«Ինձ հետապնդում է այդ հոտը». 30 տարի է անցել Բաքվում հայկական ջարդերից (մաս 2)

Gazeta.ru-ի անդրադարձը 30 տարի առաջ Բաքվում ադրբեջանցի արմատականների իրականացրած հայկական ջարդերին

Սկիզբը՝ այստեղ

 «Կանանց բռնաբարել և կրակն են նետել»

Հունվարի 13-ի ջարդերը զանգվածային բնույթ կրեցին: «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն առանց հայերի» կարգախոսներով հսկայական բազմություն էր հավաքվել Լենինի հրապարակում Համաժողովրդական ճակատի հավաքին: Երեկոյան մի խումբ արմատականներ անջատվեցին  ցուցարարներից: Նրանք բաժանվեցին խմբերի և սկսեցին գրոհները: Բացի հայերից՝ ապստամբները խոստանում էին քաղաքը մաքրել նաև «ռուս զավթիչներից»: Ինչպես այդ օրերին գրել էր «Իզվեստիան», ագրեսիային մասնակցել է մոտ 50 000 ադրբեջանցի:

Ատելությունը բորբոքվեց ոչ միայն հայերի, այլև Բաքվում ապրող «այլադավների»՝ ռուսների, հրեաների, հույների, վրացիների և խորհրդային բանակի զինվորների դեմ:

Լրագրող Թոմաս դը Վաալի խոսքով՝ Բաքուն միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել տարածաշրջանում. «Դա Կովկասի ամենամեծ քաղաքն էր, որը տասնյակ ազգությունների ներկայացուցիչներ համարում էին իրենց հայրենիքը: Ռուսերենը լայնորեն օգտագործվում էր որպես ազգամիջյան հաղորդակցության միջոց, տարածված էին խառնամուսնությունները: Միևնույն ժամանակ, էթնիկ խառնուրդը  Բաքվի  սոցիալական խաղաղությանը փխրունություն էր հաղորդում, որտեղ արդեն «թևածում էին» ազգամիջյան հակասություններ»:

Դը Վաալը կարծում է, որ Բաքվի ջարդերը չի կարելի տարանջատել սումգայիթյան զանգվածային կոտորածներից, որոնք «ջրբաժան դարձան ԽՍՀՄ-ի ճակատագրում»:

Նա նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ սկզբում խորհրդային իշխանությունները փորձեցին թաքցնել տեղի ունեցածի մասին տեղեկատվությունը: Սումգայիթի իրադարձությունների հետ կապված՝ խորհրդային ղեկավարության ամենամեծ սխալն այն էր, որ որևէ պաշտոնական հետաքննություն չանցկացվեց, ինչին ըստ էության, կոչ էին անում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերը: Եվ ամբողջական անտեղյակությունը կարող էր միայն վստահություն ստեղծել, որ ջարդերի կազմակերպիչները փաստորեն խուսափել են պատժից, եզրակացնում է դը Վաալը:

Բաքվի հայերի դեմ ուղղված հաշվեհարդարները իրենց դաժանությամբ հիշեցնում էին խորվաթական վայրագությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Մարդկանց փողոցում ծեծելով սպանում էին և վերին հարկերի պատշգամբներից ցած նետում:

«Շատ սպանություններ իրականացվել են առանձնահատուկ դաժանությամբ: Հունվարի 14-ին, 30-40 հոգանոց մի խումբ ներխուժել է Թորոսյան տարեց զույգի բնակարան, որտեղ գտնվում էին նաև նրանց երկու մեծահասակ հարազատները։ Հանցագործները ծեծել են բոլորին, վերցրել երեք ու կես հազար ռուբլի, այդ քաղաքացիներին և նրանց հարևան Հարությունովին բռնի կերպով դուրս են տարել քաղաքի սահմաններից, նրանց վրա բենզին լցրել և այրել»,- գրել է Կիրիլ Ստոլյարովը «Распад» («Փլուզում») գրքում:

Գանուշկինան «Gazeta.ru»-ին հաստատել է  կանանց ծաղրուծանակի ենթարկելու փաստերը, որը հետևել էր Բաքվում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ ավելի ուշ մանրամասնորեն զբաղվել է այս թեմայով:

«Ահա, թե ինչ պատմեցին. բոլորը  իրենց տներում նստած վախենում և դողում էին: Իսկ այդ ժամանակ քաղաքում մոլեգնում էր գազանացած ամբոխը:

Հետո այդ մարդիկ արդեն խոստովանեցին, որ իրենք չէին հասկանում, թե ինչու էին այդպես վարվում: Կանանց բռնաբարել են, կրակի մեջ են նետել: Մի կնոջ, որին ես հետագայում  հանդիպեցի և նրա մարմնի վրա տեսա վայրագությունների հետքերը, հազիվ է հաջողվել ձեղնահարկում թաքցնել դուստրերին: Մի քանի հոգի ներխուժել են իրենց տուն, նրան բռնաբարել են: Նա ինձ խոստովանեց, որ իր համար մեկ էր, միայն վախենում էր  աղջիկների համար: Գազաններն ծխախոտով այրել էին նրա մարմինը և, ի վերջո, միզել նրա վրա: Կինը ասում էր, որ այդ հոտը հետապնդում է իրեն, դա ամենուր է»,- նշել է իրավապաշտպանը:

Ահա Բաքվի բնակիչ, էթնիկ հայ Կարինա Վարդանովայի պատմությունը.

«Ես գիտեմ, որ սպանվածներից բացի, անհայտ կորած հայեր էլ կային: Նրանք, ովքեր հետագայում չեն գտնվել ոչ մահացածների, ոչ փրկվածների ցուցակներում: Ի՞նչ կարող եմ ասել, եթե ես իմ սեփական աչքերով եմ տեսել  հարևան տան մոտ կանգնած դիակներով բարձված բեռնատարը։ Նրանք խեղված կյանքեր էին… ովքե՞ր էին նրանք՝ չգիտեմ: Եվ ո՞ւր գնաց բեռնատարը, նույնպես չգիտեմ: Որտե՞ղ է նրանց գերեզմանը՝ անհայտ է»:

Այս կինը հիշեց, որ իր տուն ներխուժած երիտասարդները հատուկ նախանձախնդրությամբ պատռում էին տան գրադարանը՝ միևնույն ժամանակ ծեծելով ամուսնուն՝ Արսենին: Այնուհետև, նրանց ստրուկների պես կապելով, դուրս են բերել բակ՝ «պատիժն իրագործելու համար»:

«Մեր բախտը հավանաբար շատ է բերել, չնայած տվյալ դեպքում համեմատությունը տեղին չէ: Հանկարծ կից բնակարանից, որտեղ մեկ այլ դժբախտ հայ ընտանիք էր ապրում,  լսվեց նրանց «ուղեկիցների» մարտական բղավոցը: Տանջողները, թողնելով մեզ, շտապեցին նոր «սխրանքների»: Միևնույն ժամանակ, լինելով Բաքվի բնակիչ և  լավ իմանալով քաղաքի կենտրոնի գաղտնի անցուղիները, մենք կարողացանք անցնել մեկ այլ փողոց, այնուհետև մեկ այլ տարածք, որտեղ մի քանի օր թաքնվեցինք ծանոթ ռուս զույգի տանը: Չնայած նրանց տանը նույնպես ապահով չէր»,- եզրափակել է պատմողը:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն այդ օրերին հաղորդել էր, որ «Ադրբեջանում հայ լինելը նշանակում էր նախապես մահապատժի դատապարտված»:

Շարունակելի