Տեխասում արտադրել են աշխարհի ամենամեծ սնիկերսը

Տեխասի նահանգի Վակո քաղաքի Մարս Վրիգլի (Mars Wrigley) գործարանն արտադրել է աշխարհի ամենամեծ սնիկերսի սալիկը։ Այս մասին հաղորդում է «Fox 44»-ը։

Ձեռքբերումն արդեն գրանցվել է և տեղ կգտնի Գինեսի ռեկորդների գրքում: Սալիկը կշռում է ավելի քան 2,1 տոննա և ունի 60 սանտիմետր լայնություն: Զանգվածով այն հավասար է 43 հազար ստանդարտ սալիկի։

Ռեկորդի հեղինակները ոգեշնչվել են նահանգի հեղինակությամբ: Ամերիկացիները համարում են, որ Տեխասում կարելի է գտնել ցանկացած սովորական իրի՝ աշխարհում ամենամեծ չափը:

Վակո (Waco) գործարանը Մարս Վրիգլի (Mars Wrigley) ընկերության քաղցրավենիքի խոշորագույն արտադրողներից է: Նրա աշխատողներին այս ռեկորդը սահմանելու համար անհրաժեշտ եղավ մեկ շաբաթ: Միացյալ Նահանգների Մարս ընկերության յուրաքանչյուր աշխատող կստանա աշխարհի ամենամեծ սալիկից մի կտոր: