Ավստրալիայից առնվազն մեկ դար կպահանջվի՝ հրդեհների հետևանքները վերացնելու համար

«Անցած տարվա աշնանից շարունակվող լայնամասշտաբ բնական հրդեհներից վերականգնվելու համար Ավստրալիային անհրաժեշտ կլինի 100 տարի: Այս մասին գրել է The Sun պարբերականը։

Հրշեջ ծառայությունների տվյալներով՝ հենց այդքան ժամանակ է հարկավոր Ավստրալիային՝ վերադառնելու մինչև հրդեհները եղած վիճակին:

Բացի դրանից, Նոր Զելանդիայի երկինքը փոխել է գույնը` առաջացնելով օդի որակի հետ կապված լուրջ մտահոգություններ: Սպասվում է, որ ավելի սառը եղանակային պայմաններն ու անձրևները կօգնեն պայքարել օդի աղտոտվածության դեմ:

Ըստ ՆԱՍԱ- ի՝ հրդեհներից տարածվող ծուխը «առնվազն մեկ շրջապտույտ կկատարի մոլորակի շուրջը, ինչը կազդի ամբողջ աշխարհում մթնոլորտային պայմանների վրա»:

Նոր տարում Հարավային Ամերիկայում նկատվել են ավստրալական հրդեհների ծխի հետքեր, նշվում է, որ մինչև հունվարի 8-ը ծուխը «կիսով չափ անցել է երկրագունդը»։

Սպասվում է, որ սառը եղանակն ու կանխատեսվող անձրևները կնպաստեն հրդեհների դեմ պայքարին:

Այս պահին Արևելյան Ավստրալիայում հրդեհների ավելի քան հարյուր ակտիվ օջախներ կան: Ըստ տեղեկությունների, անտառային հրդեհները ոչնչացրել են կոալաների պոպուլյացիաների մեկ երրորդը:

Բնության համաշխարհային հիմնադրամը Ավստրալիայի կառավարությանը տեղեկացրել է, որ 13 տեսակի կենդանիների բնակավայրեր կա՛մ ոչնչացվել են, կա՛մ լուրջ վնասվել են:

2019-ի աշնանը երկրում սկսված լայնածավալ բնական հրդեհների զոհ է դարձել առնվազն 28 մարդ, ոչնչացել են ավելի քան երկու հազար տնային տնտեսություններ: Վերջին մի քանի շաբաթում հրդեհները զգալիորեն ուժեղացել են:

Ավստրալիայում ընդհանուր առմամբ կրակի ճարակ է դարձել ավելի քան 10 միլիոն հեկտար անտառ: Հրդեհների մեծ մասը բռնկվում է Նոր Հարավային Ուելսում և Վիկտորիա նահանգներում:

Հրդեհի դեմ պայքարին միացել են փրկարարներ ամբողջ աշխարհից, մասնավորապես ԱՄՆ-ից և Կանադայից: