Անթույլատրելի ենք համարում տիկին Ռիտա Սարգսյանի բարի համբավը պիտակավորելու գործելաոճը․ փաստաբան

Ցավով արձանագրում ենք, որ վերջին ժամանակներում տեղեկատվական դաշտում կտրուկ ավելացել է տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ ապատեղեկատվության, անձի բարի համբավը ոտնահարող, կեղծ լուրերի և ստոր ստերի քանակը: Տեսանելի են նաև նման անբարո մեթոդների պատվիրատուների ականջները: Նրանք սեփական կեղտոտ նպատակների համար չեն խորշում անգամ ամենազարհուրելի և պիղծ մեթոդներից և գործելաոճից:

Բացի ֆեյք լրահոսից, այսօր արդեն կառավարության շենքի մոտ ծառայության ընթացքում մահացած զինվորներից մեկի՝ Արթուր Ղազարյանի մայրը, Իրինա Ղազարյանը մերկապարանոց և զրպարտիչ մեղադրանք է հնչեցրել տիկին Ռիտա Սարգյսանի հասցեին, մեղադրելով նրան «երիկամների վաճառքի» մեջ:

Հանդիսանալով երրորդ նախագահի կինը՝ տիկին Սարգսյանը երկար տարիներ իրականացրել է բազում բարեգործական, առողջապահական ծրագրեր, որոնց շահառու են հանդիսացել հազարավոր մեծահասակներ և երեխաներ: Իրականացված աշխատանքների շնորհիվ փրկված, կյանքի որակը բարելաված, առողջությունը վերականգնած և մարդկային երջանկությունը վերագտած մարդկանց թիվը շատ պատկառելի է: Պատահական չէ, որ տիկին Սարգսյանն առ այսօր ստանում է հարյուրավոր շնորհակալական նամակներ իր կողմից իրագործված գթասրտական ծրագրերի արդյունքների համար:

Անթույլատրելի ենք համարում տիկին Ռիտա Սարգսյանի բարի համբավը պիտակավորելու գործելաոճը: Կոչ ենք անում մամուլի միջոցներին զերծ մնալ իր մասին չստուգված և կեղծ տեղեկատվության տարածումից: Կիսելով զոհված զինծառայողների ընտանքիների վիշտը՝ առաջարկում ենք տիկին Իրինա Ղազարյանին հրապարակավ հերքել իր կողմից բարձրաձայնված հերյուրանքը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում մշտապես պաշտպանելու ենք Ռիտա Սարգսյանի բարի համբավն ու պատիվը:

Ամրամ Մակինյան

Փաստաբան