Մանուկ մորթելն է Ադրբեջանի ստեղծման ուղին․ Նարիմանովի հրահանգը կատարվում է առ այսօր (տեսանյութ)

Հակահայկականությունը կա ու մնում է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում. նպատակները չեն փոխվել անցած դարից մինչ օրս:

Սումգայիթ, Բաքու, Գանձակ, Մարաղա, Արցախի բազմաթիվ շեների եղեռնագործությունների  իրականացնողն Ադրբեջանն է… և այսպես մինչև Բուդապեշտ՝  հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարման ողբերգական դեպքը, մինչև 2016-ի Ապրիլյան պատերազմ, երբ ադրբեջանցի զինվորականների  ձեռքով իրականացվեցին զարհուրելի ոճիրներ, ու ծրագրողը,  հրահանգ տվողը դարձյալ  Ադրբեջանի ղեկավարությունն էր:

«Մենք»-ի հյուրը  ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն է։

«Մենք արդեն վարժվել ենք այն իրողությանը, որ մեր երկու հարևանները՝  թուրքերն ու ադրբեջանցիները, ոչ միայն չեն ընդունում իրենց իրականացրած Ցեղասպանությունը, այլև մեզ են մեղադրում ցեղասպանության մեջ ու սա արդեն 100 տարուց ավելի է»,- ասում է ակադեմիկոսը։

«Ֆաշիզմի հետ  համագործակցած Ադրբեջանի Առաջին Հանրապետության խորհրդարանի նախագահ Ռասուլզադեն հետաքրքիր հիշողություններ ունի, պատմում է․ «Էնվեր փաշան ինձ զանգեց ասաց՝ շնորհավորում եմ, մենք Բաքուն գրավել ենք ու հայ բնակչության ջարդ ենք կազմակերպել», և Ռասուլզադեն դա համարել է իր կյանքի ամենից երջանիկ օրերից մեկը»։ Աշոտ Մելքոնյանը նկատում է՝ մուսաֆաթական Ադրբեջանն այդ նույն ոգով շարունակում է իր քաղաքականությունը, այդպես 1920 թ․ մարտին Խոսրովբեյ Սուլթանովը իրականացրեց հայ բնակչության կոտորածները Շուշիում, ու հակահայկական քաղաքականության շղթան ձգվեց մինչև 1988՝ Սումգայիթ, 1990՝ Բաքու և մինչև այսօր։

Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ կատարվածը լիովին համապատասխանում է 1948 թվականին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի 2-րդ հոդվածի առաջին երեք կետերով նշված գործողություններին: Հիշեցնեք այդ հոդվածը: «․․․ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.

  • այդ խմբի անդամների սպանությունը,
  • այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,
  • որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը․․․»։

«Այսինքն, մարդուն սպանում են այն բանի համար, որ նա այս կամ այն ազգության կամ կրոնական հանրույթի մաս է կազմում։ Այսպիսով, այն, ինչ տեղի է ունեցել 1905, 1906, 1918, 1920 թվականներին, ապա 1988-1990-ին ու շարունակվեց 2016-ի Ապրիլյան պատերազմում, ամբողջովին տեղավորվում է հիշյալ Կոնվենցիայի մեջ։ Հեղինակը հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինն է, որն այդ բանաձևումն արել է 1915 թ․ Հայոց ցեղասպանության իրողությունը հաշվի առնելով։ Այսինքն, մարդկանց սպանել են հայ լինելու համար»։

Եվ այնուհանդերձ, ինչո՞ւ Ադրբեջանը իրականացրեց Բաքվի հայության ջարդերը,  հիմքում միայն էթնիկ պատկանելությո՞ւնն է՝ հայ լինելը՞, թե կային այլ նպատակներ ևս։ Աշոտ Մելքոնյանը պատասխանեց․

«Երբ Գորբաչովը հանդիպում ունեցավ ԽՍՀՄ պատգամավորների հայկական խմբակցության հետ, մերոնց մեղադրեց, ասելով՝ Ղարաբաղի խնդիրը բարձրացրել եք, չեք մտածո՞ւմ հարյուրհազարավոր հայերի մասին, որոնք ապրում են Բաքվում։ Այսինքն, ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը խրախուսում և ուղղորդում էր, Բաքվի իշխանությունն էլ թև առավ։ Առաջին գործոնը սա է։ Նկատենք, որ սա ուղղակիորեն 1905 թ․ փետրվարի 6-ի կրկնությունն էր, երբ Բաքվի նահանգապետ,   գեներալ Նակաշիձեն Սանկտ Պետերբուրգից ստացավ ցուցումը և իրականացրեց հայության բնաջնջումը։ Նույնը, ինչպես ասացի, արեց Գորբաչովը։

Երկրորդ գործոնը հետևյալն է․ Բաքվում հայերը տնտեսական բարձունքներ էին զբաղեցնում, կիրթ էին, նավթային, քիմիական արդյունաբերության մեջ եղանակ էին ստեղծում։ Սա չհանդուրժվեց։ Նույնը տեղի էր ունեցել նաև Օսմանյան կայսրությունում։ Հայոց ցեղասպանության իրականացումն ուներ նաև տնտեսական դրդապատճառ։ Այսինքն, նպատակն էր՝ բնաջնջել հայերին ու դառնալ նրան սեփականության տեր։

Կար նաև հոգեբանական հանգամանքը, ադրբեջանցիները՝ նախկին թաթարները լավ գիտեին, որ մտային, մշակութային, կրթական առումով հայերն իրենցից բարձր են կանգնած, և նաև այս պատճառով չհանդուրժեցին»։

Ակադեմիկոս Մելքոնյանը հիշեցրեց հետևյալ փաստը․ «1920 հուլիսի 5-ն, երբ ադրբեջանական զորքը 11-րդ Կարմիր բանակի հետ միասին ներխուժեցին Գորիս ու գրավեց այն, ստեղծվեց ադրբեջացիների տեղական Հեղկոմ-ը, որի նախագահը Նարիման Նարիմանովն էր։ Նրա գրած նամակներն ունեին հետևյալ բովանդակությունը․ «Մենք՝ թաթարներս,  պետություն պիտի ստեղծենք, և այդ պետությունը պետք  է ստեղծենք հայերի ոսկորների ու արյան վրա։ Եթե չհասկանան, որ մանուկ մորթելու տարբերակն է միայն ադրբեջանական պետության ստեղծման ուղին, մենք պետություն չենք ունենա»։ Եվ նրանք մեր ոսկորների վրա փորձեցին պետականություն ստեղծել՝ ինչպես ստեղծվեց Օսմանյան կայսրությունը՝ քեմալականների ժամանակ,  նույնը տեղի ունեցավ Ադրբեջանի երկրորդ հանրապետության ստեղծման պարագայում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում