«Ի՞նչ պետք է անեն բժիշկները, պետք է մտնեն տնետուն և ինչ-որ բեղմնավորե՞ն կանանց․․․» (տեսանյութ)

«Չեմ թողնելու, որ ինչ-որ մի սրիկա կամ սրիկաների խմբակ իմ երկիրը քանդի, և այսպիսին միայն ես չեմ, իրենց վախը հենց դրանում է»․ Մարինա Խաչատրյան

Սկզբում ոմանք «հայու գենն» ատելու մասին հայտնեցին, ծաղրեցին այն, իսկ հիմա փորձ արվեց վերջ տալ հայի գենին։

Առողջապահության համակարգը հիմնահատակ ոչնչացվում է։ Այս կարծիքին է մասնագիտությամբ բժիշկ, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը։

«Թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկած ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կամ նրա ղեկավարած նախարարությունը Մարալիկի, Վարդենիսի, Եղվարդի, Թալինի, Աչաջրի, Մասիսի և, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, մարզային ևս երեք ծննդատների ղեկավարներին վերջերս հայտնել են 2020թ․ հունվարի սկզբից նշված ծննդատների ֆինանսավորման դադարեցման, այսինքն, ըստ էության, այդ բուժհաստատությունների փակման մասին։

Կասկածից դուրս է, որ եթե իշխանության վերոնշյալ հանցավոր քայլը թույլատրվի, ապա այն հանգեցնելու է հանրապետությունում ծնելիության նվազեցման, մարզային բազմաթիվ քաղաքների ու գյուղերի դատարկման, արտագաղթի, տներում ծննդաբերության՝ ծննդկանի և նորածնի կյանքի համար վտանգավոր, ի վերջո, հարվածելու է ՀՀ ազգային անվտանգությանը։ Ծնելիության նվազեցումից հետո իշխանությունները փակելու են նաև մանկապարտեզներն ու դպրոցները։

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող պրոցեսներն իրապես խիստ վտանգավոր են մեր ազգի գոյության, մեր պետության պահպանման, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության գոյության առումով, և ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մյուս քաղաքացիների հետ նույն շարքում, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը կամ որևէ մի խմբակ, ով եկել է Հայաստանը քանդելու, քայքայելու, որևէ ապազգային գործունեություն ծավալի»,- LIVEnews.am-ի հեռուստատաղավարում մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Մարինա Խաչատրյանը։

Վերջինս զգուշացրեց հանրությանը՝ զգույշ եղեք, որ իշխանությունները ձեր գլխի տակ փափուկ բարձ չդնեն, ձեզ չխաբեն, որովհետև եթե մտածենք, որ, վերջ, մենք հաղթեցինք, և չեն փակելու ծննդատները, լինելու է երկրորդ հարվածը, և այդ հարվածը լինելու է ավելի մտածված։ Ըստ տիկին Խաչատրյանի, հավանաբար այնպես կանեն, որ բուժաշխատողների արդեն ավելի մեծ դեֆիցիտ կառաջանա մարզային ծննդատներում՝ այդ բուժաշխատողներին ավելի բարձր աշխատավարձով հրավիրելով այլ բուժհիմնարկներ աշխատելու, իսկ երբ արդեն կարևոր դերակատարում ունեցող մասնագետներին հանեն այդ ծննդատներից, և այդ ծննդատունն այլևս չկարողանա գոյություն ունենալ առանց նշված մասնագետների, այդ պարագայում արդեն կասեն՝ ձեր մասնագետներն արդեն հեռացել են, հետևաբար պետք է դուք այլևս գործունեություն չծավալեք։

Մեր զրուցակցի տեղեկացմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունից ժամանակ են տվել մարզային մի շարք ծննդատների՝ եթե հասնեք տարեկան 150 ծնունդ ցուցանիշի, ապա այդ ծննդատների ֆինանսավորումը չի դադարեցվի։ Բայց ինչպե՞ս, այդ ծննդատների բժիշկները գնան ի՞նչ անեն․․․ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահը տարակուսած է՝ Մարալիկի, հարակից գյուղերի բնակիչները պետք է այսօրվանից աշխատե՞ն, որ 9 ամիս հետո երեխա ունենան։

«Ի՞նչ պետք է անեն բժիշկները, պետք է մտնեն տնետուն և ինչ-որ բեղմավորե՞ն կանանց․․․»,- հարցնում է Մարինա Խաչատրյանը։

Առողջապահության նախարարությունից վերոնշյալ առաջարկը կամ պայմանի առաջադրումը տրագիկոմեդիա, անհեթեթություն, անբարոյականություն կամ նույնիսկ սրիկայություն որակելը քիչ կլինի։

«Մարդիկ են, ովքեր չունեն սրբություն, մարդիկ են, ովքեր եկել են կոնկրետ ծրագրով՝ վերացնել հային»,- ասաց Մարինա Խաչատրյանը և հավելեց, որ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը պետք է անհապաղ հեռացվի այդ պաշտոնից, իսկ առողջապահության նախարարության ամբողջ ղեկավար կազմը թարմացվի։

Ըստ մեր զրուցակցի, ընդհանրապես, այս իշխանությունները պետք է հեռանան, ծննդատնեևրն այսօրվա վիճակին հասցնողները պատասխան են տալու օրենքի առաջ, ինչպես Փաշինյանն է ասել, որևէ մեկը չի պլստալու, գործակալական ցանցը պետք է մեր երկրից վտարվի։

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայաստանում «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով բնակչության զանգվածային պատվաստման ՀՀ առողջապահության նախարարության անթույլատրելի, հանցավոր քաղաքականությանը։

Մանրամասները՝ տեսանյութում