Հանրային խորհրդում այսօր էլ կան սկզբունքային մարդիկ, որոնք թույլ չեն տա կառույցն այլ շահերի ծառայեցնել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Հանրային խորհրդի մամուլի նախկին պատասխանատու, լրագրող Անի Գասպարյանը, որը մի շարք այլ աշխատակիցների հետ ամանորյա տոներից առաջ ՀԽ-ում աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։

Անի Գասպարյանը խոսեց նախորդ տարեվերջին Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակից՝ բացելով որոշ փակագծեր, ինչպես նաև անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ ՀԽ նախագահի պաշտոնից ազատվելու դրդապատճառներին։

«Վարչապետը ՀԽ 43 անդամներից նախագահի թեկնածու ընտրեց հենց Ստյոպա Սաֆարյանին,- խոսելով ՀԽ նոր նախագահի առաջադրման մասին՝ ասաց ՀԽ մամուլի նախկին պատասխանատուն։- Հասարակությունն ինքը պետք է գնահատի վարչապետի ամեն որոշում, դա նրա անձնական որոշումն է, և երևի թե նա ունի որոշակի նպատակներ այդ մարդու հետ կապված։ Երևի նրա համար ավելի հեշտ է աշխատել Ստյոպա Սաֆարյանի հետ, իսկ Վազգեն Մանուկյանն ունի սեփական կարծիքը, անցել է ճանապարհ, կանգնած է մեր անկախության կերտման ակունքներում, վարչապետը երբեք չէր կարող իր քաղաքական և այլ նպատակները ՀԽ-ի և Վազգեն Մանուկյանի միջոցով անցկացնել և ավելի հարմար թեկնածուն այդ նպատակների համար Ստյոպա Սաֆարյանն է»։

Վազգեն Մանուկյանը ՀԽ-ից հեռացավ այն ժամանակ, երբ կառույցի նկատմամբ բարոյական ճնշումներ սկսվեցին։ Բայց Անի Գասպարյանի հավաստմամբ՝ Վազգեն Մանուկյանը ճնշումների հետևանքով չլքեց կառույցը, պարզապես այլևս կապ չկար կառավարության ղեկավարի և ՀԽ ղեկավարի միջև, իսկ եթե այդ անմիջական կապը գոյություն չունի, համագործակցությունն արդյունավետ չի կարող լինել։ Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն անգամ որևէ ձևով կապ չէր հաստատում Վազգեն Մանուկյանի հետ, անգամ հեռախոսազանգերին չէր պատասխանում։

Մանրամասները՝ տեսանյութում