ԵՄ-ը հետևում է ՍԴ շուրջ ծավալվող իրադարձություններին․ դեսպան

Եվրոպական միությունը միջազգային այլ կառույցների նման ուշի ուշով հետևում է ՍԴ շուրջ զարգացումներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ պատասխանելով հարցին, թե հետևո՞ւմ են Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։

«Բնականաբար Եվրոպական միությունը միջազգային այլ կառույցների նման ուշի ուշով հետևում է զարգացումների ընթացքին, սակայն ընթացիկ գործերը մենք չենք մեկնաբանում,-ասաց դեսպանը։-Միայն մեկ բան, որը կարծում եմ կարևոր է՝ տեղյակ ենք, որ Արդարադատության նախարարությունը սերտ շփումների մեջ է միջազգային կառույցների հետ, և մասնավորապես շփումների մեջ է Եվրոպայի խորհրդի հետ ևս»։

Դիտարկմանը, թե նախկինում ներքաղաքական հարցերի վերաբերյալ ԵՄ-ը պարբերաբար հայտարարություններով էր հանդես գալիս, հիմա՝ ոչ, հիմա ԵՄ-ը մտահոգված չէ՞, դեսպանն ասաց․ «Ես չեմ կարող խոսել այն մասին, թե նախորդ դեսպաններն ինչ են արել, մենք հայտարարություն ենք անում  հստակ դեպքերում, բայց չենք միջամտում, և ես կզարմանայի, որ կոնկրետ ընթացիկ գործով միջամտություն լիներ։ Սակայն ավելի արդիական մեկ բան ասեմ, որ դատական համակարգի բարեփոխման ուղղությամբ կան էական ջանքեր, և ԵՄ-ը սատարում է դրան։ Այդ հանգամանքն է, որ մեզ համար շատ կարևոր է։

Ուզում եմ ընդգծել, որ ես այս երկիրը գիտեմ շուրջ 10 տարի, ես աշխատել եմ առաջին օմբուդսմենի հետ, ես տեսնում եմ հետաքրքրություն և սերտ համագործակցություն մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»։