Արդյունքները սարսափեցնող են, որոշ խախտումներ նույնիսկ անհավատալի․ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյան

Ավարտվեց ՀՀ Ազգային ժողովի Ներքին Աուդիտի անցկացման հերթական փուլը, որի ժամանակ ուսումնասիրվում էր մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանման 2017-2018թթ-ի աշխատանքները։ Իսկապես ստացված արդյունքները սարսափեցնող են, որոշ խախտումներ նույնիսկ անհավատալի, այդ պատճառով որոշեցի այն ներկայացնել հանրությանը։ Ընտրանքային (այսինքն ոչ բոլոր փաստաթղթերի) ուսումնասիրության արդյունքում արձանագրվեց օրենքների, աշխատանքային կարգերի պահանջների խախտման, թերացումների և տարատեսակ այլ սխալների մոտ 763 դեպք 2 տարվա կտրվածքով։

Ցավոք, տեղեկատվության գաղտնիության սկզբունքից և ՀՀ օրենսդրությանը համապատասխան աշխատելու հրամայականից ելնելով՝ չեմ կարող հրապարակել այդ ինֆորմացիան: Միայն կփաստեմ, որ ի թիվս հարյուրավոր խախտումների, արձանագրվել են.

  • հետին ամսաթվով ընդունված մի շարք կարգադրություններ և որոշումներ,
  • կարգադրությունների գրքերից հերթական տողերը չլրացրած և բացակայող ՀՀ ԱԺ նախագահի կարգադրություններ,
  • հրամանագրքերից հերթական տողերը չլրացված և բացակայող Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հրամաններ,
  • բացահայտվել է մրցութային փաթեթի կորստյան դեպք,
  • ուսումնասիրված մրցութային փաթեթներում արձանագրվել են տարատեսակ խախտումներ,
  • ուսումնասիրված անձնական գործերից բացակայում են որոշ փաստաթղեր,
  • մրցույթի հայտարարության, փաստաթղթերի մեջ նշված ժամկետների խախտման հետ կապված խնդիրներ,
  • թղթերի կույտ հիշեցնող մրցութային փաթեթների առկայություն,
  • պաշտոնում նշանակման հետ միաժամանակ դասային աստիճանի շնորհման խախտման դեպքեր,
  • ոչ աշխատանքային օրով կազմված մի շարք կարգադրություններ և որոշումներ,
  • ուսումնասիրված անձնական գործերում առկա, սակայն տարատեսակ խնդիրներով փաստաթղթեր,
  • փորձաշրջանի ավարտից հետո եռօրյա ժամկետում դասային աստիճանի շնորհման խախտման դեպքեր,
  • Վերապատրաստման գործընթացն ըստ կարգի (ՆՈ-025-Ն) իրականացման թերություններ,
  • Ոչ ամբողջական ատեստավորման փաստաթղթեր, փաթեթներ, ավելի շուտ թղթերի կույտ հիշեցնող փաթեթներ,
  • Մատիտով նշված կարգադրությունների և հրամանների համարներ
  • Դասային աստիճան պետք է շնորհվեր, չի շնորհվել

Այս շարքը կարելի է շատ երկար թվել:

Հ Գ Խախտումների այսպիսի ծավալներ տեսնելով՝ հարց է առաջանում․ հասկացանք կառավարման գիտելիքների, հմտությունների բացակայություն, թերևս հասկանալի է նաև մարդկային ռեսուրսների կառավարման կարողությունների բացակայություն, կարելի է ընդունել նաև ներքին աուդիտի մասնագիտական թերացում, բայց իրավական գիտելիքներ ունեցող մասնագետներ էլ չե՞ն եղել աշխատակազմում։ Չեմ կարողանում խելքին մոտ պարզաբանում տալ այս վիճակին:

Ի դեպ, վերոնշյալ դեպքերի մեջ ներառված չեն այն դեպքերը, որոնք առևերևույթ քրեական տարրեր կարող են պարունակել։

Ներկայումս ընթացքում է գնումների գործընթացի ներքին աուդիտը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի ֆեյսբուքյան էջից

✅Ավարտվեց ՀՀ Ազգային Ժողովի Ներքին Աուդիտի անցկացման հերթական փուլը, որի ժամանակ ուսումնասիրվում էր մարդկային…

Опубликовано Tigran Galstyan Вторник, 14 января 2020 г.