Էրդողանն ինձնից խլեց ամեն ինչ․ տաքսու վարորդ դարձած թուրք լեգենդար ֆուտբոլիստ

Թուրքական ֆուտբոլի պատմության լեգենդար դեմքերից մեկը՝ Հաքան Շյուքյուրը, իր մարզական կարիերայի ավարտից հետո մտել է քաղաքականության մեջ: Այնուհետև Թուրքիայում սկսել է ենթարկվել քաղաքական հետապնդումների: Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, ի վերջո, ստիպված լքել է հայրենիքը և տեղափոխվել ԱՄՆ: Շյուքյուրն այժմ ապրում է Վաշինգտոնում և աշխատում է որպես տաքսու վարորդ։

«Eurosport»-ը Վաշինգտոնում հարցազրույց է անցկացրել Շյուքյուրի հետ՝ պարզելու, թե ինչպես է դասավորվել թուրքական ֆուտբոլի աստղերից մեկի կյանքը։

Ուշագրավ է, որ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո թուրք ֆուտբոլիստը մտել է քաղաքականություն և դարձել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության»  (ԱԶԿ-AKP) անդամ։ Որոշ ժամանակ անց նրա և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տարաձայնություններ են ծագել, ինչի հետևանքով նախկին ֆուտբոլիստը լքել է կուսակցության շարքերը։ Դրանից հետո նրա դեմ արշավ է սկսվել և իշխանությունների հրահանգով նրա բանկային հաշիվները սառեցվել են։ Նման պայմաններում Շյուքյուրը որոշում է կայացրել լքել Թուրքիան և հաստատվել ԱՄՆ-ում։ Իսկ 2016 թ. Թուրքիայում տեղի ունեցած  ռազմական հեղաշրջման փորձից հետո Շյուքյուրին թուրքական իշխանություններն սկսել են մեղադրել երկրում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։

«Ես սկսել եմ աշխատել որպես տաքսու վարորդ, որովհետև ես ոչինչ չունեմ այս աշխարհում,- «Eurosport»-ին պատմել է թուրք ֆուտբոլիստը: – Էրդողանը ինձնից խլեց ամեն ինչ, այդ թվում և իմ խոսքի ազատության իրավունքը։ Նրանք քարեր էին նետում Թուրքիայում իմ կնոջը պատկանող խանութների վրա, իսկ իմ երեխաները հարձակման էին ենթարկվում փողոցներում։ Երբ ես լքեցի երկիրը, իմ հորը կալանավորեցին։  Այն, ինչ ես ունեի՝ առգրավեցին։ Իմ մերձավորները նույնպես ֆինանսական դժվարությունների մեջ ընկան»։

Շատերը կհիշեն լեգենդար թուրք ֆուտբոլիստին, հատկապես երբ նա փայլեց 2002 թ.  Հարավային Կորեայում և Ճապոնիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ Հենց Հաքան Շյուքյուրի և թուրք մեկ այլ ֆուտբոլիստ Հասան Շաշի փայլուն խաղի արդյունքում Թուրքիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը՝ 3-րդ տեղի համար պայքարում պարտության մատնելով տանտերերին՝ Հարավային Կորեայի հավաքականին։

Հիշեցնենք, որ Շյուքյուրն աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գոլի հեղինակն է: 2002 թ. աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար խաղում նա 11-րդ վայրկյանին գրավեց Հարավային Կորեայի դարպասը: