Բեռլինի Սուրբծննդյան բարեգործական համերգին hնչել են հայկական և գերմանական հոգևոր ստեղծագործություններ

Հունվարի 11-ին Բեռլինի Սուրբ Աննեն եկեղեցում, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ, տեղի է ունեցել Սուրբծննդյան բարեգործական համերգ, որի ժամանակ ելույթ է ունեցել «Ars Musica» թյուրինգյան տղամարդկանց երգչախումբը՝ կատարելով հայկական և գերմանական հոգևոր ստեղծագործություններ, ինչպես նաև՝ գերմանաբնակ հայ երգիչ Արտակ Կիրակոսյանը:

Համերգից առաջ ներկաներին ողջունել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, իր բարձր գնահատելով երգչախմբի գործունեությունը, մասնավորապես՝ դեռ 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից տուժած գոտու բնակչությանը բարեգործական համերգների միջոցով ֆինանսական աջացության տրամադրումը, ինչպես նաեւ 2018թ. Գեղարքունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցին վերականգնման աշխատանքներին աջակցությունը: Համերգն ավարտվել է Հայ Առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի աղոթքով:

Սուրբծննդյան բարեգործական համերգի ընթացքում հավաքված ողջ հասույթով երգչախումբը կշարունակի ծրագրեր իրականացնել Գյումրիում՝ ընթացիկ տարում Հայաստան կատարվելիք այցի շրջանակներում:

Համերգի ավարտից հետո երգչախումբը հյուրընկալվել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում: