Վտանգված է մեր պետության անվտանգությունը, թիրախավորված է ԱԱԾ-ն

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չմտավ երկրի վարչապետի իրական դերի մեջ, այդպես էլ դուրս չեկավ թեմայից թեմա, օրակարգից օրակարգ «ցատկոտող» էժանագին ընդդիմադիրի կերպարից։ Իսկ գուցե ինչ-որ ուժերի պե՞տք էր, որ ՀՀ վարչապետը հենց այդպիսին լիներ, և բերվեց Փաշինյանը՝ հե՛նց այդ դերը կատարելու համար։ Հետևեք նրա գործողություններին, հայտարարություններին  ու կհամոզվեք։

Խեղկատակություն․․․

Մտքի լարում պետք չէ նրա հայտարարություններում տրամաբանություն որոնելու համար, ոչ էլ պետք է լուրջ դեմքով վերլուծել Փաշինյանի «օրիգինալ» ու արտառոց հայտարարությունները, քանի որ դրանցում իրականում չկա տրամաբանություն։ Գուցե որպես հումոր՝ դրանք կարելի է արժեքավոր համարել (չգիտեմ, գնահատականը թողնենք ժանրի մասնագետներին), բայց երկիր կառավարելը շոու սցենար գրել չէ, ռազմավարություն մշակելը  ընդդիմադիրի պարզունակ ելույթ գրել չէ,  երկիր կառավարելը հումորային հաղորդում վարել չէ։

Պետք չէ երկիր կառավարելու հարցում անկարողությունը ֆեյքերի էժանագին  գրոհներով ծածկել ու ֆեյքակռվի համար մի ամբողջ կենտրոն պահել՝ այն էլ պետական փողերով ֆինանսավորվող։

Լեգիտիմությունդ պետք չէ ժողովրդի աչքը կոխել ու երկրի ներսում լարումներ ստեղծել, դավադիրներ փնտրել ու այդպես էլ չգտնել,  հասարակությունը պառակտել ու   բաժան-բաժան անել։

Այս ամենն այդքան վախեցնող չէր լինի, եթե մեր երկիրը չգտնվեր եռացող տարածաշրջանում,   եթե չունենայինք չլուծված հակամարտություն, եթե չլինեինք երեք կողմերից շրջափակված, եթե չունենայինք ամեն օր մեր տեսակի դեմ պայքարող, Հայաստանն իրենց քարտեզներում ջնջած, մեր բնիկության դեմ կռիվ տվող, մեր մշակույթն ամեն օր մեզնից  գողացող,  պատմությունը կեղծող ու դրա համար միլիոնավոր գումարներ ծախսող թշնամի-հարևան․․․ «եթե»-ները շատ են․․․

Այսօր վտանգված է մեր պետության անվտանգությունը, թիրախավորված է այդ անվտանգությունը պահպանող կարևորագույն կառույցը՝ ԱԱԾ-ն։ Առաջին իսկ օրից ԱԱԾ-ը հայտնվեց փաշինյանական իշխանության  հարվածների տակ, սկսվեց կառույցի ոչնչացման, հեղինակազրկման գործընթացը։  Ու դրա համար տարբեր մեթոդներ սկսեցին կիրառվել։

Դրանցից մեկն էլ այն է, որ վարչապետը ԱԱԾ-ին սկսեց տալ այդ կառույցի գործառույթների հետ կապ չունեցող էժանագին հանձնարարականներ։ Ամիսներ առաջ անվտանգության աշխատակիցներն ուղարկվեցին ուսումնասիրելու ՍԴ նախագահ  Հրայր Թովմասյանի հայրական տան տանիքը և որոշելու դրա կառուցման վրա ծախսված գումարի չափը։

ԱԱԾ-ն վարկաբեկելուն միտված մի քայլ էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին տրված հանձնարարականը, թե գնացեք, պարզեք որոշ շրջանակների ու Սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները: Սա ոմանք կատակ համարեցին, սակայն ամեևին կատակ չէր, այլ  իրականություն:

Օրերս էլ վարչապետի   քորազչամեքենան՝ «Հայկական ժամանակը», հարցում էր ուղարկել ԱԱԾ-ին, թե կատարվե՞լ է վարչապետի հանձնարարականը՝  սատանան հայտնաբերվե՞լ է։ Լրագրողները լավ գիտեն, թե որքան դժվար է ԱԱԾ-ից այս կամ այն հարցի հետ կապված տեղեկատվություն ստանալը, բայց վարչապետի   քարոզչամեքենայի ուղղած այս անլուրջ հարցին ԱԱԾ-ն  պատրաստակամորեն պատասխանել էր, թե օպերատիվ–հետախուզական միջոցառումներ են իրականացնում, փնտրում են, բայց դեռ չեն հայտնաբերել սատանային և  սատանայի հետ որոշ շրջանակների համագործակցության մասին որևէ տեղեկատվություն չկա։ Սա կատակ չէ, սա ֆեյք գրառում կամ կեղծ լրատվություն չէ, սա Նիկոլի Հայաստանի զավեշտալի ու տխուր իրականությունն է։

ԱԱԾ-ն թիրախավորողները իշխանության մեջ տեր ու տնօրեն դարձած  սորոսականներն են և նրանց սերտաճած այլասերվածների պաշտպանները։ Սրանք մեկ տարի առաջ ֆբ գրառումներում անգամ չէին թաքցնում իրենց նպատակը՝ լուծարել  ԱԱԾ-ն՝ այն համարելով ՀՀ-ի համար ոչ պիտանի կառույց։ Իսկ օրերս Նարեկ Մալյանը իր հարցազրույցներից մեկում այսպիսի տեղեկատվություն տարածեց, որ 2019-ի նոյեմբերի 24-ին Աղվերանի «Արթուրս Ռիզորթ» հյուրանոցում  սորոսականներն անցկացրել են  գաղտնի հավաք, որտեղ որոշում է կայացվել թիրախի տակ վերցնել Ազգային անվտանգության ծառայությունը։

Ի դեպ, սորոսականների կողմից ԱԱԾ-ն ուղղորդելու մասին փաստող հերթական տեղեկատվությունը Ամանորին դարձյալ շրջանառեց Նարեկ Մալյանը։ Նա արեց հետաքրքիր բացահայտում՝ կապ տեսնելով «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի և ԱԱԾ-ի տարածած պաշտոնական տեսանյութի միջև։ Ուշադրություն հրավիրեց հետևյալ հանգամանքի վրա․ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ լսվում է ԱԱԾ-ի տարածած պաշտոնական տեսանյութի հեղինակի ձայնը։ «Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ԱԱԾ-ի պաշտոնական այդ տեսանյութի ու Սորոսի փողերով Դանիել Իոաննիսյանի նկարած տեսանյութի մեջ խոսում է նույն մարդը, նույն ձայնն է լսվում, հետևաբար՝ կա՛մ ԱԱԾ-ն է Իոաննիսյանի համար ֆիլմեր նկարում, կա՛մ հակառակը՝ ԱԱԾ-ն սորոսականներից ստացել է պատրաստի տեսանյութ այդ ֆեյքի ձերբակալման մասին»,- այսպիսի եզրահանգման եկավ Նարեկ Մալյանը։

ԱԱԾ-ի նկատմամբ անլուրջ վերաբերմունքի, արհամարհանքի մի ձև էլ այն է, որ վարչապետն արդեն մի քանի ամիս է՝ չի նշանակում ԱԱԾ տնօրեն։ Կառույցի աշխատանքը ղեկավարվում է ԺՊ-ի (իմա՝ ժամանակավոր պաշտոնակատար) մակարդակով։

Այս անլուրջ վերաբերմունքը վերստին հաստատում է այն, որ ԱԱԾ-ի դեմ մի ամբողջ ցանց է գործում՝ և՛ դրսից, և՛ ներսից։  5–րդ շարասյունը՝ օտարի գործակալական ցանցը, բացահայտ հարձակման է անցել մեր երկրի դեմ։ Բայց հարց է առաջանում, եթե դրսի գործը մեր երկիրը թուլացնելն է, ապա ինչպես հասկանալ, որ նույն  գործելաոճն է  որդեգրել նաև վարչապետը՝ իր հերթին հեղինակազրկելով ԱԱԾ-ն։

Հայաստանը վերածվել է թմրանյութերի տարանցիկ երկրի, լուրջ խնդիր կա ամերիկյան լաբորատորիաների հետ կապված, արդյո՞ք  ԱՄՆ-ը այդ լաբորատորիաների միջոցով  փորձարկումներ չի անում հայերիս վրա՝ մեզ ճագարների տեղ դրած։ Սրա հետ մեկտեղ Հայաստանում, կարելի է ասել, ծաղկել է մարդու օրգանների վաճառքի սարսափելի բիզնեսը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, դրա հետ է կապված նաև ՀՀ քաղաքացիների հաճախակի դարձած կորչելու մասին լուրերը։  Մեկ այլ լուրջ վտանգ է հողերի վաճառքը․ կան կառույցներ, որոնց կանոնադրության մեջ հստակ գրված է՝ ամբողջ գույքը պատկանում է ԱՄՆ-ին։ Այդ կառույցներից մեկը Հայ ավետարանական եկեղեցին է․․․ Պետության համար նման կարևոր հարցերով զբաղվելու փոխարեն ԱԱԾ-ն  վարչապետի հրահանգով զբաղված է անլուրջ գործերով։

Երկրում տեղի ունեցողը թույլ է տալիս մեզ ասել, որ ՀՀ անվտանգությունը վտանգված է, մենք այսօր խնդիր ունենք պաշտպանելու պետականության հենասյունը։ Հետևաբար, այն ուժերը և  անձինք, որոնք սա գիտակցում ու  լռում են՝ նաև նրանց վրա է ընկնում Հայաստանի ապագայի պատասխանատվությունը։

Արմինե Սիմոնյան