«Արմաթ» լաբորատորիաների տեղադրման համար 2020 թ․ պետական բյուջեում գումար չի հատկացվել

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման կրթական ծրագիրը: Սակայն օրերս մամուլում բուռն քննարկման առիթ դարձավ այն հայտարարությունը, ըստ որի ԿԳՄՍ նախարարությունը դադարեցնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ֆինանսավորումը։ Այս հայտարարությունը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից հերքվեց։ Նախարարը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ 800 միլիոն դրամ է հատկացվել մարզերում 284 նոր լաբորատորիաներ ներդնելու համար։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը LIVEnews.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ ասաց․ «2020 թվականի պետական բյուջեում «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման գումարը չկա, իսկ 800 միլիոնը  2019 թվականին է հատկացվել։ Պետական բյուջեում  միայն խմբակավարներին հատկացրած աշխատավարձերի գումարն է նշված՝ մինչև 2019 թվականը տեղադրված խմբակների աշխատավարձը, որը դեռ Հովիկ Աբրահամայանի հետ ենք պայմանավորվել, որ ինչքան խմբակ բացենք, Կառավարությունը դրա աշխատավարձը տալու է»,-եզրափակեց մեր զրուցակիցը։ Փորձեցինք պարզաբանում ստանալ նախարարությունից, սակայն ԿԳՄՍ նախարարությունը մեր զանգերն անպատասխան թողեց։

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 280-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 7500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։