Ներքին թշնամանքը երկիրը հասցրել է վտանգավոր սահմանագծի, որից այն կողմ պետականության կորուստն է

Երկրի բարձրաստիճան պաշտոնյայի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրը ցնցեց հայ հասարակութունը: Այս օրերին մարդիկ հիշում են մինչ այս տեղի ունեցած երկու ողբերգական դեպքերը. 2019-ի սեպտեմբերի 23-ին գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվեց նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։ Իսկ դրանից երկու ամիս անց՝ նոյեմբերի 29-ին, լսեցինք ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի մահվան լուրը. դեպքը տեղի էր ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:

Ինչի՞ մասին են գուժում ուժային կառույցները ներկայացնող նախկին պաշտոնյաների մեկը մյուսին հաջորդող ողբերգական մահվան դեպքերը:

Հանրային դաշտում տարբեր վարկածներ են շրջանառվում: Առայսօր որևէ տեղեկատվություն չկա, թե ի՞նչը կարող էր ստիպել փորձառու զինվորական, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին, որը Հայաստանի անկախության առաջին տարիներից ծառայելով պետությանը՝ անցել է դժվարին իրավիճակների միջով, ինքնասպանություն գործել: Անորոշությունն ու անպատասխան մնացած հարցերը հանրության մեջ նորանոր վարկածներ ու կասկածներ են ծնում: Նման դեպքերը պատահականություն չեն կարող լինել: Ուժային կառույցների ղեկավարները տիրապետում են պետական անվտանգությանն առնչվող գաղտնիքների, հետևաբար, նրանց մահը շարքային մահ լինել չի կարող։ Իսկ գուցե հենց տեղեկացված լինե՞լն է դառնում նրանց մահվան պատճառը..․ Ահա թե ինչու առաջին պլան է մղվում հայտնի հարցը՝ ո՞ւմ է ձեռնտու…

39-ամյա Գեորգի Կուտոյանը ԱԱԾ-ը ղեկավարեց 2 տարի և պաշտոնից հեռացավ 2018-ի իշխանափոխությունից հետո: Նրա գործընկերները հիշում են՝ Կուտոյանը մասնագիտական կարողություններ ունեցող, բարեկիրթ, բանիմաց, պատասխանատվության մեծ զգացումով օժտված սպա էր: Լինելով երիտասարդ, նա պատվով է կատարել ԱԱԾ տնօրենի պատասխանատու պարտականությունը:

Գ. Կուտոյանի ողբերգական մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարության բովանդակությունից պարզ է դառնում, որ 2019 թ. դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է Պարույր Սևակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին: Հետո, Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին: Ստացվում է, որ Կուտոյանի կինն առնվազն տեղյակ է եղել նրա կողմից արձակված կրակոցների մասին։

Միայն այս տեղեկատվությունը իր մեջ բազմաթիվ հարցականներ է պարունակում. ի՞նչ նպատակով է Կուտոյանը արձակել հիշատակված 35 կրակոցը, կնոջից բացի, արդյո՞ք այլ մարդիկ տեղեկացված չեն եղել այդ կրակոցներից, եթե այո, ապա ինչո՞ւ չեն հայտնել իրավապահներին կամ գուցե հայտնե՞լ են: Այս ընթացքում ի՞նչ հոգեվիճակում է գտնվել ԱԱԾ նախկին պետը, երկու-երեք օր հանգստանալու նպատակով նրա առանձնանալը չի՞ անհանգստացրել տանեցիներին: Ի վերջո, ի՞նչ նպատակով էր Գ. Կուտոյանը վերադարձել Հայաստան. հայտնի է, որ նա արտերկրում էր ու միայն վերջերս էր վերադարձել: Գուցե հատուկ կանչե՞լ են:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը Գեորգի Կուտոյանի մահվան առիթով ասել է. «Կարող է լինել սպանություն, սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ» և հավելել՝ համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզ կլինի, թե ի՞նչ է տեղի ունենում: ՀՔԾ-ն էլ տեղեկացրեց, որ Գեորգի Կուտոյանը որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել, որևէ գործով չի հարցաքննվել:

Ի՞նչ է կատարվում իշխանափոխությամբ «նոր Հայաստան» հռչակված մեր երկրում: Երկու տարի է, որ Հայաստանը ներքին լարումների մեջ է. «սիրո ու համերաշխության» լոզունգը փոխարինվեց «ասֆալտին ծեփելու», «թաթիկներ կտրելու», «գետնին փռելու», «վզներից բռնած… բերելու» կոչերով: Բայց դրանք ոչ միայն, պարզապես, հնչած կոչեր էին, այլև դարձան վարվող քաղաքականություն: Երկիրը «սև»-երի ու «սպիտակ»-ների, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանումը հանգեցրել է ներքին պառակտման, ատելության ու թշնամանքի չափաբաժինն անասելի մեծացել է: Բարոյականության ճգնաժամ է… Երկրի կարևորագույն կառույցները թիրախավորելը, ֆեյսբուքյան անսանձ գրառումներով հերոսներին, պետությանը ծառայած մարդկանց պիտակավորելն ու վարկաբեկելը, ուժային կառույցների հասցեին արվող զազրախոսությունները միայն երկիր են թուլացնում: Այսօր հասել ենք չափազանց վտանգավոր մի սահմանագծի, որից այն կողմ պետականության կորուստն է…
ԱԱԾ նախկին տնօրենին ուղղված կրակոցը միայն անձին ուղղված կրակոց չէր: Նկատենք, որ Կուտոյանը քաղաքական հայտնի ֆիգուր չէր, նրա անձը կարևորվում է հենց նրանով, որ եղել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ: Կնշանակի, կրակոցն ուղղված է երկրի անվտանգությունը պահպանող կարևորագույն համակարգին՝ ԱԱԾ-ին, ուրեմն, ուղղված է երկրին:

Գիտակցո՞ւմ են այս ամենն իշխանությունները, հասկանո՞ւմ են, թե դեպի ո՞ւր է գլորվում Հայաստանը: Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվանից ժամեր անց «նոր Հայաստանի» իշխանության ու իշխանամերձ շրջանակների կողմից հնչած հայտարարությունները, կոչերը, ցավոք, վկայում են այն մասին, որ կա՛մ չկա այդ գիտակցումը, կա՛մ Հայաստանի դեմ իրականացվում է մտածված ծրագրված քաղաքականություն:

Նախ, խիստ տարօրինակ էր ՀՀ վարչապետի ուշացած ցավակցական խոսքը Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Պարզվում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական խոսքը լսվեց միայն կառավարության տեղեկատվության վարչությանն ուղղված լրատվամիջոցների հարցումից հետո, թե ինչո՞ւ է ուշանում վարչապետի արձագանքը: Դրան էլ ավելացավ Փաշինյանի չմասնակցությունը ԱԱԾ նախկին ղեկավարի հոգեհանգստին և հուղարկավորությանը: Վարչապեըտի անհասկանալի վերաբերմունքը և տարակուսանքի, և հեռուն գնացող ենթադրությունների տեղիք է տալիս:

Դրան հաջորդեց երկրի թիվ մեկ քաղաքական կառույցի՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոյանի չմտածված, ավելին՝ այս ողբերգության ֆոնին բաժանարար գծեր քաշող խոսքը, թե՝ «սա անցյալի արձագանքն էր»… Փաստորեն, մարդիկ դեռ չեն գիտակցում իրենց պաշտոնի լրջությունը, չեն գիտակցում, որ երկիր են ներկայացնում (լավ, թե վատ): Մինչև ո՞ւր պետք է ձգվի այս պետականաքանդ ամբոխահաճությունը:

Ի՞նչ անուն տալ սրտխառնուկ առաջացնող երևույթին, երբ մարդու մահը փորձ է արվում քաղաքականացնել: Հանրային խորհրդի նախագահ դարձած Ստյոպա Սաֆարյանն այս անգամ էլ մնաց իր ոճին հարազատ: Տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո երկրում լարվածությունը մեղմելու փոխարեն, ֆեյսբուքյան իր էջում ահա, թե ինչպիսի գրառում կատարեց. «Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, «գիշերը» թիրախ են փոխել… Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին…»: Քաղաքական տարբեր շրջանակների կողմից «ցինիզմ» որակված գրառմանը հաջորդեց Սաֆարյանի նույնքան ցինիկ պարզաբանումը, թե իր գրառումը հասարակությանը սև-սպիտակի բաժանելու ակնարկ չի ունեցել, այլ հանրահայտ Մաֆիա խաղի սև-կարմիրի կամ ազնիվներ-հանցագործներ ակնարկն ուներ:

Մինչդեռ Հանրային խորհրդի նախագահը ճիշտ հակառակ դիրքերից պետք է հանդես գա, նպաստի երկրում ստեղծված լարվածության թուլացմանը, իրականացնի այնպիսի քայլեր, որ նման ողբերգական դեպքերը չդառնան բևեռացման պատճառ: Երկրի ճակատագրով մտահոգ մարդը կհավաքեր Խորհրդի անդամներին ու համատեղ ուժերով կփորձեր գտնել երկիրն այս թշնամական մթնոլորտից հանելու դեղատոմսը: Մինչդեռ տեսնում ենք հակառակը:

Ի դեպ, Կուտոյանի ողբերգական մահվան մասին լուրը տարածվելուն պես սորոսական շրջանակները խիստ ակտիվացան՝ շրջանառելով ուղղորդող վարկածներ: Ինչո՞ւ սա առանձնապես նկատելի դարձավ, քանի որ իշխանափոխությունից հետո սորոսականների բանակը սլաքն ուղղեց երկրի կարևոր կառույցի դեմ ու ԱԱԾ-ը հայտնվեց իշխանության սորոսական թևի հարվածների տակ, սկսվեց կառույցի ոչնչացման, հեղինակազրկման գործընթաց։

Եվ այն, որ մահացած ընկերոջ տան մոտ արտասվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին ոստիկանն իրեն թույլ է տալիս զազրախոսել, թե՝ «Հաջորդը քեզ են խփելու», վկայում է երկրում ծայրաստիճան սրված անառողջ, բարոյահոգեբանական ցածր իրավիճակի մասին: Ինչը հետևանք է վարվող քաղաքականության, հետևանք է սերմանվող ատելության:

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում այդ ոստիկանի հասցեին գրել էր. «Էսքան դիակապտող որտեղի՞ց էս երկրում… Ես մարդկայնորեն հասկանում եմ իր վիշտը, երբ արտասվում է իր մահացած ընկերոջ տան մոտ: Ու հրաժարվում եմ ընկալել էն երկոտանի անասուններին, ովքեր ծաղրում են մարդու վիշտն ու ընտրում, թե ո՞վ է լինելու հաջորդ զոհը: Լավ, էս մեր երկրում որտեղի՞ց էսքան նեկրոֆիլ…»:

5-րդ շարասյունը շարունակում է Հայաստանը ցնցել ներսից…

Ու հիմա երկրի առողջ ուժերի առաջ կանգնած է մեկ գերխնդիր, դա մեր Պետության ներքին կայունության, արտաքին անվտանգության ապահովումն է, ինչի շուրջ էլ պետք է լինի համախմբում, եթե չենք ուզում օրեցօր ահագնացող լարվածությամբ վտանգել մեր պետության գոյությունը:

Արմինե Սիմոնյան