Փաշինյանն աքցանի մեջ է, բայց մենք Նիկոլին փրկել չենք կարող, ինքը պետք է իրեն փրկի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հրահանգով է կալանավորված «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը

Տարբեր առիթներով  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե մամուլը Հայաստանում այսօր ազատ է ավելի, քան երբևէ, և որ մամուլի ազատությանը չի կարելի կպչել, չի կարելի լրատվամիջոցների դեմ  հետապնդումներ իրականացնել։ Այդպե՞ս է արդյոք։

«Մենք» հաղորդաշարի հյուրը «5-րդ ալիք» հեռուստատեսության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն է։

– Կալանավորված է հայտնի հեռուստաընկերություններից մեկի, ի դեպ,  ընդդիմադի՛ր հեռուստաընկերության սեփականատերը:  Կա՛մ հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը գործել է այնպիսի հանցանք, որ, բնականաբար, պետք է պատասխանատվության ենթարկվի, կա՛մ սա   ընդդիմադիր լրատվամիջոցը լռեցնելու քայլ է, կա՛մ Արմեն Թավադյանը կալանավորված է, որովհետև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընկերն է: Սրանք այն հարցերն են, որոնք շրջանառվում են Թավադյանի կալանավորումից առաջ և հետո: Կառաջարկեմ այս հարցերին առանձին-առանձին անդրադառնալ:

Եվ ուրեմն, ի՞նչ հանցանք է գործել Արմեն Թավադյանը, որ դատախազությունը մերժեց անգամ խափանման միջոցը փոխելու առաջարկը։

 – Մինչ հարցերին անդրադառնալը մի փոքր ճշտում անեմ․ մենք ընդդիմադիր լրատվամիջոց չենք, մենք ազատ լրատվամիջոց ենք։ Ցավոք, Հայաստանում կա խեղաթյուրում՝ ընդդիմադիր և ազատ լրատվամիջոց հասկացողությունների միջև։ Մենք որևէ կուսակցության խոսափողը չենք, որևէ ՀԿ-ի խոսափողը չենք, ինչպիսին են շատ կայքեր ու հեռուստաընկերություններ․․․

 -Ասել է, թե ընդդիմադիր կեցվածքով որևէ մեկի հասցեին ցեխ շպրտելու միտում չունեք․․․

– Իհարկե ոչ, ցեխ շպրտելու միտում չունենք, որևէ մեկից հրահանգ չենք ստանում։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչը հուզում է մեր հասարակությանը, ինչի մասին լռում են որոշ ՀԿ-ների, կուսակցությունների  պատկանող էլեկտրոնային լրատվամիջոցներ։

– Գուցե դա՞ է, որը ցավոք չի ընկալվում, քանի որ այսօր լրատվական դաշտը ևս  տարանջատել են «սև»-երի ու «սպիտակ»-ների։

– Այո, կարելի է ասել, մենք ոչ թե ընդդիմադիր, այլ ազատ խոսքի ջատագով հեռուստատեսություն ենք, որին «սպիտակ»-ները տեղավորել են «սև»-երի դաշտ։ Իսկ այդ բաժանումն ընդդիմությունը չի արել, այդ հրահանգը իջեցվել է պաշտոնապես։ Նախ, դա արեց քաղաքապետը, հետո «կնիքը» դրեց վարչապետը։ Այնպես որ, մենք ազատ խոսք կրող լրատվամիջոց ենք, սակայն, իշխանությունների ձեռքով հայտնվել ենք «սև»-երի դաշտում։

Իսկ ինչո՞ւ են մեզ ասում, թե ընդդիմադիր ենք,  քանի որ մեր եթերում հաճախ են լինում ընդդիմադիրները։

– Որովհետև իշխանությունները չեն գալիս։

– Այո, և եթե գան՝ կլինի բալանսավորում, բայց քանի դեռ նրանք մերժում են ազատ խոսք կրող ցանկացած լրատվամիջոցի, մասնավորաբար, «5-րդ ալիք»-ին, նա պետք է իր ժամանակը լրացնի այլ հյուրերով։ Եվ այս դեպքում գալիս են մարդիկ, որոնք քննադատում են  իշխանությանը։ Բայց իշխանությունը թող գա ու պաշտպանի իր տեսակետը, եթե այդ տեսակետը կա։

Դառնալով հարցին՝ ասեմ․ ես իրավաբան չեմ, ես լրագրող եմ և արդեն  30 տարուց ավելի է լրագրության մեջ եմ, ու տեսնում եմ, թե ի՞նչ է կատարվում Արմեն Թավադյանի շուրջ։ Սա  շինծու մեղադրանք է, կոպիտ, կեղտոտ մեթոդներով սարքված մեղադրանք,  որը պայթելու է․․․ Հավատացեք, Արմեն Թավադյանը ոչինչ չի արել։ Այն տեսանյութը, որը տարածեց Ոստիկանությունը, նորմալ երկրում նման տեսանյութ տարածողին պետք է ձերբակալեին։

– Բայց հակառակը եղավ։

– Այո, եղավ հակառակը։ Նկարված տեսանյութում ինչ-որ մեկն է խոսում է, անունն էլ չեմ  հիշում․․․

– Վարուժան Մկրտչյան, ում ցուցմունքի հիման վրա կալանավորվեց Արմեն Թավադյանը։

– Հա, նա (Վարուժան Մկրտչյանը) մարդուն առաջարկում է՝ ցուցմունքդ փոխիր ու դրա համար քեզ կվճարենք, հետո ցույց են տալիս անկյունում դրված ավտոմատը, հետո ասում է՝  հեսա «պեռեվառոտ» ենք անում, և հիմա այդ մարդն ազատության մեջ է։ Զավեշտալի է, որ տեսանյութի հրապարակման հաջորդ օրը Վարուժանը ֆբ-ում լայվ մտավ ու «Ազատություն» ռադիոկայանն էլ իր հետ հարցազրույց վարեց։ Այսինքն, ժողովրդին մատուցեցին մի տեսանյութ, որը ծայրից ծայր սուտ էր։ Եվ այդ մարդը դեռ կալանավորված չէ․․․

Բայց այստեղ մեկ այլ նրբություն էլ կա։ Այն մարդուն, ում (Վարուժան Մկրտչյանը) համոզում էր՝ արի ցուցմունքդ փոխի,  ու երբ այդ մարդու  ցուցմունքը հայտնվեց «Ժողովուրդ» օրաթերթում, կարդացինք՝ հասկացանք, որ նրա փոխել-չփոխելը ոչ մի էական նշանակություն չունի։

– Նշանակություն չունի Ռոբերտ Քոչարյանի գործի՞, Մարտի 1-ի համա՞ր։

– Ոչ միայն Քոչարյանի գործի, այլև ընդհանրապես, նշանակություն չունի Մարտի 1-ի գործի համար․․․ Քոչարյանի անունն ընդհանրապես այդ ցուցմունքում չկար, որևէ պաշտոնատար անձի անուն այդ ցուցմունքում չկա․․․

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։