Դատավճռով հաստատվե՞լ է, որ իքս հեռուստատեսության սեփականատերը կոռուպցիոներ է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է լրագրող Արմեն Հակոբյանը, որը խոսեց այսօր լրատվամիջոցների՝ իրենց խոսքի ազատությունը և բազմակարծության ապահովման իրավունքն իրացնելու համար ստեղծված պայմաններից։ Նա նաև անդրադարձավ վարչապետի այն հայտարարությանը, թե երբևէ լրատվամիջոցներն այնքան ազատ չեն եղել, որքան վերջին մեկուկես տարում։

«Երրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում չի եղել խոսքի արտահայտող, որ արտահայտվելու հնարավորություն կամ հարթակ չստանա, սա չափորոշիչ է։ Պարոն Փաշինյանը և նրա թերթը՝ «Հայկական ժամանակը», ազատորեն գործել են։ Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ հայտնվել է դատական խնդիրների մեջ տարբեր հրապարակումների համար, բայց նման խնդիրների առաջ են կանգնել նաև իշխանամետ լրատվամիջոցները»,- ասաց հաղորդման հյուրը։

Իսկ ինչպե՞ս կարելի է չափել խոսքի ազատության հնարավորությունը։ Արմեն Հակոբյանի հավաստմամբ՝ կոնկրետ միջադեպերը ցուցիչ են։ Ըստ նրա՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում եղել են հստակ դեպքեր․ «Երբ ոստիկանությունը կամ հատուկ ծառայությունները թափանցեցին Yerevan.today խմբագրություն՝ պատրվակով, թե այնտեղից խնդրահարույց տեսանյութ է տարածվել։ Բայց այդպես չէր։ Դա ճնշո՞ւմ է։ Իմ կարծիքով՝ այո։ News.am-ի հետ կապված նման՝ մի քիչ ավելի փոքր ծավալի պատմություն եղավ։ Hayeli.am-ի վրա հարձակումը, որը ոտնձգություն է խոսքի ազատության դեմ։ Նաև «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էին մուտք գործել՝ որոշ տեղեկություններ հայթայթելու հույսով։ Եթե դիտարկենք, թե վերջին մեկուկես տարվա ընթացում Ժուռնալիստների միությունը և իրենց գործառույթին հավատարիմ մնացած հասարակական կազմակերպությունները, որոնք խոսքի ազատության, իրավապաշտպանությամբ են զբաղվում, քանի անգամ են մտահոգությամբ հանդես եկել, ապա կհասկանանք՝ որքանո՞վ է ճիշտ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե երբևէ լրատվամիջոցներն այսքան ազատ չեն եղել, որքան հիմա։ Դեպքերը հակակշռում են նրա խոսքերին»։

Արմեն Հակոբյանին մտահոգում է այն ատելության, ծայրահեղ անհանդուրժողականության, սպառնալիքներով լի միջավայրը, որն ուղղված է ազատ խոսքի, այլակարծության, այլ տեսակետի, քննադատական արձագանքի դեմ։ Սա խիստ մտահոգիչ է։ Նման միջավայրը, նրա համոզմամբ, ուղղված է ընդհանուր ճնշում գործադրելուն լրատվամիջոցների վրա։

Լրագրողն անդրադարձավ նաև օրերս կառավարության նիստի ժամանակ հեռուստաընկերությունների մասին վարչապետի խոսքին, որի համաձայն առնվազն երկու հեռուստաընկերության լոգոյի փոխարեն պետք է գրվի «կոռուպցիոներ»։

Մանրամասները՝ տեսանյութում