ԱՄՆ-ը և Իսրայելը վերակենդանացրել են «Իսլամական պետությունը»

Միանգամայն սպասելի էր, որ վերջին 3-4 օրում կտրուկ սրվել է օպերատիվ իրավիճակը Սիրիական անապատում և սահմանակից իրաքյան մի շարք նահանգներում: Տարբեր դիտորդներ հայտնում են, որ կատարվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման յուրահատուկ «վերակենդանացում»: Հունվարի 13-ին և 14-ին այս խմբավորման ավազակները մի քանի անգամ հարձակվել են սիրիական բանակի և շիական աշխարհազորայինների վրա: Ճիշտ է, առայժմ նրանց հարձակումները հետ են մղվում: Բայց սիրիացիները և իրաքցիները կորուստներ են կրում: Լրատվամիջոցները հայտնում են, որ ընդհանուր առմամբ ԻՊ զինյալների համակարգված գրոհների հետևանքով սպանվել են մինչև 15 սիրիական զինծառայող, Իրաքում՝ երկու շիական աշխարհազորայիններ: Վիրավորների թիվը հասնում է տասնյակների:

Ավելին, այս օրերին պարզ երևաց, որ «որոշակի ուժեր» ձգտում են սպանել նաև ռուս զինվորականներին: Մասնավորապես, հունվարի 14-ին հրթիռային հարված է հասցվել Հոմս նահանգի արևելյան մասում գտնվող սիրիական Տ-4 ռազմական ավիակայանի վրա: Համաձայն լիբանանյան «Al-Masdar News» լրատվական աղբյուրի՝ ավիաբազայում մի շարք պայթյուններ են հնչել այն բանից հետո, երբ որոշ հրթիռներ կարողացել են խոցել նշված թիրախները: Նա հավելել է, որ չնայած որոշ հրթիռներ այնուամենայնիվ հարվածել են բազային, սիրիական ՀՕՊ-ը կարողացել է կասեցնել մի քանի հրթիռ: Աղբյուրը ենթադրում է, որ հրթիռներն արձակվել են իսրայելական ՌՕՈՒ ինքնաթիռից: Չնայած որևէ ապացույց չկա, թե ով է կանգնած հարձակման հետևում, դաշտային լրագրողները պնդում են, որ հրթիռներն արձակվել են ինքնաթիռից, որը կառավարական տարածքներ էր մուտք գործել այսպես կոչված «Սիրիական  ժողովրդավարական ուժերի» (SDF) կողմից վերահսկվող տարածքներից՝ ԱՄՆ և կոալիցիոն ուժերի աջակցությամբ: Հետևաբար, չի բացառվում, որ հարձակումը իրագործել են ամերիկյան զինված ուժերը:

Հրապարակումը ցույց է տալիս, որ Տ-4 ավիաբազայում տեղակայված են ինչպես իրանական, այնպես էլ ռուսական զորքերը: Նախկինում այն ​​բազում անգամ դառնում էր Իսրայելի ՌՕՈՒ թիրախ: Համաձայն «Ասադի բեղեր» Տելեգրամ-ալիքի տվյալների՝ չորս հրթիռներ խոցել են մի շարք թիրախներ, ոչնչացվել են մի քանի շենքեր: Նախօրեին Տ-4 բազայում վայրէջք էին կատարել երկու ինքնաթիռ Թեհրանից: Թե ինչ բեռ է առաքվել, անհայտ է: Ըստ երևույթին, այդ պատճառով սիրիական կառավարական SANA գործակալությունը մեղադրում է իսրայելական ռազմաօդային ուժերին, ինչպես նաև՝ Աթ-Թանֆի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմաբազան, որը տեղակայված է Հորդանանի սահմանի մոտ: Հաղորդվում է սահմանափակ գույքային վնասի մասին: Սիրիան պնդում է, որ ոչ ոք չի զոհվել: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններից:

Դամասկոսում և Բաղդադում առավել կասկածելի համարում են  այն փաստը, որ բառացիորեն անցած հանգստյան օրերին Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը, որը համարվում է Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի տիպիկ գործակալ, France 24 ալիքին հայտնել է, որ Իրաքի Անբար նահանգում, որը սահմանակից է Սիրիային, «վերջին տարիներին վերականգնվել և ամրապնդվել է ԻՊ-ը»։ Այս խոսքերից մեկ օր չանցած, ԻՊ-ն իր մասին հիշեցրել է Սիրիայում և Իրաքում գործած լկտի հարձակումներով: Սա չի կարող փոխկապակցված չլինել: Ռազմական փորձագետները նշում են, որ տագնապալի ազդանշանը նույնիսկ մարտական ​​կորուստները չեն, այլ ԻՊ-ի հարձակումների թափը: Առաջին հայացքից սրանք նույն ավազակներ էին, որոնք հարձակվում էին, հետո փախչում անապատ, բայց իրականում 2017 թվականից ի վեր առաջին անգամ ահաբեկիչներն իրենց դրսևորեցին ոչ թե որպես առանձին «բջիջներ», այլ որպես միասնական կենտրոնից ղեկավարվող ուժեր: Նման հսկայական տարածության վրա գրոհները համակարգելու համար անհրաժեշտ է մեկ հրամանատարական կենտրոն, և, ըստ երևույթին, ԻՊ-ում այն կրկին հայտնվել է: Չի բացառվում, որ ամերիկացիներն իրենք են ուղղորդում բոլոր ահաբեկչական գործողությունները և դրա համար օգտագործում են այն տարածքները, որոնք վերահսկվում են SDF ստորաբաժանումների կողմից:

Առայժմ ԱՄՆ-ի, Իսրայելի և ԻՊ ահաբեկիչների այս սադրանքների «պատասխանը» նկարագրած ահաբեկչական հարձակումներից և Տ-4 ռազմակայանի վրա հրթիռային հարձակումից գրեթե անմիջապես հետո տեղի ունեցած նոր հրթիռային հարվածներն են՝ Իրաքում ևս երկու ամերիկյան բազաների ուղղությամբ: Այսինքն, ինչպես և սպասվում էր, Միացյալ Նահանգները նոր պատերազմ են հրահրում այս տարածաշրջանում, իսկ Իրանն ու Իրաքը շարունակում են մեթոդաբանորեն «դուրս մղել» ամերիկյան զորքերը Իրաքից: Ամերիկյան բազաների վերջին հրթիռային հարվածները հստակ իրականացվել են Իրաքի ներսում. դրանք սովորական հրթիռներ են, ոչ թե միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնցով Իրանը, ըստ էության, ոչնչացրել է ամերիկյան բազաները Աին ալ-Ասադում և Էրբիլում:

Սերգեյ Շաքարյանց