Թուրքիայի նախագահականում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գործողություններ են քննարկվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նախագահի աշխատակազմի Բարձրագույն խորհրդատվական խորհրդի ժողովը:

Еrmenihaber.am-ի տեղեկացմամբ, նախագահի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով ժողովի օրակարգի մասին: Ժողովի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ըստ Ալթունի՝ քննարկվել են «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների դեմ իրականացվելիք անհրաժեշտ գործողությունները»: Ժողովում ներկայացվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում և արտասահմանում շրջանառվող տեսակետները:

Խորհրդի անդամները հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության թեման որպես գործիք է օգտագործվում այն շրջանակների կողմից, որոնք նպատակ ունեն պառակտել թուրք ժողովրդին: Խորհրդի անդամները կարևորել են թեմային առնչվող «ապատեղեկատվության տարածումը» կանխելու և ճիշտ դիվանագիտական նախաձեռնությունների միջոցով Թուրքիայի դեմ իրականացվող գործողությունները խոչընդոտելու քայլերը:

«Մանրակրկիտ քննարկվել են անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է իրականացվեն 1915-ի դեպքերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պնդումների դեմ»,- ասված է Ալթունի տարածած հայտարարության մեջ: