեներալ Սուլեյմանիի անուրանալի աջակցության մասին: Իսկ մենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից սկսած, պարզապես ուրացանք: Բա հարևանն ու բարեկամն այսպե՞ս են լինում, հարևանությունն ու բարեկամությունն այսպիսի՞ն է լինում… Հիմա, Աստված մի արասցե, եթե նորից պատերազմ լինի ու հանկարծ նեղն ընկնենք, բարոյական ի՞նչ իրավունքով ենք Իրանից աջակցություն ակնկալելու…

Համառոտ տեղեկանք. Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն, վաղուց իր վեր, այնտեղ ունենք հայկական մեծ համայնք: Իրանի կառավարության անմիջական հովանավորությամբ պահպանվում և վերանորոգվում են հայկական եկեղեցիներն ու պատմական հուշարձանները։ Իրանի Սահմանադրության համաձայն, իրանահայ համայնքն իր երկու պատգամավորներով ներկայացված է նաև ԻԻՀ Մեջլիսում։

ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ, 1992 թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է հռչակագիր` Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը: 1992 թ. սկսած, Իրանի` որպես Մերձավոր Արևելքի առանցքային պետություններից մեկի, և Հայաստանի միջև աստիճանաբար ձևավորվել և զարգացել է քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցություն: Անցած տարիների ընթացքում երկու պետությունների նախագահների, վարչապետների, արտգործնախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ փոխայցելություններ են եղել:

Արթուր Հովհաննիսյան