«Ինձ հետապնդում է այդ հոտը». 30 տարի է անցել Բաքվում հայկական ջարդերից (մաս 3)

Gazeta.ru-ի անդրադարձը  30 տարի առաջ Բաքվում ադրբեջանցի արմատականների իրականացրած հայկական ջարդերին

Սկիզբը՝ այստեղ

Ինչու էր ոստիկանությունն անգործության մատնված

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, որի ընտանիքը ջարդերի պատճառով ստիպված է եղել լքել Բաքուն, կասկած չունի, որ բնակարանների վրա գրոհները հստակ պլանավորված էին:

«Եթե, ասենք, փոքր բնակավայրում բոլորը տեղյակ են, որ այստեղ հրեական ընտանիք է, այնտեղ հայ, մեկ այլ տեղ ադրբեջանցի ընտանիք․ հարձակվում են, հարվածում են, այրում և հեռանում։ Իսկ Բաքվի նման մեգապոլիսում ամբոխը պարզապես չէր կարող իրականացնել նման թիրախային գործողություններ: Դե պատկերացրեք. 16 հարկանի շենքում  ինչպես իմանաք, թե որտեղ են ապրում հայերը, որտեղ՝ ադրբեջանցիները, և որտեղ՝ հրեաները: Երբ խռովարարները նպատակաուղղված գնում են թաղամասից թաղամաս և բնակարանից բնակարան, դա նշանակում է, որ նրանց բնակչության վերաբերյալ ԲՇՏ-ից ցուցակներ են տրվել»,- եզրափակել է Կասպարովը:

Իրավապահ մարմինների անգործության մասին նշել է նույնիսկ Ազգային անկախություն կուսակցության ղեկավարներից մեկը՝ Էթիբար Մամեդովը: 1990-ին «Նոր կյանք» թերթի հինգերորդ համարում հրապարակվել է նրա մեկնաբանությունը.

«Ես անձամբ ականատես եղա, թե ինչպես են երկաթուղային կայարանի հարևանությամբ սպանել երկու հայի․ հավաքված ամբոխը բենզին լցրեց նրանց վրա և այրեց։ Իսկ դրանից երկու հարյուր մետր հեռավորության վրա էր գտնվում Նասիմինի շրջանի ոստիկանության բաժինը, որտեղ կային ներքին զորքերի մոտ 400-500 ծառայողներ։ Բաժնի աշխատակիցները մեքենայով անցան այրվող դիակներից 20 մետր հեռավորությամբ, և չփորձեցին անգամ միջամտել և ցրել ամբոխը»:

Ողջ մնացածները, զինվորականների պաշտպանության տակ լաստանավերով Կասպից ծովով տեղափոխվել են Թուրքմենստան: Գանուշկինայի հուշերի համաձայն՝ 40 հազար մարդ օդանավերով տեղափոխվել է Մոսկվա: Ինչպես երևում է Երևանի քաղաքային խորհրդի առողջապահության վարչության հավաստագրից, մինչև 1990 թվականի հունվարի 20-ը Բաքվից Հայաստանի քաղաքային և հանրապետական հաստատություններ ժամանել էին ավելի քան 500 տուժած: Նաև Երևանի կլինիկաներում բուժվել են Բաքվից արտաքսված 219 երեխաներ: Դրանից հետո, Բաքվի հայերը բնակություն են հաստատել Հայաստանում, Ռուսաստանում, Լեռնային Ղարաբաղում և Թուրքմենստանում:

«Չեմ կարող մոռանալ իրենց տներից վտարված և ծեծի ենթարկված մարդկանց, որոնք  «կյանքի ճանապարհն» անցել էին լաստանավով Կրասնովոդսկից դեպի Երևան, որոնք միայն մի փոքր մասն են, որ բախտ ունեցան դուրս պրծնել Բաքվի մսաղացից և հասնել հայրենի երկիր: Դժբախտաբար, նրանցից շատերը վերքերից մահացան արդեն Երևանում»,- իր տպավորություններն է պատմել բժիշկ Ինեսա Ավդալյանը:

«Չնայած Սումգայիթում և Բաքվում հայերի ջարդերը դատապարտվել են միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, այնուամենայնիվ, հարցն այդպես էլ իրավաբանական լուծում չի ստացել: Հետևաբար, մեր խնդիրն է միջազգային հանրությանը ծանոթացնել Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերի հետ կապված բոլոր փաստաթղթերին, որպեսզի կանխվեն ցեղասպանության քաղաքականությունը աշխարհի բոլոր ժողովուրդների համար՝ անկախ ազգային պատկանելությունից և դավանանքից»,- եզրափակել է 2013-ին հայ պատմաբան Գևորգ Մելքոնյանը: