Արդարության սկզբունքը ստորադասվեց անձնական շահին. Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետի մասին

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը ոչ օբյեկտիվ էր։ Արդարության սկզբունքը ստորադասվեց անձնական շահին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, կից ներկայացնելով Շիրակի մարզպետի որոշումը՝ Ժորժիկ Սերոբյանին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում նշանակելու մասին։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ մրցույթ: Հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ: Նրանցից մեկը «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» արդեն նախկին տնօրեն, դաշնակցական Աշոտ Կուրղինյանն էր, իսկ մյուսը՝ նույն հիվանդանոցի վնասվածքաբան Ժորժիկ Սերոբյանը: Մրցույթի արդյունքներով երկու թեկնածուներն էլ համարվեցին հաղթող, թեև որոշակի առավելություն ուներ Աշոտ Կուրղինյանը: Որից հետո հանձնաժողովը որոշում կայացնելու պատասխանատվությունը թողեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի վրա:

Իսկ նախօրեին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով թեկնածուներին և այն մտավախությանը, որ նրանցից մեկը՝ Ժորժիկ Սերոբյանը, մարզպետի ընկերական շրջապատից է, նշել էր, որ եթե ինքը լիներ լիազոր մարմինը, ապա տնօրենի փոփոխություն չէր կատարի: Նախարարն ընդգծել է, որ Աշոտ Կուրղինյանի աշխատանքից գոհ է եղել: