ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հայկական արմատները

Հունվարի 15-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական տվեց։ Նույն օրը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում առաջարկել է ՌԴ հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը։ Մամուլում սկսեցին լուրեր տարածվել Միխայիլ Միշուստինի հայկական արմատների վերաբերյալ։ Ըստ որոշ տվյալների՝ նա սերում է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի Թայչարուխ գյուղից, որ տեղացիները պարսկերենից թարգմանաբար անվանել են Միչուստ (Խորհրդային տարիներին՝ ՀՍՍՀ Հրազդանի շրջան Մեղրաձոր)։ Կարծիք կա, որ հենց Միչուստ տեղանունից էլ սերում է Միխայիլ Միշուստինի ազգանունը։

2000-ականների վերջում Միխայիլ Միշուստինը զբաղվել է ներդրումային բիզնեսով․ մինչև 2010-ը եղել է UFG Capital Partners-ի ղեկավար և UFG Asset Management-ի կառավարող գործընկեր։

Ռուսաստանի Դաշնության հարկային ծառայությունը ղեկավարել է 2010 թվականին և եղել այդ կառույցի անփոխարինելի ղեկավարը։

Ահա թե ինչպես է բնութագրել Միշուստինին նրա նախկին գործընկերներից մեկը․«Նա սկզբունքային է, անհրաժեշտության դեպքում՝ դաժան։ Նա գիտի պաշտպանել իր սկզբունքները»։

Հիշեցնենք, որ ՌԴ պետդուման լիագումար նիստի ընթացքում հավանություն է տվել կառավարության ղեկավարի պաշտոնում Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությանը, որն առաջադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։