Աշխատունակներին պետք է քաջալերենք, որ ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան չաշխատել. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հերթական նիստին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սոցիալական ոլորտում տիրող իրադրությանը և նկատեց, որ այն մարդկանց այդքան էլ չի տրամադրում աշխատանքի: Նա տեղեկացրեց, որ այս թեմայով քննարկումներ են անցկացվում:

«Նախնական մակարդակում կոնկրետացրել ենք հայեցակարգային մոտեցումները, թե ինչ պետք է անենք»,- ասաց նա և նշեց, որ սոցիալական համակարգի վերջնական ձևավորման շուրջ աշխատանքներին պետք է ներգրավեն արդեն այլ գերատեսչություններ:

«Մենք արձանագրեցինք, որ սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան Հայաստանի Հանրապետությունում այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն, ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն չեն կարող իրենց կարիքները հոգալ, իսկ աշխատունակների նկատմամբ վերաբերմունքը այնպիսի պետք է լինի, որ նրանց քաջալերենք, որ ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան թե ավելի շատ շահագրգռված լինեն՝ չաշխատել»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ առաջարկվող համակարգը բարդ է, նախնական է, դեռ պետք է քննարկվի։ Ըստ նրա՝ ուշադրության պետք է արժանանան հատկապես այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան, ինչպես նաև պետք է կարևորվեն այդ ընտանիքների կրթական կարիքները: Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև հանրության հետ քննարկումները՝ նշելով, որ հանրությունը մեզ հետ զուգընթաց պետք է քայլի:

Արձագանքելով վարչապետին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց. «Մասնագիտական և ոչ մասնագիտական հանրույթի հետ քննարկումները պետք է շարունակվեն հենց մշակման փուլում»: